Հայաստանը խաղից դուրս է. ընդամենը «դուխով» հայտարարություններ են անում խաղադաշտից դուրս վիճակում. Ռուբեն Մելքոնյան
Ապիրլի 7-ին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի միջև կայացած հանդիպումից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս էին տվել, որի ընթացքում Չավուշօղլուն հայտնել էր.
«Մեր ցանկությունն է, որ օր առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Հարավային Կովկասի մնայուն կայունության և խաղաղության համար այս քայլերը պետք է կատարվեն։ Ռուսաստանի հետ շարունակելու ենք սերտ խորհրդակցության մեջ լինել»։
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն էլ իր հերթին՝ ողջունել էր «ռուսական աջակցությամբ սկսված Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման և Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնման ջանքերը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, խոսելով երկու երկրների ԱԳ նախարարների հայտարարությունների մասին, ընդգծեց.
«Թուրքիան հստակ ձևակերպել է իր պահանջը՝ Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի և ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս։ Երբ Հայաստանը դա կանի, միայն դրանից հետո նոր Թուրքիան կորոշի՝ հարաբերություններ հաստատե՞լ, թե՞ ոչ, և ինչպիսի՞ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ուստի, պետք է արձանագրել՝ ամբողջությամբ կեղծ է այն թեզը, թե Թուրքիայի հետ հարաբերություններ են փորձում հաստատել, որ այդ երկրից եկող վտանգները չեզոքացնեն»,- ասաց թուրքագետը։
Ինչ վերաբերում է Թուրքիայից եկող սպառնալիքներին զուգընթաց՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Ռուսաստանի շահագրգռվածությանը, ապա Մելքոնյանը նշեց, որ հարցը դիտարկելիս, նախ՝ պետք է հասկանալ Թուրքիայի և Հայաստանի կարևորությունը Ռուսաստանի համար, և այդ դեպքում պարզ է դառնում, որ գոնե հայտարարությունների մակարդակով Ռուսաստանը պետք է ասի, որ սատարում է հայ-թուրքական գործընթացը։
«Օրինակ՝ կարո՞ղ է Ռուսաստանի համար Հայաստանի շահը լինել այնքան զգայուն, որքան մեր, իհա՛րկե ոչ։ Կարծում եմ՝ Ռուսաստանի համար, օրինակ, խնդիր չէ «Զանգեզուրի միջանցք» ասվածը. կարծում եմ՝ խնդիր չէ՝ այն կբացվի՞, թե՞ ոչ, հետևապես այն, ինչ մեզ համար կարմիր գիծ է, Ռուսաստանի համար ընդհանրապես զգայուն չէ։ Մենք պետք հասկանանք, թե որն է մեր և Ռուսաստանի խաղը, մինչդեռ այս պահին մենք խաղից դուրս ենք և նայում ենք, թե ինչպես են այլ պետությունները խաղում մեր կիսադաշտում, իսկ մենք դաշտից դուրս «դուխով» հայտարարություններ ենք անում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։