«Ադրբեջանը Հայաստանից 20.000 քկմ-ի պահանջ ունի, ուզում է ստանալ Բաթումի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերի 2-րդ տարբերակը». Գրիգորի Այվազյան

Ադրբեջանի արտգործնախարարն օրերս Աբու Դաբիում կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության ու ականապատ տարածքների քարտեզների մասին։ Արաբական Միացյալ Էմիրությունների  արտգործնախարարի հետ հանդիպմանը Բայրամովն ասել է, որ ՀՀ Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ», պնդելով, որ Հայաստանի տրամադրած «ականապատ տարածքների քարտեզները ճշգրիտ չեն»։

Նշենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում քարտեզների վերաբերյալ Բաքվից հնչում են նման հայտարարություններ։

Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանի խոսքով՝ պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն առաջ է քաշել ու շարունակում է առաջ քաշել մի շարք անիրագործելի նախապայմաններ։

«Օրինակ, պահանջում է ադրբեջանցիներին բերել ու բնակեցնել Հայաստանում՝ մոռանալով արցախահայերի օրինական իրավունքների մասին, մոռանալով մոտ 1 մլն արդբեջանահայերի գույքային, տարածքային ու այլ իրավունքների մասին։ Ադրբեջանն ինքն է սրում սահմանների ողջ երկայնքով իրավիճակը՝ չճանաչելով այդ ՀՀ սահմաններն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Կարդացեք նաև

Մինչդեռ Ադրբեջանի սահմանադրության մեջ, առաջին ու երկրորդ հոդվածներում հղում կա Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներին, խոսքը վերաբերում է մոտ 20.000 քկմ-ի։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանն այս խոսակցություններն ուզում է տանել մինչև Բաթումի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերի 2-րդ տարբերակը ստանալուն։ Ադրբեջանն ուզում է, այսպես ասած՝ վերակենդանացնել այդ պայմանագրերը»,- 168.am հետ զրույցում նշեց Գրիգորի Այվազյանը։

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է «խաղաղության պայմանագրով» ստանալ ամբողջական զիջումների պայմանագիր, որը նշանակում է հայկական պետականության լուծարում։ Ավելին՝ իրականության մեջ Ադրբեջանն այս փաստաթղթի կարգավիճակը պայմանագրից իջեցրել է համաձայնագրի մակարդակի։

«Ադրբեջանն իր անիրագործելի պահանջների շարքը համալրել է քարտեզներով՝ ասելով, թե դրանք կեղծ են։ Եթե Ադրբեջանը քարտեզ է ուզում, թող պաշտոնապես դիմի Արցախի Հանրապետության ղեկավարությանը, որովհետև Ադրբեջանն այստեղ էլ է թակարդ դնում։ Փորձում են այդ պահանջները ներկայացնելուց այնպիսի տպավորություն ստեղծել, որ իբր Հայաստանն այլ տարածքում ականապատման գործընթացներ է իրականացրել և սա օգտագործում է ընդդեմ Հայաստանի՝ տարբեր միջազգային ատյաններում։

Տեսեք՝ Բաքվի դատարանում պատանդի կարգավիճակում գտնվող հայերի նկատմամբ իրականացվող տեռորը, շինծու դատավարությունը, որով փորձում են տարբեր մեթոդներով մեր հայրենակիցներից ցուցմունքներ ստանալ, որոնք կներկայացնեն Արցախը՝ ոչ թե որպես անկախ պետություն, այլ «օկուպացիոն ռեժիմ»»,- հավելեց մեր զրուցակիցը։

Եվ այս համատեքստում Գրիգորի Այվազյանը չբացառեց, որ բոլոր այս գործընթացները կարող են վերաճել լայնածավալ ռազմական ագրեսիայի ընդդեմ հայկական պետականության։

«Արցախի 44-օրյա պատերազմը նաև թուրքական «թուրանական» ծրագիրը կյանքի կոչելու համար էր, և այսօր թուրք-ադրբեջանական տանդեմը սպասում է, որպեսզի աշխարհաքաղաքական իրավիճակը իրեն հարմարվի՝ այդ ծրագիրն ավարտին հասցնելու համար։ Դրա համար պետք է հասկանալ, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։

Տեսանյութեր

Լրահոս