«Փաշինյանը մեր հավատքն է քարշ տալիս պիղծ դատարան, մեր դավանանքն է այսօր դատվում, բոլորս ենք մեղավոր, որ սրանք իշխանության են». Կարո Վարդանյան
Այսօր տեղի է ունենալու Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) վերաբերյալ քրեական գործով առաջին դատական լսումները, այս գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։
Ամենայն Հայոց կաթողիկոսը մեղադրվում է այն արարքի համար, որ նա, հանդիսանալով նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրև խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյան) որոշման կատարմանը:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի գնահատմամբ՝ տեղի ունեցողը հայ ազգի խայտառակությունն է։
«Այս իշխանության օրոք ոչ միայն Վեհափառը, այլևս բոլորս ենք արդեն այդ «մեղավորի» կարգավիճակում։ Ամբողջ երկրով ենք մեղավոր, որ սրանք իշխանության են, ու ընդունել ենք նրանց՝ դեռ բավական չէ, արդեն 3-րդ անգամ գնում ու ընտրում են, բա մեղավորությունն էլ ինչպե՞ս է լինում։ Սա արդեն այդ մեղքի չարորակ տեսակն է, որն անքավելի է։
Մենք արդարացում չունենք, ամենավատթարն եմ պատկերացնում ես սրանցից։ Մնացածն արդեն առջևում է, երկար ու ձիգ դատական նիստեր, որոնց, վախենամ՝ սա մեզ ընտելացնի, ավելի եռանդով կսկսի թալանից խոսել ու ընտելացնել իր զանգվածին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարո Վարդանյանը։
Ըստ մեր զրուցակցի, չպետք է ակնկալել, որ այսօր Առաքելական եկեղեցու հետևոդները պետք է ողողեն դատարանի բակը, քանի որ, ինչ անելու էին, պետք է անեին ամիսներ առաջ, երբ իշխանությունը սկսեց Վեհափառի թիրախավորումը։
«Դատարանի բակում պետք է լինեն ոչ թե 1000 կամ 2000 հոգի, այլ մի ողջ ազգ, ինչպես լինում են որոշ գործիչների սարքովի գործերի ժամանակ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը մեր հավատքն է քարշ տալիս պիղծ դատարան, մեր դավանանքն է այսօր դատվում, սա Վեհափառի հարցը չէ, սա բոլորիս հավատքի հարցն է»,- հավելեց Կարո Վարդանյանը։
Ըստ նրա, իրեն հաճախ են հարցնում, թե Հայաստանն ո՞ւր է գլորվում, հարցնում են հատկապես շրջաններից, այն էլ՝ երիտասարդները, որոնք դեռ պետք է ապրեն այս երկրում։
«Երևանում մենք շատերին չենք ճանաչում, չգիտենք՝ շուկայում կամ հասարակական տրանսպորտում մեր դիմաց կանգնածն ով է, բայց շրջաններում մենք գրեթե բոլորս միմյանց ճանաչում ենք։ Այնտեղ գիտակից մարդկանց համար տասնապատիկ ծանր է, նրանք գիտեն, թե ումից պետք է զգուշանան, ումից պետք է հեռու մնան, որպեսզի իրենց չմատնեն։
Ես միշտ մի պատասխան ունեմ, որ՝ գտեք ձեր նմաններին, մխիթարվենք իրարով։ Մի օր սրանց վերջը գալու է, չգիտեմ՝ մեր երկրից ինչ ավերակներ են մնալու, վերջում վերանորոգվելու համար մեզ մի բուռ հայ է պետք։ Չի կարելի, որ այսօր գիտակից հայը ենթարկվի սրանց հոսանքին ու ասի՝ դե ի՞նչ է եղել, բոլորն այդպես են, ես էլ այդպես կլինեմ։ Սա ամենավատն մտայնությունն է, կրկնում եմ՝ վերջում մեզ գոնե զտարյուն հայություն է պետք»,- ընդգծեց Կարո Վարդանյանը։

