Ես հաշվեհամար բացեցի «Արցախբանկում», որ Ադրբեջանն ինձ վճարի 30.000 եվրո. դա ապտակ է հենց անձամբ նախագահ Ալիևին, ով ինձ ձերբակալել էր հենց Արցախ այցելելու համար. Ալեքսանդր Լապշին

Ազգությամբ հրեա լրագրող, հասարակական գործիչ, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկացրել է, որ Եվրոպական դատարանը դեռևս 2.5 տարի առաջ է Ադրբեջանին պարտավորեցրել իրեն վճարել 30 000 եվրո՝ ապօրինի ձերբակալության, Բաքվի բանտում խոշտանգումների, հակասեմիտիզմի ու սպանության փորձի համար:

«Դա Ալիևի ռեժիմի իմիջային ձախողումն էր: Նրանք հավանաբար դրան չէին սպասում, որովհետև ես տեղեկություն ունեմ, որ Ադրբեջանը լուրջ փորձեր է արել ԵԽ-ում որոշումներ կայացնողներին կերակրել կասպյան խավիարով: Հավանաբար դա կաշխատեր, եթե չլիներ իմ՝ որպես Իսրայելի քաղաքացու գործոնը»,- ասել է Լապշինը:

Նրա խոսքով՝ 30 000 եվրոն բացարձակ սիմվոլիկ գումար է:

«Ես հաշվեհամար բացեցի «Արցախբանկում»: Իհարկե, կարող էի հաշվեհամար բացել այլ բանկում, սակայն մտածեցի, որ շատ խորհրդանշական կլինի, եթե ես այդ հաշվեհամարը բացեմ հենց «Արցախբանկում»: Նախ՝ դա ապտակ է հենց անձամբ նախագահ Ալիևին, ով ինձ ձերբակալել էր հենց Արցախ այցելելու համար: Ստացվում է՝ Արցախի համար ձերբակալել է, Արցախով էլ վճարելու է»,- ասել է Ալեքսանդր Լապշինը:

Կարդացեք նաև

Վերջինս նշել է, որ իր համար ավելի կարևոր էր Ալիևին ապտակ հասցնելը, քան այդ գումարը ստանալը:

«Ըստ էության նա այդ ապտակը ստացավ: Հիմա իրավիճակը հետևյալն է. նրանք այդ գումարը չեն վճարի, քանի որ ես այն պահանջում եմ փոխանցել «Արցախբանկով», մյուս կողմից՝ նրանք հայտնվում են այն երկրների շարքում, որոնք  չեն կատարում ԵԽ-ի առաջ ունեցած իրենց պարտավորությունները: Ու հիմա շաբաթներ անց՝ կարծես թե դեկտեմբերի 7-ին, ԵԽ-ում լսումներ են նշանակված Ադրբեջանի կողմից իմ գործով իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ»: Մեծ հաշվով ինձ հենց դա էլ պետք էր, որ Ադրբեջանը հայտնվի Եվրոպայի խորհրդի դատապարտման տակ: Ես գիտեմ, որ այդ գումարը չեմ ստանա: Համարենք, որ դա իմ նվերն էր Ալիևին, որի դիմաց նա վաճառեց իր պատիվը»,- ասել է Ալեքսանդր Լապշինը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս