«Կատաստրոֆա է». աղբավայրը ծխում է, ակցիա իրականացնողները բերման են ենթարկվում. ի՞նչ է կատարվում Նուբարաշենում

Մեկ շաբաթ է՝ Նուբարաշենի աղբավայրը ծխի մեջ է. մայիսի 18-ից բռնկված հրդեհը դեռ մասամբ է հնարավոր եղել մարել:

ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը հույսի ունի, որ աշխատանքները կավարտվեն առաջիկա 4 օրերի ընթացքում:

«Այս պահի դրությամբ շինարարական աղբի հատվածը մեկուսացված է, մյուս ուղղություններով աշխատանքներ են տարվում:

Փորձում ենք աշխատանքներն արագ ավարտել, ժամկետի առումով դժվար է ասել, որովհետև եղանակային պայմանները տեսնում եք. մի օր՝ անձրև, մի օր՝ քամի, բայց ամեն դեպքում պլանավորված է՝ մոտակա 4-5 օրը վերացնենք ամեն ինչ, հույս ունենք: Մոտավորապես 5 հեկտար տարածք է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գարեգին Հակոբյանը:

Կարդացեք նաև

Նուբարաշենի աղբավայրը միջազգային չափանիշներին չի համապատասխանում. քաղաքացիներն ու մասնագետները մշտապես ահազանգում են աղբից թունավոր արտահոսքերի և մեթան գազի արտանետումների մասին:

Հրդեհից հետո աղբավայրի ծուխը քամին քաղաքի տարբեր հատվածներ է հասցնում, ու թեև տարբեր գերատեսչություններ նշում են հրդեհի հետևանքով մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի մասին, այդուամենայնիվ որևէ պաշտոնական պարզաբանում կամ զգուշացում չի եղել ու դեռ չկա:

Միայն երկուշաբթի օրը՝ մայիսի 22-ին է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդականը տեղեկացրել, որ դեռ մեկ շաբաթ կպահանջվի՝ հրդեհն ամբողջությամբ մարելու և ծուխը դադարեցնելու համար:

Իսկ իրականում ի՞նչ էր պետք անել նման իրավիճակում. բնապահպան Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ այս հանգամանքին. «Շատ անհանգստացած ենք կոնկրետ պատասխանատու մարմինների ուղղակի լռությամբ, կամ անհեթեթ հայտարարություններով, որոնք ո՛չ խնդրի լուծում են առաջարկում, ո՛չ որևէ բան են ասում:

Այսինքն՝ ունենք աղետալի վիճակ, ու չունենք այդ վիճակում ոչ մի պատասխանատու մարմին, մեր բնակիչների անվտանգությանն ուղղված կոնկրետ գործունեություն: Իսկ անվտանգությունը պետք է ապահովել, որովհետև դա կատաստրոֆա է. այնտեղ դուրս են գալիս շատ վտանգավոր քիմիական միացություններ, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդկանց առողջության վրա»:

Հիմնականում տուժել են աղբավայրի արտանետումներից արդեն իսկ տուժած Նուբարաշեն թաղամասը և երկրորդ թաղամաս կոչվող բնակելի հատվածը, Էրեբունի վարչական շրջանը:

Սակայն Նուբարաշեն թաղամասում խորհրդավոր լռություն էր տիրում իրավիճակի մասին. բնակիչները մեզ հետ զրուցել հրաժարվում էին, միայն մի կին համաձայնեց խոսել տեսախցիկի առջև:

Բնակիչների լռությունն էլ, պարզվեց, ունի իր պատճառները

Քաղաքացիներից մեկը մեզ հետ առանձնազրույցում պատմեց, որ մի քանի տասնյակ բնակիչներով փորձել են բողոքի ձայն բարձրացնել իրավիճակի առնչությամբ, պահանջել, որ գոնե նոր աղբ չբերվի ծխացող աղբավայր, սակայն իրենց այս ինքնաբուխ հավաքն անհամաչափ գործողություններով լռեցրել է ոստիկանությունը, բերման են ենթարկվել:

Ոստիկանությունն իր տարբերակը ներկայացրեց

«Մայիսի 22-ին ինչ-որ ակցիա է եղել աղբավայրի մոտ, որի ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 6 անձ բերվել է ոստիկանություն»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Իսկ այդ հոդվածը մեկնաբանվում է այսպես. «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»:

Աղբավայրի մասին

Նուբարաշենի գործող աղբավայրը Երևանի կենտրոնից ընդամենը 10 կմ-ի վրա է, այստեղ շուրջ 10 միլիոն տոննա աղբ է կուտակվել դեռևս 50-ականներից: Ամեն տարի աղբավայր է բերվում 600.000 տոննա աղբ:

Այս իշխանությունները 2018 թվականից ի վեր վստահեցնում էին, որ պետք է լուծեն նոր աղբավայրի կիսատ մնացած հարցը, մշակեն աղբը, ավելին՝ նորանշանակ Սուրեն Պապիկյանն էր բարձրաձայնել աղբավայրը տեղափոխելու մտադրությունը:

2023 թվականին պաշտոնյաները դարձյալ նույնն են խոստանում. քաղաքապետարանն է օրերս վստահեցրել. «Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր»:

Իսկ մինչ այդ՝ աղբավայրը ու բնակիչները կսպասեն, լավագույն դեպքում՝ նրանց կհիշեն ընտրությունից ընտրություն:

Սեպտեմբերին տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս