ՀԽՍՀ-ն ունեցել է ոչ թե 29.800, այլ մոտ 31.000 քառ․ կմ տարածք, թեև այսօր այդ 29.800-ն էլ չկա․ Ռուբեն Գալչյան
Թե որտեղով է անցնում Հայաստան-Ադրբեջան սահմանը, հայտնի է, քանի որ ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբն այն հաստատել ու վավերացրել է դեռևս 1970-ականներին։ Այդ քարտեզները հրատարակվել են մինչև 1981 թվականը և բաժանվել ամբողջ Խորհրդային Միության հանրապետություններին։ Դրանք գաղտնի քարտեզներ են, միայն իրավասու անձինք կարող են դրանք տեսնել։ Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մանրամասն քարտեզը տեղադրվել էր համացանցում, կարելի էր դրանից օգտվել, ամիսներ առաջ այդ տվյալները հանվել են բաց հասանելիությունից։ 1991-ին, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, և նախկին միութենական հանրապետությունները հռչակեցին իրենց անկախությունը, դա արեցին նախկին ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի մշակած քարտեզների հիման վրա, որոնք վավերացված էին բոլոր անդամ պետությունների կողմից։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը։
«Այսօր Ադրբեջանը կամ ՀԱՊԿ-ն հայտարարում են, թե հայտնի չէ՝ սահմանը որտեղով է անցնում, դա դեռևս պետք է որոշել։ Չէ՞ որ այդ քարտեզները գծագրել է ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբը, նշանակում է՝ նախկին բոլոր միութենական հանրապետությունները, այդ թվում՝ ՌԴ-ն, որևէ մեկի հետ սահման չունե՞ն, այսինքն՝ որպես անկախ երկիր՝ գոյություն չունե՞ն։ Եթե երկիրը սահման չունի, ուրեմն երկիր չէ։ 1991-ի դրությամբ վավերացված այդ քարտեզները ներկայացնում են մեր սահմանները, քանի որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ ՌԴ-ն անկախ երկրներ են դարձել այդ սահմաններով։ Եթե Ադրբեջանը կամ ՀԱՊԿ-ն ասում են, թե այդ սահմանները գոյություն չունեն, դրանք իրականությունից հեռու պնդումներ են»,- ասաց Գալչյանը։
«1926-ից մինչև 1940 թվականն Ադրբեջանը Հայաստանից զավթել է մոտ 1500 քառ․ կմ տարածք։ Եթե առաջնորդվենք 1925-27 թթ․-ին տպագրված խորհրդային ատլասների քարտեզներով, Հայաստանի տարածքը 30 հազար 948 քառ․ կմ է, իսկ Ադրբեջանինը՝ 84 հազար 650 քառ․ կմ։ Այսինքն՝ Հայաստանի տարածքը 1500 քառ․ կմ-ով պակասել է, Ադրբեջանինը՝ 1800 քառ․ կմ-ով ավելացել։ Ադրբեջանցիները որպես բուֆեր՝ ուզում էին իրենց և հայերի միջև քրդական գոտի ստեղծել, այդ պատրվակով շուրջ 1000 քառ․ կմ արոտավայրեր յուրացրին։ Քրդերը ոչխարների համար արոտավայրեր չունեին, տարածքը լեռնային էր։ Բայց արի ու տես, որ 1932 թ․-ին այդ որոշումը չեղարկվեց, հետևաբար՝ հողերը քրդերին տալու դրդապատճառն էլ պիտի չեղարկվեր։ Ադրբեջանը հողերը Հայաստանին չվերադարձրեց։ Սա միջազգային իրավական խնդիր է՝ եթե որևէ պատրվակով հող ես վերցրել, իսկ պատրվակն այլևս գոյություն չունի, ինչո՞ւ չես վերադարձնում»,- նշեց գիտնականը։
Քարտեզագետի կարծիքով՝ չնայած Ադրբեջանը Պրահայում ընդունել է Հայաստանի՝ 29 հազար 800 քառ․ կմ տարածքով գոյությունը, 2021-ի մայիսից սկսած՝ Հայաստանի տարածքից շուրջ 200 քառ․ կմ բարձունքներ է գրավել և դա արդեն իրենն է համարում․ «Ալիևն ամիսներ առաջ ասաց՝ եթե Հայաստանը շտապ սահմանագծում չանի, այնտեղ, ուր իրենց զինվորն է կանգնած, կհամարեն իրենց սահմանը։ Որքան մենք տեղի տանք, նրանք ավելին են ուզելու։ Ադրբեջանի զեղծարարություններն ու հորինված պատմությունը հասել է այնտեղ, որ գրքեր ու քարտեզներ են հրատարակում՝ Հայաստանը կոչելով «Արևմտյան Ադրբեջան»։ Եթե մենք սրա հակառակը չփաստենք, տասնամյակներ անց բոլորն ընդունելու են, որ դա Ադրբեջան է։ Հայաստանի բոլոր վանքերը, եկեղեցիները, անգամ ուրարտական շրջանի ամրոցներն անվանում են «Արևմտյան Ադրբեջանի» հուշարձաններ, անվանվում են թուրք-ադրբեջանական անուններով։ Եթե մենք միջազգային ատյաններում նրանց չենք հակադարձում, իսկ մենք կարող էինք անգամ միջազգային դատարաններ դիմել, ուրեմն անուղղակիորեն համաձայնում ենք նրանց հետ»:
«Մենք պիտի մեր բողոքը բարձրաձայնենք, օրինակ՝ օտարալեզու արբանյակային հեռուստատեսության կարիք ունենք։ Մեր ճշմարտությունը միջազգային լեզուներով պետք է ներկայացվի ամբողջ աշխարհին։ Ակնայի ճանապարհի բացումն Ադրբեջանի երկարատև ծրագրի մի մասն է, այն սկսվեց նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումով։ Դրանով Քաշաթաղը տրվում էր Ադրբեջանին, հետևաբար՝ պիտի տարբերակ լիներ Արցախը կապելու Հայաստանին։ Այդ տարբերակը պետք է ներկայացվեր երեք տարի անց, այսինքն՝ միայն 2023 թ․-ին, և հետո միայն կառուցվեր ճանապարհը։ Ադրբեջանը, որը եռակողմ հայտարարության որևէ կետ չի կատարել, այս կետն արագորեն կատարեց։ Երեք տարում ծրագիրը ներկայացնելու փոխարեն՝ նրանք ճանապարհը պատրաստեցին ընդամենը մեկուկես տարում»,- ամփոփեց Ռուբեն Գալչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։