Իշխանությունները Հայաստանը դարձրել են ուժային կենտրոնների բախման ռազմադաշտ. Սեյրան Օհանյան

Հակակոռուպցիոն դատարանը կրկին հետաձգեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը։

Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադառնալով հետաձգման հիմքերին՝ մասնավորապես նշեց. «Այս փուլում պետք է դատավորին բացարկ ներկայացվեր, և լրացուցիչ հիմքեր էին պետք բացահայտելու և նշելու՝ գրավոր բացարկի համար»

Ըստ նրա` վերջին 6 ամսվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր նիստին խախտվել են դատավարության ընթացակարգերը.  մինչև հիմա միայն քննարկվել է խափանման միջոցի փոփոխությունը այն մեղադրյալների նկատմամբ, որոնք կալանքի տակ են։

168.am-ի հարցին՝ արդյո՞ք միտում է տեսնում դատարանի այս վարքագծի մեջ՝ հաշվի առնելով նաև, որ կալանավորված անձանց մեջ է Գրիգորի Խաչատուրովը, որը, ինչպես նշում են, խոչընդոտում է գործող իշխանությունների օրակարգերին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ըստ իս՝ նաև քաղաքական որոշակի հանձնարարություններ, առաջադրանքներ կան, որպեսզի նշված անձանց կալանքի տակ պահեն»:

Կարդացեք նաև

Այս համատեքստում նա նկատեց, որ խափանման միջոցի ժամկետները բազմիցս երկարաձգվել են՝ մինչդեռ տվյալ մարդիկ կարող էին ազատ արձակվել, և դատավարությունները շարունակվեին, քանի որ խոսքը ճանապարհ անցած մարդկանց, գեներալների մասին է:

«Մեր իրականության մեջ, կարծում եմ՝ խափանման միջոցը դարձել է որպես պատժի մեթոդ, որն անընդունելի է և  հիմք է ստեղծում կասկածելու, որ այս դատավարությունները նաև քաղաքական ենթատեքստ ունեն»,- հավելեց պաշտպանության նախկին նախարարը։

168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ անդրադառնալով ՀՀ անվտանգային առկա մարտահրավերներին և սրան զուգահեռ՝ գործող իշխանությունների խաղաղության օրակարգերին, «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, Սեյրան Օհանյանը նկատեց, որ  2018 թվականից սկսած՝ մերժվել է բանակցային ամբողջ գործընթացը, երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ:

«Երբ այսօրվա իշխանությունները խոսում են խաղաղության մասին, ասում են՝ «խաղաղությունը երաշխիք է անվտանգության համար», բայց խաղաղությունը չի կարող երաշխիք լինել: Խաղաղությունը ազգային անվտանգության հիմնարար արժեք է, իսկ այդ երաշխիքները պետք է լինեն պետական, ազգային երաշխիքներ՝ բանակ, համախմբվածություն, և նաև միջազգային երաշխիքներ՝ արտաքին քաղաքականություն և բանակցային գործընթաց:

Երկրորդը՝ մենք պետք է տեսնենք մի հակառակորդի, որը փորձում է վերածվել հարևանի և ցանկանում է խաղաղ համակեցություն, սակայն հաշվի առնելով պատերազմում ձեռք բերված հաղթանակը՝ իրենք շարունակում են Հայաստանի Հանրապետության, ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ գործադրել»,- նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Սեյրան Օհանյանը ցավով արձանագրեց՝ իշխանությունները Հայաստանը դարձրել են ուժային կենտրոնների բախման ռազմադաշտ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս