Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր են ստորագրել
Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է հավաքական արձագանք պակտի մասնակից երկրներից որևէ մեկի վրա հարձակման դեպքում, հայտնում է The National-ը՝ հղում անելով կողմերի հայտարարությանը։
«Մեքքայում կնքված պաշտպանական համաձայնագիրն ուղղված է հավաքական անվտանգության ամրապնդմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Համաձայնագիրը նախատեսում է, որ կողմերից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում միանգամից բոլոր երեքի վրա:
Փաստաթուղթը ստորագրել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
«Համաձայնագիրն արտացոլում է երեք պետությունների հանձնառությունը՝ հետագայում ամրապնդելու իրենց հավաքական անվտանգությունը, ինչպես նաև խթանելու խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում և դրանից դուրս՝ հանուն ապահով ու բարգավաճ ապագայի»,-նշվում է հայտարարության մեջ։
Իսլամաբադն ու Էր-Ռիադը վաղուց են պահպանում տնտեսական և պաշտպանական հարաբերություններ։
Մասնավորապես, 2025 թվականի սեպտեմբերին Պակիստանի վարչապետը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ստորագրել էին ռազմավարական պաշտպանական համաձայնագիր, որի համաձայն թագավորությանը կարող է հասանելիություն տրվել պակիստանյան միջուկային զենքին։ Բացի այդ, Պակիստանի ԱԳՆ-ն ավելի վաղ զգուշացրել էր հուսիներին, որ պակիստանյան դրոշի ներքո նավարկող նավի վրա ցանկացած հարձակում կդիտարկվի որպես երկրի ազգային անվտանգության սպառնալիք։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը

