«Մոսադի» ղեկավարն աշխատանքից ազատել է Իրանում իշխանափոխության ծրագրին առնչվող երկու բարձրաստիճան պաշտոնյաների
Իսրայելական «Մոսադ» հետախուզության նոր ղեկավար Ռոման Գոֆմանը պաշտոնանկ է արել գործակալության երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք առնչություն են եղել Իրանում իշխանափոխության անհաջող ծրագրի մշակման հետ, հայտնում է իսրայելական 12-րդ հեռուստաալիքը։
Խոսքը «Մոսադի»՝ անցյալ տարվա դեկտեմբերին հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնը ստանձնած անձի և գերատեսչության իրանական ուղղության ղեկավարի մասին է։
Հեռուստաալիքի տվյալներով՝ երկու պաշտոնյաներն էլ մասնակցել են օպերատիվ ծրագրի նախապատրաստմանը, որը նախատեսում էր Իսլամական Հանրապետության ղեկավարության տապալում՝ Իրանի էթնիկ փոքրամասնությունների աջակցությամբ, և նոր կառավարության ստեղծում:
Հաղորդվում է, որ առաջարկը ներկայացվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն մի շարք պատճառներով այդպես էլ չի իրագործվել։ Ամերիկացի պաշտոնյաները, ինչպես պնդում են, դեռևս պատերազմի մեկնարկից առաջ զգուշացրել էին Թրամփին, որ Իրանում իշխանափոխության հնարավորության վերաբերյալ իսրայելական գնահատականներն անիրատեսական էին:
Անվտանգության ոլորտի աղբյուրները 12-րդ ալիքին հայտնել են, որ Գոֆմանի և երկու աշխատակիցների միջև տարաձայնություններ են եղել հենց սկզբից։ Ընդ որում, ըստ նրանց, հեռացումները տեղի են ունենում փոխադարձ համաձայնությամբ՝ «Մոսադի» ավելի լայնամասշտաբ վերակազմավորման շրջանակում, իսկ նախկին երկու ղեկավարները կշարունակեն աշխատանքը գերատեսչության կառույցում՝ այլ պաշտոններում։

