Գարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է և դատապարտելի. Արամ Ա
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Երուսաղեմի Հայոց Պատիրարքությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու Արևելյան թեմը քննադատել ու դատապարտել են Ամենայն Հայոց կաթողիկոսի, բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ դատավարությունը:
Գարեգին Երկրորդին դատարան «կանչելը անընդունելի և դատապարտելի» է որակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ով նշել է, որ Գարեգին Երկրորդին առաջարկել է չնեկայանալ դատարան և իր ներկայացուցչին ուղարկել:
«Մեր խոր ընդվզումը յայտնեցինք Գարեգին Վեհափառին եւ նոյնիսկ առաջարկեցինք դատարան չներկայանալ եւ իր ներկայացուցիչը ուղարկել։ Կոչ կ՚ուղղենք պետական պատասխանատուներուն, ինչպէս յաճախ կատարած ենք, յարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեր եկեղեցւոյ ու Վեհափառին անձին նկատմամբ եւ հարցերը քննելու փոխադարձ հասկացողութեան ու պատշաճութեան սահմաններէն ներս՝ յարգելով պետութեան օրէնքները եւ եկեղեցւոյ ներքին կարգն ու կանոնը»,- ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությունում:
Երուսաղեմի Հայոց Պատիրարքությունը դատապարտել է «Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու, նրա բարձրագույն իշխանության և բարձրաստիճան հոգևորականների դեմ շարունակվող դատական հետապնդումները»: Այսօրվա դատական նիստը Երուսաղեմի Հայոց Պատիրարքությունը համարել է «խորապես մտահոգիչ և անընդունելի իրադարձություն ազգային-եկեղեցական պատմության մեջ»:
«Եկեղեցւոյ ներքին կանոնական, վարչական եւ կարգապահական հարցերուն նկատմամբ պետական մարմիններու միջամտութիւնը կը հակասէ Եկեղեցւոյ ինքնավարութեան սկզբունքին եւ վտանգաւոր նախադէպ կը ստեղծէ պետութիւն-Եկեղեցի յարաբերութիւններուն մէջ»,- ասված է պատրիարքության տարածած հայտարարությունում:
Երուսաղեմի Հայոց Պատիրարքությունը պահանջել է դադարեցնել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Գերագույն Հոգևոր Խորհուրդի անդամների նկատմամբ դատական հետապնդումը։
«Հայաստանի իշխանութիւնները պարտաւոր են գիտակցիլ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին նկատմամբ իրենց վերաբերմունքը ներքին քաղաքական հարց մը չէ միայն։ Հայաստանի պատկան մարմիններուն կոչ կ՚ուղղենք՝ յարգելու Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ երաշխաւորուած կրօնական ազատութիւնը, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ինքնավարութիւնը, անոր ներքին կանոնական կարգն ու նուիրապետական արժանապատուութիւնը եւ զերծ մնալու այնպիսի քայլերէ, որոնք կրնան խորացնել ազգային պառակտումը եւ անդառնալի վնաս հասցնել Հայ Եկեղեցւոյ եւ պետութեան փոխյարաբերութիւններուն»,- ասված է Երուսաղեմի Հայոց Պատիրարքության հայտարարությունում:
Ամերիկայի Հայ եկեղեցու Արևելյան թեմն էլ հայտարարել է, որ եկեղեցու կառավարման, կարգապահության և առաջնորդությանը վերաբերող հարցերը պատկանում են եկեղեցու սեփական կանոնական կարգին:
Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր կկանգնի դատարանի առջև որպես մեղադրյալ։ Նրա և վեց եպիսկոպոս արքեպիսկոպոսների քրեական գործն Արմավիրի դատարանում է։ Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:
Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում:

