Լա՞վ բան է, արդյոք, ժողովրդավարությունը՝ ո՞վ գիտի

Լա՞վ բան է ժողովրդավարությունը: Թերևս լավ բան է ժողովրդավարությունը: Անկասկած, ժողովրդավարությունը լավ բան է։ Հարցը, սակայն, այն է, թե ի՞նչ է ժողովրդավարությունը:
Իրականում, մենք շատ հաճախ հասկացությունների, գաղափարների փոխարեն` զուտ բառեր ենք օգտագործում։ Բառեր, որոնք այլևս իմաստազրկված են, կամ` դեռևս իմաստ չունեն։

Բայցև բառեր, որոնցով մենք հաճույքով խաղում ենք։ Օրինակ, անընդհատ լսում ենք մարդու իրավունքների մասին։ Բոլորը այդ մասին են խոսում: Բայց որ խորանաս` կպարզվի, որ քաղաքական գործիչների մեծ մասն էլ լավ չի հասկանում, թե ինչի՞ մասին է խոսքը, առհասարակ ինչպիսի՞ իրավունքներ գոյություն ունեն, և այլն։

Բայց, քանի որ մոդայիկ արտահայտություն է, հաճախ և հաճելի կիրառվող` անընդհատ կրկնում են։

Եվ այդպիսի բառախաղերը դարձել են այսօրվա քաղաքականության առանցքը (խոսքը միայն Հայաստանի մասին չէ)։ Ամեն քայլափոխի լսում ենք նմանատիպ բառեր ու բառակապակցություններ: Նույնիսկ հարազատ են դարձել:

Բոլորս մեծ հրճվանքով ենք լսում-ընդունում «համագործակցություն», «առաջընթաց», «խոսքի ազատություն», «խղճի ազատություն», «տնտեսական զարգացում», նույնիսկ` «տնտեսական աճ» և նմանօրինակ բազմաթիվ արտահայտությունները։ Յուրաքանչյուրիս մոտ այս բառերի ու բառակապակցությունների հետ կապված ձևավորվել է ինչ-որ կարծրատիպ, որով էլ առաջնորդվում ենք։

Օրինակ` «տնտեսական աճ» ականջ շոյող արտահայտությունը։ Մենք անընդհատ սպասում ենք վիճակագրական տվյալների, որպեսզի իմանանք` ի վերջո, այս պահին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` մեզ մոտ տնտեսությունը աճե՞լ է, թե՞ անկում է ապրել։

Կառավարությունը մեզ ասում է` ժողովուրդ, 3,5% աճ ենք ունեցել: Եվ մենք ուրախանում ենք, հանգստանում ենք և սպասում հաջորդ փուլին, երբ հերթական տոկոսները մեզ կասեն: Բայց հաճախ նույնիսկ առանձնապես չենք էլ խորանում` այդ ի՞նչն է աճել, խիյա՞րն է, միգուցե աճել, իսկ կարող է` թա՞րս է աճել։ Որ խորանում ես, պարզվում է, որ դա Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճն է։

Իսկ ՀՆԱ-ն, հարգելի հայրենակիցներ, կարող է աճել զանազան բաներից, որոնցից շատերը, մոտիկից նայելու դեպքում, այդքան էլ դուրեկան չեն լինի։ Օրինակ, հնարավոր է` այգիների տեղում ինչ-որ անիմաստ շինություններ են կառուցվել, որոնցում առ այսօր մարդ չի ապրում։

Կամ, ասենք` անտառները հատել են, ու ՀՆԱ-ն դրանով մի լավ աճացրել են… Կամ, քանի դեռ միջազգային շուկաներում թանկարժեք մետաղների գները բարձրացել են` ոսկի են թափով արտահանում… Իսկ ոսկին խիյար չէ, այսօր կա, իսկ վաղը կպրծնի, ու այլևս ՀՆԱ-ն միայն վիագրայով կբարձրացնես:

Համաձայնեք, որ մանրամասնությունները բավական կարևոր են։ Բացի այդ, մանրամասները պետք է կարողանաս ընդհանուր պատկերացումների հիման վրա նաև վերլուծել։ Հակառակ դեպքում միայն կհետևես տոկոսների աճին։ Ու պետք է սպասես, թե երբ կաճի տնտեսությունը:

Ընդ որում, ամբողջ աշխարհում մարդիկ մեզ պես անընդհատ սպասում են տնտեսական իրական աճին։ Բա եթե բոլորի մոտ անընդհատ աճի` ո՞ւմ հաշվին է աճելու։
Կամ, օրինակ, վերցնենք «եվրաինտեգրացիա» հաճախ գործածվող բառը: Հայաստանյան քաղաքական դաշտում ամենահաճախ հնչող արտահայտություններից մեկն է։

Բայց որ հարցնես, թե դա ի՞նչ է նշանակում, կամ չեն կարող բացատրել, կամ լավագույն դեպքում` հարցին կպատասխանեն նույնքան քիչ նշանակություն ունեցող արտահայտություններով։ Քանի որ, երբ այդ բառի բուն իմաստը և նշանակությունը քաղաքական վերնախավից չի տրվում, մարդիկ իրենք են սկսում իմաստով լցնել այն:

Մի մասը համարում է, որ այդ անտեր եվրաինտեգրացիայից պետք է հեռու մնալ, քանի որ դրա միակ հետևանքը լինելու է այն, որ տղամարդիկ ամուսնանալու են տղամարդկանց հետ, ինչը հայեցի չէ: Մյուս մասն էլ համարում է, որ դա շատ լավ բան է, քանի որ դրա հետևանքով բոլորի տները «եվրառեմոնտ» է արվելու:

Նույն ընկալումն էլ ժողովրդավարության դեպքում է: Եթե թողնես` բոլոր քաղաքական գործիչները դրանից կխոսեն: Բայց թե դա ի՞նչ է, կոնկրետ ի՞նչ է` լավ չենք հասկանում: Մի բանում, սակայն, մոտավորապես եկել ենք ընդհանուր հատարարի, որ ժողովրդավարական փաթեթի մեջ մտնում է ազատ, արդար և առանց խախտումների ընտրությունների անցկացումը: Բայց դե, եթե միայն դրանով լիներ, ապա Խորհրդային Միությունը կլիներ ամենաժողովրդավար պետությունը. ընտրությունները թափանցիկ և ազատ էին: Ուղղակի մի խնդիր կար` այն, որ միայն մեկ մարդու էինք ընտրում:

Բայց ասեմ ձեզ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ նման տեղամասեր կային։

Կամ` համարվում է, որ ժողովրդավարությունը դա օրենքի երկիրն է: Ասեմ ձեզ, որ ֆաշիստական Գերմանիան նույնպես օրենքի երկիր էր: Այն էլ ինչպիսի օրենքի երկիր։ Առ այսօր մեզանում շատերը նույնիսկ հավատում են, որ փողոցը սխալ անցնողներին Բեռլինում դիպուկահարները տեղում գնդակահարում էին։ Ու դա շատ լավ էր, քանի որ ուրիշ ձև չկա։ Այսպիսի օրինաց երկիր Գերմանիա էր։ Ընդ որում, ազատ և անկախ ընտրված Ադոլֆ Ալոիզի Հիտլերով հանդերձ։

Այնպես որ, բառերի, բառախաղերի հետևից որքան ընկնենք, այդքան փափուկ բարձի վրա կխճճվենք։ Պետք է սկսել հասկանալ, թե մենք ինչպիսի՞ երկիր ենք ուզում կառուցել, առանց շաբլոնների հետ ժանգլյորությունների։

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս