Այն մարդիկ, որոնք ընտրեցին՝ասֆալտին նայելով, թող տոնեն՝ հիմա այդ ասֆալտով թուրքերը գալու են իրենց տուն. Արթուր Խաչիկյան
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը որակում է իբրև Հայաստանում Թուրքիայի և Արևմուտքի դեսպանի ելույթ:
5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդաշարի եթերում Արթուր Խաչիկյանը մանրամասնեց. «Նա գնաց-զեկուցեց կատարված աշխատանքի մասին: Եթե նա լիներ ՀՀ ներկայացուցիչը, կասեր՝ սիրելի՛ քաղաքակիրթ Եվրոպա, ձեր աչքի առջև կատարվեց էթնիկ զտում, դուք արեցիք մի քանի գեղեցիկ հայտարարություններ՝ մենք շնորհակալ ենք, իսկ բացի հայտարարություններից՝ ի՞նչ եք անելու՝ սանկցիաներ լինելո՞ւ են, դուք ճանաչելո՞ւ եք, որ եղել է էթնիկ զտում՝ ինչպես Կոսովոյում, ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ եք, որ հայերին անվտանգության երաշխիքներ տրվեն, և նրանք կարողանան վերադառնալ այնտեղ»:
Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց Նիկոլ Փաշինյանի մի քանի օրերի իրարամերժ հայտարարություններին՝ երբ նա ելույթից առաջ նշում էր, թե վեկտոր չի փոխում, իսկ ելույթի ընթացքում տարբեր «սադրիչ» հայտարարություններով հանդես եկավ:
«Կա բիպոլյար հիվանդություն՝ երկվություն, երբ մարդը մեկ՝ մի բան է ասում, հետո՝ ուրիշ բան»,- նկատեց Արթուր Խաչիկյանը:
Ըստ նրա՝ գործող իշխանությունների թրեյդմարկն է ճշմարտության մի մասը միայն ասելը, մի հատվածը վերցնելն ու մանիպուլացնելը՝ ինչպես բոլոր մեղքերը մոռանալը, կամ ՌԴ-ի վրա բարդելը:
Քաղաքագետը, անդրադառնալով լրագրողի՝ թե ի՞նչ էր Եվրոպային զեկուցում Նիկոլ Փաշինյանը հարցին, ապա Փաշինյանի՝ տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերի, «Խաղաղության խաչմերուկի» մասին հայտարարություններին և դրանից ժամեր անց՝ նաև Ալիևի հայտարարությանը, թե իրենք ավտոմեքենաներով են մտնելու Սյունիք, արձանագրեց.
«Այդպես էլ անելու են. մենք շատ լավ գիտենք՝ նրանք ինչպես են դա անելու: Սկզբից այնտեղ բնակչությունն է վերադառնալու. իմիջիայլոց, խոսվում է տասնյակ գյուղերի մասին, եթե ոչ՝ 100: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք այս իշխանություններին ընտրեցին՝ասֆալտին նայելով, հիմա այդ ասֆալտով թուրքերը գալու են իրենց տուն, թող տոնեն:
Վերադառնալու են 10 հազարավոր, եթե ոչ՝ 100 հազարավոր ադրբեջանցիներ (այնտեղ արդեն ցուցակներ են կազմվում), իսկ այն գծերը, որոնք անցնելու են ՀՀ տարածքով, շատ շուտ վերցնելու են իրենց հսկողության տակ. այնտեղ կհրահրեն ինչ-որ բախում, պատահար, որից հետո ասելու են՝ եթե այդպես եք անում, մենք մեր ձեռքի տակ ենք սա պահելու: Այդպես էլ անելու են՝ ինչպես մտան Սիրիա՝ ասելով, որ այնտեղ ահաբեկիչներ են, ուրեմն մենք իրավունք ունենք մտնելու ուրիշ պետության տարածք»:
«Խաղաղության խաչմերուկ» ձևակերպումը քաղաքագետը ծաղր է համարում, և հենց այդ նույն տրամաբանությամբ նկատում է՝ 120 հազար մարդու դուրս գալը Ղարաբաղից կարող է կոչվել «հաղթանակի երթ»:
Խոսելով ՌԴ տարածաշրջանային քաղաքականության մասին՝ Նիկոլ Փաշինյանի՝ՌԴ-ին ուղղված հավատարմության երդումների, բայց միևնույն ժամանակ՝ եվրոպական տարբեր հարթակներում՝ Զելենսկու, Տիխանովսկայայի հետ հանդիպումների, Սահակաշվիլու խորհուրդների, ապա նաև՝ Ստրասբուրգում ելույթի համատեքստում՝ Արթուր Խաչիկյանը դարձյալ նշեց. «Սա հոգեբանական լուրջ պրոբլեմների նշան է»:
Ի դեպ, ըստ նրա, ռուս-ուկրաինական հակամարտության ողջ ընթացքում իր զուսպ և չեզոք պահվածքով ներկայացած Վրաստանն արդեն դասեր է քաղել 2008 թվականից հետո՝ հասկանալով, որ խաղաքարտ չպետք է լինեն Արևմուտքի և այլ երկրների ձեռքում:
«Նույն բանն անում են թուրքերը, ադրբեջանցիները: Մենք մեր թշնամիներից կարող ենք սովորել, թե դիվանագիտությունն ինչպես է. Ալիևը հիանալի հարաբերություններունի Պուտինի հետ, դա ԱՄՆ-ին բացարձակ չի խանգարում ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին, Ալիևը լավ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ՝ Եվրախորհրդարանի պատգամավորների կեսին նա կաշառում է (դա կոչվում է խավիարային դիվանագիտություն),- մանրամասնեց քաղաքագետը, ապա արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե գուցե Ձեզ հակադարձեն-ասեն՝ մենք խավիար չունենք, մեր հնարավորությունները քիչ են, հավելեց.- Մենք ուրիշ բան ունեինք, մենք 30 տարի շարունակ ուրիշ բաներ ունեինք՝ գիտություն, արդյունաբերություն, մենք կարող էինք զարգացնել մեր ինտելեկտուալ պոտենցիալը: Բայց ամեն ինչ տապալել և ասել՝ դե, տապալում ենք, որովհետև ռեսուրս չունե՞նք. իսկ ինչո՞ւ եկաք իշխանության՝ դուքչգիտեի՞ք՝ մենք ինչ պետություն ենք: Բա նախկիններին, նախկին իշխանություններինինչի՞ համար էիք քննադատում: Նախկիններին քննադատում էիք՝ ասում էիք՝ մենք կարող ենք ավելի լավ անել. 5 տարի անցավ, մենք այսպիսի ողբերգություն տեսե՞լ ենք վերջին 100 տարվա ընթացքում: Ո՛չ:
Սա ամենացածր կետն է վերջին 100 տարվա ընթացքում Հայաստանի պատմության մեջ»: