Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Դատավոր Մասիս Մելքոնյանը կիրառեց համակցված խափանման միջոց
Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նորք Նորք նստավայրում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, սկսվեց 44-օրյա պատերազմի հերոս նահատակ Գարիկ Գալեյանի հոր՝ Մխիթար Գալեյանի գործով դատական նիստը: Դատական նիստին Գարիկ Գալեյանը ներկայացել էր իր պաշտպանի՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ միասին: Դատարանին, դատախազներին՝ բացարկի, իսկ պաշտպաններին վարույթից հեռացնելու միջնորդություն չներկայացվեց:
Այնուհետև դատարանն անցավ Գարիկ Գալեյանի խափանման միջոցի փոփոխության հարցի քննությանը: Դատախազն իր խոսքի մեջ նկատեց՝ Գարիկ Գալեյանի՝ նոր հանցանք կատարելու հավանականությունը մեծ է:
Գարիկ Գալեյանը մեղադրվում է խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու համար: Վերջինս ընդունում է, որ թմրանյութ է օգտագործել դաժան ցավերը մեղմացնելու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում թմրանյութ պահելու և իրացնելու մասով: Այս սին մեղադրանքը հետագայում վերացվեց:
Նիստն անցնում էր լարված մթնոլորտում: Դահլիճում Գարիկ Գալեյանին աջակցելու եկած բախտակից ծնողները մասնավորապես վրդովվեցին, երբ հանրային մեղադրողն ասաց՝ Գարիկ Գալեյանը բռնության կոչ է հնչեցնում: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը դատախազին կոչ արեց չխախտել Գարիկ Գալեյանի անմեղության կանխավարկածը:
Մինչ իր խոսքի հիմնական բովանդակությանն անդրադառնալը Վահան Հովհաննիսյանը հռետորական հարց հնչեցրեց՝ շա՞տ են տեսել դեպքեր, երբ միջին ծանրության հանցանքի համար մարդը կալանավորվում է: Ապա ներկայացրեց Գարիկ Գալեյանի առողջական խնդիրները, նշեց, որ իր պաշտպանյալն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, հետո անդրադարձավ կալանքի հիմքերին:
Գարիկ Գալեյանն էլ իր խոսքում նշեց՝ այս իշխանությունն իրեն տվել է ևս մեկ բնակարան… Եռաբլուրում:
«Անդուռ, անլուսամուտ բնակարան է: Ես այնտեղ իմ տղայի հոտն եմ առնում»,- ասաց Գարիկ Գալեյանը, ապա դիմելով դատախազին՝ հարցրեց՝ Դուք Եռաբլուրում եղե՞լ եք, այնտեղ արյան հոտն առե՞լ եք:
Ի պատասխան՝ դատախազը պատասխանեց՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, և Եռաբլուրում էլ եղել է, բայց այստեղ որևէ քաղաքական աստառ չկա, զուտ իրավական գործընթաց է:
Կողմերին լսելուց հետո դատավորը հեռացավ առանձին սենյակ՝ որոշումը հրապարակելու: Այն պետք է հրապարակվի 16:30-ին:
Առանձին սենյակից վերադառնալով՝ դատավոր Մասիս Մելքոնյանը կարդաց որոշումը, ըստ որի՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացնել, ընտրել համակցված խափանման միջոց՝ 2 միլիոն դրամ գրավ և տնային կալանք 2 ամսով:
Մանրամասները՝ տեսանյութում: