1950-ականների Երևանը՝ ամերիկյան հետախուզության ուշադրության կենտրոնում
1952 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը կազմում է մի փաստաթուղթ, որում ներկայացնում է Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանի 15-ամյա շինարարական պլանը:
Փաստաթղթում նշվում է, որ գաղտնի փաստաթղթի համար հիմք են հանդիսացել հետախուզական տվյալները, արտասահմանյան փաստաթղթերը, ինչպես նաև մամուլում և ռադիոհաղորդումներում նշված տեղեկությունները: Փաստաթուղթը գաղտնազերծվել և թողարկվել է միայն 2011 թվականի սեպտեմբերի 30-ին:

ԱՄՆ ԿՀՎ-ն մանրամասն ներկայացնում է 1951 թվականին Երևանի կարգավիճակը, ընթացող շինարարությունը, ինչպես նաև ապագայի քաղաքային ծրագրերը, որոնք զարգացնելու և ընդարձակելու էին Երևանը.

«1951 թվականի ընթացքում Երևանում ընդլայնվել են արդյունաբերական և բնակելի շինարարական աշխատանքները: Երևանի կոնյակի գործարանի 1951 թվականի շինարարական ծրագիրը կատարվել է, և գործարանի հիմնական մասն արդեն շահագործման մեջ է։
Ավարտվել է տարեկան 50,000 լիտր արտադրողականությամբ գարեջրի գործարանի շինարարությունը։ Ավելի քան 1,500,000 ռուբլի ներդրվել է Երևանի հրուշակեղենի-մակարոնի գործարանի շինարարության մեջ՝ 1951 թվականին հրուշակեղենի արտադրանքը 1500 տոննայով ավելացնելու նպատակով։ Տարեկան 3000 տոննա արտադրողականությամբ մարգարինի գործարանը դեռևս գտնվում է շինարարության փուլում։
1951 թվականին Երևանում ավարտվել է 27,300 քառակուսի մետր բնակելի տարածքի և հինգ նոր դպրոցի շինարարությունը։ Շինարարական միավորների հաշվով, Երևանի կապիտալ շինարարության 1951 թվականի ծրագիրը կատարվել է 88.7 տոկոսով, իսկ բնակելի շինարարության ծրագիրը՝ 90.5 տոկոսով։
Երկրորդ ջրատարի գործարկումը յուրաքանչյուր Երևանի բնակչի հաշվով ջրի քանակը հասցրել է օրական 200 լիտրի։

Քաղաքի ծայրամասերում առաջացել են բազմաթիվ նոր բնակավայրեր, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում Նոր Արեշում, Զեյթունում և այլ վայրերում։ Բնակելի և հասարակական շենքեր են կառուցվում Ստալինի պողոտայում՝ Երևանի ամենալայն փողոցներից մեկում, որը քաղաքի կենտրոնական մասով ձգվում է դեպի «Պոբեդա» կամրջի կողմը։ Ապագայում այստեղ կկառուցվի նոր հրապարակ։
Ստալինի պողոտայի երկարացման համար պահանջվում է հեռացնել բազմաթիվ հին տներ և փորել 12,000 քառակուսի մետր հող, որի 75 տոկոսն արդեն հեռացվել է։ Ավարտվելուց հետո Ստալինի պողոտան կդառնա մեկուկես կիլոմետրով ավելի երկար։ Այն Երևանի կենտրոնական մասը կկապի աջ ափին աճող շրջանի հետ»: (Տե՛ս՝ EXPAND CONSTRUCTION IN ARMENIAN SSR, OUTLINE 15-YEAR PLAN OF CONSTRUCTION FOR YEREVAN):
Հետաքրքրական է այն իրողությունը, որ փաստաթղթի հետագա էջերը թերթելով՝ նկատում ենք, թե ինչ մեծ նշանակություն էր տալիս խորհրդային իշխանությունը Երևանում կանաչապատ տարածքների ավելացմանը, այգիների ստեղծմանն ու ծառերի թվաքանակի ավելացմանը, քանի որ Երևանի շուրջ ծառերի և թփերի երեք գոտիներ պիտի պաշտպանեին քաղաքը փոշուց և կեղտից.

«Երևանի քաղաքային խորհրդի վեցերորդ նստաշրջանը 1951 թվականի դեկտեմբերի 24-ին գումարվեց՝ քննարկելու և հաստատելու Երևանի զարգացման և շինարարության 15-ամյա ծրագիրը։
Սոցիալիստական Երևանն ամբողջությամբ փոխվել է բոլշևիկյան հեղափոխությունից առաջ եղած ժամանակների համեմատ։ Բնակչության թիվն աճել է ութ անգամ, իսկ 15-ամյա ծրագիրը նախատեսում է ապագայում դրա հետագա զգալի աճը։

Քաղաքի տարածքը նախատեսվում է ընդլայնել ներկայիս 4,850 հեկտարից մինչև 7,200 հեկտար։ 15-ամյա ծրագիրը նախատեսում է Երևանի հետագա արդյունաբերականացումը և բնակելի շինարարության ընդլայնումը։ 1940 թվականի համեմատ արդյունաբերական արտադրանքը պետք է աճի յոթ անգամ։
Բնակարանային ֆոնդը պետք է եռապատկվի՝ կառուցելով 2,795,000 քառակուսի մետր բնակելի տարածք։

Կառուցվելիք հասարակական շենքերի թվում են Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի շենքը, նոր հյուրանոցը, գրադարանը, Գիտությունների ակադեմիան և այլ շենքեր։
Սկսվել է երկհարկանի երկաթուղային կայարանի շենքի վերակառուցումը՝ 11 մետր բարձրությամբ մետաղական աշտարակաձողով։ Լենինի հրապարակի կառուցապատումն ավարտին կհասցվի Արհեստակցական միությունների խորհրդի շենքի և նոր հյուրանոցի կառուցմամբ։ 100 նոր դպրոցական շենքերի կառուցումը հնարավորություն կտա առաջիկա մի քանի տարիների ընթացքում ամբողջ ուսուցումն իրականացնել մեկ հերթափոխով։

Մանկապարտեզների թիվը կեռապատկվի, ինչպես նաև նախատեսվում է մանկապարտեզների շենքերի կառուցում 6,000 երեխայի համար։ Բացի այդ, բոլոր խոշոր բազմաբնակարան շենքերը կունենան իրենց սեփական ցերեկային մանկապարտեզները և խաղահրապարակները։ 15-ամյա ծրագիրը նախատեսում է նաև հիվանդանոցների կառուցում՝ ընդհանուր 1,920 մահճակալ հզորությամբ։

Երևանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանցը կընդլայնվի պետական համալսարանի և պոլիտեխնիկական ինստիտուտի, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի և ապագա մեքենաշինական ինստիտուտի համար վեց նոր շենքերի կառուցմամբ։
Տեխնիկումների թիվը կավելանա ևս 18-ով, և դրանց համար կկառուցվեն համապատասխան շենքեր։ Քաղաքային տրանսպորտից օգտվող ուղևորների թիվը նախատեսվում է ավելացնել առաջիկա 15 տարիների ընթացքում։

Նույն ժամանակահատվածում տրամվայների, տրոլեյբուսների և ավտոբուսների պարկը պետք է կրկնապատկվի։ Երևանի յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող էլեկտրաէներգիայի քանակը պետք է եռապատկվի։
Նախատեսվում է ջրամատակարարման ցանցի երրորդ հերթի կառուցումը, իսկ ստորգետնյա ցանցի երկարությունը կավելանա 300 կիլոմետրով։ Գլխավոր կոյուղատարի շինարարությունը պետք է ավարտվի, իսկ կոյուղու ցանցը պետք է երկարացվի 150 կիլոմետրով։ Հանգստի և մշակույթի նոր այգի կստեղծվի Հրազդան գետի աջ ափին, իսկ Հրազդան և Գետառ գետերի ափերը, Ստալինի անվան ջրանցքը և Նորքի ջրանցքը կբարեկարգվեն և կտնկվեն ծառեր ու թփեր։ Երևանի կանաչապատ տարածքների ընդհանուր մակերեսը կհասնի մոտավորապես 3,500 հեկտարի, որոնցից 576 հեկտարը կկազմեն այգիներն ու պուրակները։
Երևանի շուրջ ծառերի և թփերի երեք գոտիներ կպաշտպանեն քաղաքը փոշուց և կեղտից։ 15-ամյա ծրագիրը նախատեսում է 364 կիլոմետր նոր փողոցների կառուցում»: (Նույն տեղում):
ԱՄՆ ԿՀՎ այս փաստաթուղթը հերթական անգամ փաստում է, թե խորհրդային ժամանակաշրջանում ամերիկյան հետախուզությունն ինչպիսի մանրակրկիտ աշխատանք էր իրականացնում իր համար կարևոր տեղեկությունը ստանալու համար:
Սրանից զատ, նաև տեսնում ենք, որ հատկապես 1950-ականներին խորհրդային ղեկավարությունն ու Երևանի քաղաքային իշխանությունը ոչինչ չէին խնայում մեր մայրաքաղաքի զարգացման համար: Փաստաթղթում մատնանշված ծրագրերի մեծ մասը մենք տեսնում ենք մեր օրերի Երևանում:
Զ. Շուշեցի

