Վրացական պետհամարանիշով մեքենաների մաքսատուրքի մի մասը կփոխհատուցվի. սահմանվել է վերջնաժամկետ
Կառավարությունը երրորդ երկրներից Հայաստան անձնական օգտագործման ավտոմեքենաների ներմուծման համար առաջարկում է նախատեսել փոխհատուցման հնարավորություն։
«Միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 40% չափով՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածակագրին դասվող մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով,
Միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 70% չափով՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածակագրին դասվող 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով։
Մինչև 5 տարեկան ավտոմեքենաների գծով փոխհատուցվող գումարը կարող է կազմել 3,1 մլրդ․ դրամ, իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների մասով՝ շուրջ 25,6 մլրդ․ դրամ։ Արդյունքում, նշված ավտոմեքենաները Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից ձևակերպում ստանալու և փոխհատուցում կատարելու դեպքում պետբյուջերի զուտ եկամուտը կարող է կազմել շուրջ 15,6 մլրդ․ դրամ»,- նշված է որոշման հիմնավորումներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս թեմայի հետ առնչվել են այն բանից հետո, երբ տեսել են, որ երկրում մեծ տեմպերով աճում են վրացական պետհամարնիշերով մեքենաները․ «Կարծում ենք՝ այս իրավիճակն այսպես շարունակել չի կարելի»,- նշել է նա։
Ըստ Փաշինյանի՝ Վրաստանում մեքենաների մաքսատուրքերն ավելի քիչ են, քան Հայաստանում, այդ իսկ պատճառով քաղաքացիները նախընտրում են վրացական պետհամարանիշներով մեքենաներ բերել. «Մենք կարող էինք մաքսատուրքերն իջեցնելու ճանապարհով գնալ, բայց խնդիրն այն է, որ սա ԵԱՏՄ կարգավորում է, և Հայաստանը չի կարող միակողմանիորեն լուծել այդ խնդիրը»,- ասել է նա՝ հավելելով, որ կդիտարկեն այդ հարցը ԵԱՏՄ-ում քննարկելու հնարավորությունը. «Երկար ժամանակ, ԵԱՏՄ կարգավորումների համաձայն, Հայաստանն արտոնություններ ուներ ավտոմեքենաների ներմուծման ժամանակ։ 2019–2020թթ. մեքենաների ներմուծման բում էր եղել։ Հիմա մենք առաջարկում ենք հետևյալ կարգավորումը՝ ովքեր ներմուծել են արդեն, իրենց աջակցության ծրագիր ենք իրականացնում․ վճարվող մաքսատուրքի մի մասի հետվճար կանենք»,- ասել է նա։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց, որ այս արտոնությունից օգտվելը լինելու է 30-օրյա ժամկետում. «Ով մինչև դեկտեմբերի 31-ը այս հնարավորությունից օգտվեց, կկարողանա մաքսազերծել՝ օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխան և ստանալ աջակցությունը։ Ով մինչև դեկտեմբերի 31–ը չօգտվեց հնարավորությունից, երբ կգա իր համար նախատեսված ժամկետի ավարտը, հնարավորություն չեն ունենա կառավարության աջակցությամբ նվազեցված արժեքով մաքսազերծել»։