Քննադատակա՞ն, թե՞ քծնողական մտածողություն

Մի քանի անգամ նշել եմ, որ Հ1-ի հաղորդումները հատուկ չեմ նայում, որ ջղերս ավելորդ տեղը չքայքայեմ։ Բայց հետևելով տարբեր հոդվածներին, գրառումներին, որոշեցի ևս մեկ անգամ խախտել ինքս ինձ տված խոստումը և լսել  Պետրոս Ղազարյան-Տիգրան Հակոբյան-Սմբատ Հովհաննիսյան եռախոսությունը։ Եռախոսությունը նվիրված էր 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին։ Եռախոսությունը բանավեճ չէր, այլ միակողմանի, այո՛, քծնանք Հայաստանի վարչապետ կոչեցյալին։ Այդ եռախոսության ժամանակ չկար որևէ հարց, որ մասնակիցներից գոնե մեկը թեկուզ չնչին, մյուսներից տարբերվող այլ կարծիք ունենար։ Այն ոչ տեսականորեն, ոչ գործնականում հնարավոր չէր, քանի որ հաղորդման մասնակիցներից ոչ մեկը երբեք սեփական կարծիք չի ունեցել, այլ կախված ժամանակից, օրվա իշխանությունից, հարմարվել են՝ հանուն սեփական շահի։

Սկսենք Տիգրան Հակոբյանից։ Իրեն առաջադեմ համարող, հաղորդման ժամանակ ԽՍՀՄ բարքերն ու Ռուսաստանին խստորեն քննադատող Տիգրան Հակոբյանը նույն՝ ԽՍՀՄ տարիներին եղել է «Կոմունիստ» թերթի բաժնի վարիչ։ Բնականաբար, անհնար էր լինելԿոմկուսի խոսափող   թերթի բաժնի վարիչ, առանց Կոմկուսի անդամ լինելու։ Այնուհետև Հայաստանի պատմության գիտակ սույն լրագրողը ժամանակին կողմնորոշվեց՝ դառնալով «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր խմբագիր։ Եվ ինչպես նա հավատում էր մարքս-լենինյան գաղափարախոսությանը, ԽՍՀՄ ժողովուրդների անխախտ բարեկամությանը, ինչպես նաև հայ-ռուսական «հավերժ միասին» կարգախոսին, այնպես էլ կարճ ժամանակում դարձավ  թունդ անկախական՝ դառնալով ՀՀՇ-ի խոսափող «Հայք» թերթի գլխավոր խմբագիր, այնուհետև՝ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ։ Լինելով  Լևոն Տեր-Պետրոսյանի թունդ երկրպագուն, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նա հարմարվեց Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը և մնաց պաշտոնին։

1999թ․ հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո, մտածելով, որ նոր իշխանափոխությունն անխուսափելի է, նա իր աշխատասենյակ հրավիրեց Հ1-ի փոխտնօրեն Հարություն Հարությունյանին՝ նրան հանձնելով  դատախազությանը։ Նրա այս քայլը ցույց է տալիս նրա բարոյական նկարագիրը։ Հետագայում Տիգրան Հակոբյանը դատապարտվեց ինչ-որ խարդախության և կոռուպցիոն գործարքների համար։ Այնուհետև հաճոյանալով Սերժ Սարգսյանին՝ 2016թ․ նշանակվեց Հեռուստատեսության և Ռադիոյի   հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ։ Այնպես որ, բոլորովին պատահական չէր նրա նշանակումը նույն հանձնաժողովի նախագահ, արդեն 2019թ․, քանի որ հենց Տիգրան Հակոբյանի նման մարդիկ են վարչապետ կոչեցյալի հավատարիմ հենարանները։ Կատարելով վարչապետ կոչեցյալի պատվերը, սույն անաչառ լրագրողը ՀՌԱՀ-ի «մրցույթում»  եթերից զրկում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը և եթեր տրամադրում իշխանությունների սիրելի, խաղամոլություն գովազդող «Վիվառոյին»։ Տիգրան Հակոբյանն  ինքնավստահ, որպես հայոց պատմության հմուտ գիտակ, իր խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար, հաճախ գործածում էր մոդայիկ «նարատիվ», «մանիպուլյացիա» բառերը։ Բայց բացի այդ բառերից, ահա նրա բառապաշարը՝ «դիալոգ, խոսացել ենք, Դավիթ Սասունցի, հիստերիկայի մեջ ա մտել, թազա»։ Նման բառապաշար ունեցողը անհնար է, որ ծանոթ լինի հայոց պատմությանը։

Անցնենք Պետրոս Ղազարյանին։ Որպես հաղորդավար՝ Պետրոս Ղազարյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ  Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունից։ Կախված այն բանից, թե տվյալ ժամանակաշրջանում ինչպիսի քաղաքական դիրքորոշում ուներ Գագիկ Ծառուկյանը, ըստ այդմ հարմարվում, համապատասխան հաղորդում էր պատրաստում Պետրոս Ղազարյանը։ Նրա կազմակերպած քննարկումներին, երբ քննադատական խոսք էր հնչում Գագիկ Ծառուկյանի հասցեին, Պետրոս Ղազարյանը մոնտաժման ժամանակ այն հեռացնում էր։ Հիշում եմ, հատկապես 2004թ․ ապրիլի 12-ից հետո, նա ինձ հրավիրեց իր հեղինակային «Ուրվագիծ» հաղորդմանը և ամեն կերպ փորձում էր ինձ նեղը գցել, քծնելով այն ժամանակ իշխանության ներկայացուցիչ, այժմ՝ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին, արդարացնելով  ընդդիմության ծեծուջարդը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մի հանդիպմանը Պետրոս Ղազարյանը հպատակի պես խոնարհվում է նրա առաջ՝ պատրաստ ձեռքը համբուրելու։ 2018թ. Պետրոս Ղազարյանը «Բարգավաճ Հայաստանի» ցուցակում էր, որպես Երևանի ավագանու թեկնածու։

Կարդացեք նաև

Եվ ահա, դառնալով Հ1-ի հիմնական հաղորդավար-զրուցավար,Պետրոս Ղազարյանը աչքերը լայն բացած, դեմքի անմեղ արտահայտությամբ, փրփուրը բերանին քննադատում ու դատափետում է «նախկիններին»։ 2020 թվականին, երբ մեղադրանք առաջադրվեց Գագիկ Ծառուկյանին, Պետրոս Ղազարյանն արդեն ոչ միայն չէր մոնտաժում ընդդեմ Գագիկ Ծառուկյանի ուղղված խոսքերը, այլև ինքն անձամբ էր դրանք հրահրում։ Ինչպես Տիգրան Հակոբյանը, Պետրոս Ղազարյանը նույնպես իրեն համարում է հայոց պատմության գիտակ։ Նշենք, որ Պետրոս Ղազարյանը ԿԳՄՍ նախարարուհու ամուսինն է, և նա ընդամենն ընտանեկան բիզնեսի անխոնջ պաշտպան է, ուրիշ ոչինչ։ Եվ, ինչպես Տիգրան Հակոբյանը, Պետրոս Ղազարյանը նույնպես այն գործիչներից է, որոնք զուրկ են սկզբունքներից, արժանապատվության զգացումից։

Եռյակից անծանոթը պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն էր։ Բացառվում է, որ մեր օրերում, անաչառ մրցույթի արդյունքում, հաղթեր և դասագրքի հեղինակ դառնար Սմբատ Հովհաննիսյանը։ Պարզ չի՞ , որ նա «ընտրվել» է կատարելու այն հանձնարարականները, որոնք բլթացնում է վարչապետ կոչեցյալը՝ Արարատի, Հայաստանի օրհներգի, զինանշանի  մասին և այլ հակաազգային, ադրբեջանահաճո «մտքեր»։ Եվ ինչպես Պետրոս Ղազարյանի դեպքում, Սմբատ Հովհաննիսյանը նույնպես զբաղվում է ընտանեկան բիզնեսով՝ դասագրքի անաչառ խմբագիրը նրա կինն է։

Մի քանի նկատառում՝ բուն եռախոսության մասին։

Պարզվում է, դասագրքում  ներկայացվում է հայերի եկվորության մասին հնացած տեսությունը։

Արդեն շատ վաղուց, աշխարհի բոլոր լուրջ  գիտնականները հնդեվրոպացիների նախահայրենիքը համարում են հայկական լեռնաշխարհը։ Միայն այդտեղ էր հնարավոր, որ հնդեվրոպական մայր լեզուն շփվեր և փոխառություններ վերցներ շումերերենից։ Ուրարտուն չհամարելով Հայաստան, Սմբատ Հովհաննիսյանը ջուր է լցնում թուրք-ադրբեջանական ջրաղացին։ Այո՛, հենց թուրքերն են իրենց համարում ուրարտացիների ժառանգներ։ Այսպիսով, եթե թուրքերն ու ադրբեջանցիները կեղծում են պատմությունը հանուն իրենց շահերի, մենք հակառակը՝ կեղծում ենք պատմությունը, ի վնաս մեզ և հօգուտ մեր թշնամիների։

Ինչ վերաբերում է դասագրքում բերված Տիգրան Մեծի ժամանակի քարտեզին։ Աշխարհի որևէ երկրի պատմության դասագրքում չեք տեսնի որևէ  ժամանակաշրջանի քարտեզ, օրինակ,  7-րդ դարի, այսօրվա պետությունների սահմաններով և անվանումներով։ Տիգրան Մեծի ժամանակաշրջանի քարտեզում Թուրքիան, Ադրբեջանը չպետք է լինեին, այլ  Հռոմը, Պարթևական թագավորությունը (Պարսկաստան, Իրան), Պոնտոսի թագավորությունը և այն տարիների մյուս երկրները։ Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, ապա գոյություն ունի նորագույն պատմության դասագիրք, որում  ներկայացված քարտեզում այդ երկրների առկայությունը վեճի առարկա չէր դառնա։ Այնպես որ, այս սարքովի քարտեզի քննադատությունը ոչ մի կապ չունի բանախոսների կողմից անվերջ ծաղրի ենթարկվող «հայրենասիրություն» բառի հետ։ Սա ընդամենը հերթական խոնարհումն ու քծնանքն  է թուրքերին և ադրբեջանցիներին։

Դասագրքում տեղ գտած այս անհեթեթությունները հեղինակ Սմբատ Հովհանիսյանը բացատրում է՝ որպես դպրոցականների  մեջ  քննադատական մտածողություն զարգացնելու միջոց։ Քննադատակա՞ն, թե՞ քծնողական մտածողություն․․․

Հաղորդման մասնակիցների քննադատության  հիմնական թիրախը հանդիսանում է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ): ՀՅԴ-ն մեղադրվում է հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ։ Պարզվում է, որ 1915թ․ ցեղասպանության հիմնական պատասխանատուն ՀՅԴ-ն է։ Իսկ ի՞նչ կասեք 1894-96թթ, համիդյան, 2009թ․ Ադանայի կոտորածների մասին, կամ, որ նույն 1915թ․ կոտորվեցին նաև ասորիներն ու եզդիները։

Սա կարելի է բնութագրել՝ որպես պատվերով՝  թուրքերին   հրապարակային քծնանք։ Ըստ բանախոսների, 1921թ․ փետրվարյան ապստամբությունը նույնպես կազմակերպեց ՀՅԴ-ն, որի պատճառով կորցրեցինք Նախիջևանն ու Արցախը։ Փետրվարյան ապստամբությունը բռնկվել է ինքնաբուխ, որպես ըմբոստություն բոլշևիկյան աննախադեպ բռնությունների դեմ։ Միայն Երևանի բանտում կացնահարված էին տասնյակ մարդիկ։ Այդ հետո ՀՅԴ-ն, որպես միակ կազմակերպված քաղաքական ուժ, ստանձնեց ապստամբության ղեկավարությունը։ Ի դեպ, փետրվարյան ապստամբությունից հետո դադարեցվեցին բռնությունները, Հայաստան գործուղվեց Ալեքսանդր Մյասնիկյանը, և սկսվեց Խորհրդային Հայաստանի մշակութային զարգացումը։ Նախիջևանի և Արցախի հարցերը տարբեր են։ Նախիջևանի հարցը ռուս-թուրքական պայմանավորվածությունն էր։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա հայտնի է, որ Կավբյուրոյի երկու որոշումներով Արցախը միացվեց Հայաստանին։ Այս որոշումների դեմ ընդվզեցին ադրբեջանցի բոլշևիկները։ Իսկ ինչպե՞ս իրենց պահեցին հայ բոլշևիկներ Կարախանը, մյուսները, ցավոք, նաև Ալեքսանդր Մյասնիկյանը։ Նրանք, հանուն Ադրբեջանի հետ եղբայրության և խաղաղության, հրաժարվեցին Արցախից։ Ծանոթ պատմություն է, այնպես չէ՞, պարոնայք մեր ժամանակի կարախաններ՝ Տիգրան, Պետրոս, Սմբատ։

Արցախի անկման մեղավոր նշանակվեց Ռուսաստանը, քանի որ զենք էր վաճառում Ադրբեջանին։ Բնականաբար, չկար ընդդիմախոս, որ ներկայացներ այլ տեսակետ, թե ինչպես քայլ առ քայլ, հետևողականորեն 2018թ․ տարվեց ընդգծված հակառուսական քաղաքականություն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուց սկսած և չվերջացրած նույն Հ1-ի եթեր հրավիրած, հայերին արհամարհանքով «խաչիկներ» անվանած՝ Ռուսաստանի նախագահի թիվ մեկ թշնամի Ալեքսեյ Նավալնիով։

Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը Ռուսաստանից զենք էր գնում գործարանային գներով։ Իսկ հզոր Իսկանդեր հրթիռներ Ռուսաստանը հատկացրել էր միայն Հայաստանին։

Բանախոսները ողջ հաղորդման ընթացքում ծաղրում էին հայրենասիրությունը և վիճելի համարում դավաճանություն հասկացողությունը։ Հիշեցի «Գող՝ սիրտը դող» ասացվածքը։ Որպես վիճելի պատմական հարց՝ բերվում էր Վասակ Սյունու և Վարդան Մամիկոնյանի օրինակը։ Հանուն ճշմարտության ասեմ, որ սա միակ թեման էր, որ կարելի էր համաձայնվել բանախոսների հետ։ Բայց հայոց պատմությանը հայտնի են այլ, իրական դավաճաններ՝ Վեստ Սարգիս  և այլք։ Բայց այս քննարկմանը որպես դավաճանի օրինակ՝ սազում է Արմենակ Ղարագյոզյանը

Ահա թե ինչ է գրում 1919թ․ ադրբեջանցի գործիչ Ասադ Կարաևը․ «Մոտ օրերս Գորիս կժամանի Արմենակ Ղարագյոզյանը: Նա ուշանում է փողի պատճառով։ Մինչև չստանա 22 միլիոն ռուբլի, չի մեկնի… Հարստանալու լավ ժամանակ է, ինչո՞ւ չօգտվի դրանից: Նա խոստանում է 7 օրվա ընթացքում Զանգեզուրը միացնել Ադրբեջանին: Չենք կասկածում, որ շուտով մեզ կուրախացնեք Ղափանը Ադրբեջանին միացնելու լուրով։ Եթե չունեք ուժ, ապա ունեք փող: Ինչո՞ւ եք ուշացնում այդ ապստամբած շրջանի միացումը Ադրբեջանին` արդարանալով մի ինչ-որ Աժդահ (Նժդեհին նկատի ունի.- Է.Մ.) փաշայի գոյությամբ: Ձեռք առեք օրհնված միջոցներ: Այն ո՞ր հային երեք միլիոն ռուբլի տաս, որ չբերի այդ մարդու (Նժդեհի) գլուխը: Եթե փողի կարիք ունեք՝ հեռագրեք, կուղարկենք… Ողջույնով Ասադ Կարաև»։ Այն ժամանակ Սյունիքի համար՝ 22 միլիոն ռուբլի, մեր օրերում, Արցախի համար՝ 5 միլիարդ դոլար։ Բայց այն ժամանակ ունեինք Նժդեհ, իսկ հիմա՞․․․

Ամենայն հավանականությամբ, ըստ բանախոսների՝ վիճելի է, թե իրականում ո՞վ է դավաճանը՝ Արմենակ Ղարագյոզյա՞նը, թե՞ Գարեգին Նժդեհը։ Չէ՞ որ բանախոսների համար ծաղրի առարկա է Նժդեհի հայրենասիրությունը, և ինչպես Պետրոս Ղազարյանի տիկին, ԿԳՄՍ նախարարուհին է համարում, հավանաբար նրանք նույնպես, որ Նժդեհը Ֆաշիստ է։

Ի՞նչ կասեք, մերօրյա արմենակղարագյոզյաններ՝ պարոնայք Տիգրան, Պետրոս և Սմբատ։

ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս