Սյունիքը մշակութային տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար. Մոհամմադ Ասադի Մոհավեդ

168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի այս եթերի շրջանակում հարցեր են ուղղվել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար/տնօրեն Մոհամմադ Ասադի Մովահեդին։

Հաղորդման ընթացքում իրանցի պաշտոնյայի կողմից հնչած մի քանի թեզեր, որոնք վերարտադրվել են թարգմանիչ-իրանագետ Ալեն Հայրապետյանցի թարգմանությամբ, ներկայացնում ենք դիպաշարով․

  • Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնն ունի մեկ գլխավոր առաքելություն, և դա երկու ժողովուրդների, երկու երկրների միջև մշակութային, գիտական, արվեստի և կրթության ոլորտում լայնածավալ կապերի ստեղծումն է։ Կարելի է ասել, որ մշակույթի կենտրոնն այս տեսանկյունից հանդիսանում է երկու երկրներն իրար միջև կապող կամուրջ։
  • Իրանի մշակույթի կենտրոնն իր մշակութային հարաբերությունները ստեղծում և ձևավորում է երկու խմբի հաստատությունների հետ․ առաջինը՝ պետական հաստատություններն են, պետական բուհերը, մշակութային և գիտական կենտրոնները, և այլն։ Այս հարաբերությունների վերաբերյալ կարելի է ասել, որ դրանք գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ՝ Իրանի կառավարության մշտական աջակցության ներքո են։

Կարդացեք նաև

  • Պետական հաստատությունների հետ համագործակցությունից զատ՝ մենք նաև սերտ հարաբերություններ ունենք ամենատարբեր մասնավոր կազմակերպությունների հետ։ Այս առումով պետք է նշեմ, որ թե՛ մասնավոր, և թե՛ պետական հաստատությունների հետ համագործակցության եզրում չկա որևէ արգելք․ 3 տարի է՝ ես իրականացնում եմ իմ առաքելությունը Հայաստանում, ու պետք է նշել, որ յուրաքանչյուր կարևոր մշակութային միջոցառման ժամանակ պարտադիր ներկա են իրանցիներ։ Կարելի է նաև պնդել, որ Իրանում նույնպես մշակութային և գիտական կարևոր բոլոր միջոցառումներին անպայման մասնակցում է նաև Հայաստանից ներկայացուցչություն։
  • Որպես երկու հարևան ժողովուրդ և ժողովուրդ, որ պատմական համակեցության երկար ճանապարհ է անցել, իհարկե, մեր միջև մշակութային և բոլոր բնույթի հարաբերությունները շատ բարձր մակարդակում են գտնվում։ Իրանի ու Հայաստանի միջև հարևանությունը և բարեկամությունը տարբերվում են մնացած երկրներից, քանի որ, ի տարբերություն այլ երկրների՝ մենք երկար ճանապարհ ենք հատել միմյանց հետ և ունենք բազմաթիվ մշակութային ընդհանրություններ, ինչպես նաև՝ պատմական հիշողություն։

Ու չնայած սրան, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ որոշակի փոքր արգելքներ գոյություն ունեն, և հարաբերությունների այն մակարդակը, որը հիմա գոյություն ունի, թերևս, բավարար չէ, և բավական դեռևս շատ աշխատանք կա այս առումով տանելու։

Փոխճանաչողությունն է ամենակարևորը։ Կարծում ենք, որ այս առումով կարևոր է փոխայցելությունների ապահովումը։ Ինչպես գիտեք, ամեն տարի Իրանից բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան, սակայն ասել, որ Հայաստանից շատ այցելուներ են, շատ զբոսաշրջիկներ են գնում Իրան, չի ստացվի։ Եվ սա թերևս այն փոքր բացերից է, որ կցանկանային՝ ապագայում շտկվեր։

Երկրորդը՝ «լուսաբանումն» է․ մենք շատ կարևորում ենք Իրանի մասին Հայաստանի հանրությանը ճիշտ պատկերի ներկայացումը, և թերևս դուք նույնպես, որպես լրատվական գործակալություն, այս առումով շատ կարևոր առաքելություն և շատ կարևոր դերակատարություն եք իրականացնում։

Մենք խորապես համոզված ենք, որ յուրաքանչյուր կրոն հասարակության համար իրականացնում է կառուցողական գործառույթ և մարդկային երջանկության սիրո, բարեկամության գլխավոր երաշխիքներից է, անկախ հանգամանքից՝ քրիստոնեություն է, իսլամ, կամ հուդայականություն։ Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք Հայ Առաքելական եկեղեցու հետ և իրականացրել ենք բազմաթիվ ընդհանուր մշակութային ու կրոնական միջոցառումներ։ Եղել են բազմաթիվ հանդիպումներ Իրանի կրոնական գործիչների և հոգևորականների, ինչպես նաև Էջմիածնի միջև։

Երևանի կապույտ մզկիթն Իրանի և Հայաստանի միջև պատմական կապերի կարևորագույն խորհրդանիշն է, և իրանական ճարտարապետությունը, հայկական ճարտարապետության տարրերը, հենց այդ ընդհանուր պատմական հիշողության լավագույն առհավատչյան են։

Երևանի Կապույտ մզկիթը վերածվել է զբոսաշրջային ամենակարևոր կենտրոններից և նպատակակետերից մեկի։ Մեր ձեռք բերած վիճակագրության համաձայն՝ Կապույտ մզկիթ օրական այցելում է 500-600 զբոսաշրջիկ, ընդ որում՝ աշխարհի ամենատարբեր երկրներից և բոլոր մայրցամաքներից։ Մենք ջանք չենք խնայել, որպեսզի հենց այս պատմական կառույցը լավ վիճակում պահպանվի։

Երևանի Կապույտ մզկիթը սոսկ մզկիթ չէ, այլև վերածվել է մի կենտրոնի, որտեղ իրականացվում են մշակութային, արվեստի և կրոնական բնույթի միջոցառումներ։ Հայտարարությունները (Կապույտ մզկիթի մասին:- Զ.Դ.), որոնք հնչել են Ադրբեջանի Հանրապետության կողմից, եթե ասեք ծառին, նույնիսկ ծառը կծիծաղի այդ խոսքերի վրա։

Նիզամի Գյանջևիին հայտարարել են որպես թուրք բանաստեղծ՝ այն դեպքում, երբ նույնիսկ մի երկտող թուրքերենով գրված գոյություն չունի։

Նրա դամբարանի վրա միայն պարսկերենով բանաստեղծություն է։ Եվ հենց հասկացան, այդ գերեզմանաքարը փոխեցին և տեղը թուրքական գերեզմանաքար դրեցին։ Այս պատմական հիշողության, հափշտակության դեպքերը բավական բնորոշ են նրանց, սակայն ամբողջ աշխարհը գիտի, թե իրականությունը որն է։

  • Ցանկանում եմ ընդգծել, որ Սյունիքի մարզն Իրանի Իսլամական Հանրապետության համար մեծ կարևորություն ունի թե՛ տնտեսական, և թե՛ մշակութային առումով։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սյունիքի մարզով են իրականացվել տնտեսական բոլոր գործունեություններն Իրանի և Հայաստանի միջև։

Սյունիքի մարզում հայը և իրանցի ժողովուրդը պետք է ձեռք ձեռքի տան, որպեսզի կարողանան հավուր պատշաճի պահպանել ավանդական և մարդասիրական գաղափարներ պարունակող ընդհանուր մշակույթը, որպեսզի տեղի չունենա մշակույթի տարրալուծում և ավանդական մշակույթի փոխարինումը արևմտյան արժեքներով։

  • Մշակույթը սահմանների ճանաչում․ այսինքն՝ կարող են գոյություն ունենալ երկու երկրներ, որոնք քաղաքական առումով թշնամանք են տածում միմյանց հանդեպ, սակայն մշակութային կապերը նրանց միջև դեռևս պահպանվեն, և նմանատիպ օրինակ կարելի է դիտարկել հենց ԱՄՆ-ը և Իրանը․ չնայած կա քաղաքական հակամարտություն ԱՄՆ-ի և Իրանի միջև, սակայն Իրանի համալսարանները, մշակութային, գիտամշակութային կենտրոնները և ԱՄՆ-ի համապատասխան կենտրոնները մշտապես հարաբերություններ են պահպանում։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31