Վրաստանը թույլ չի տվել ադրբեջանցիներին պատժամիջոցների տակ գտնվող ապրանք տեղափոխել Ռուսաստան
Վրացի մաքսավորները կանխել են եվրոպական ծագում ունեցող, պատժամիջոցների տակ գտնվող բեռի տարանցման փորձը Թուրքիայից Ռուսաստան՝ ադրբեջանական փոխադրողի միջոցով։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, փոխանցել են տեղի լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ին «Սարփի» անցակետում, Թուրքիայից մուտք գործած, Ադրբեջանի քաղաքացու կողմից կառավարվող բեռնատարի հետ կապված։ Փաստաթղթերի ստուգման ընթացքում մաքսավորները պարզել են, որ բեռն արտադրված է ԵՄ-ում և ուղարկվում է ՌԴ։ Եվրամիության պատժամիջոցային սահմանափակումների հիման վրա բեռնատարը հետ են դարձրել և ուղարկել թուրքական տարածք։
Մի քանի ժամ անց նույն մեքենան կրկին փորձել է հատել սահմանը։ Այս անգամ վարորդը ներկայացրել է ծագման նոր սերտիֆիկատ, ըստ որի՝ ապրանքներն իբր արտադրվել էին Թուրքիայում։ Սակայն զննության ժամանակ մաքսավորները գործարանային պիտակների վրա հայտնաբերել են արտադրության իրական երկրները՝ Գերմանիա և Խորվաթիա։
Փաստաթղթերի կեղծման և պատժամիջոցային վերահսկողությունը շրջանցելու փորձի կասկածով գործի նյութերը փոխանցվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։ Թե կոնկրետ ինչ ապրանքների մասին է խոսքը՝ չի ճշտվում։
Գերատեսչությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական լրատվամիջոցների՝ վրացական սահմանին ադրբեջանական համարանիշներով բեռնատարների ուշացման մասին տեղեկությունների ֆոնին։ Ի դեպ, ծառայությունն ուղղակիորեն չի կապում այս իրադարձությունները սրա հետ։
Ավելի վաղ գերատեսչությունում հայտնել էին, որ ստուգում են լրագրողների նկարագրած փաստերը՝ ընդգծելով, որ անցակետերով բեռների տեղափոխումն իրականացվում է անխոչընդոտ։

