Սա նշանակում է խաբել ոչ միայն ԵԱՏՄ գործընկերներին, այլև սեփական բնակչությանը․ Ֆադեևը՝ Հայաստանի իշխանությունների դիվերսիֆիկացիոն գործողությունների մասին
Հայաստանի իշխանությունները «դիվերսիֆիկացիա» բառով քողարկում են Ռուսաստանի հանդեպ բացահայտ թշնամական կեցվածք որդեգրած Եվրամիության հետ մերձեցումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:
«Պետք չէ փոփոխել հասկացությունները, քանի որ եթե «դիվերսիֆիկացիա» գեղեցիկ բառի տակ քողարկում ես եվրասիական ինտեգրացիայից և ավանդական դաշնակցից շրջադարձ կատարելը դեպի Ռուսաստանի հանդեպ բացահայտ թշնամական կեցվածք որդեգրած Եվրամիություն, որը լրջորեն քննարկում է Ռուսաստանի հետ ուղիղ բախման հնարավորությունը, ապա այստեղ, ըստ էության, եզրակացությունն ակնհայտ է»,-ասել է Ֆադեևը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները:
Պաշտոնյան դա անվանել է բացահայտ խաբեություն ոչ միայն եվրասիական ինտեգրման գծով գործընկերների, այլև հենց Հայաստանի բնակչության համար։ Ֆադեևի խոսքով՝ դեպի Եվրոպա նման «ցատկի» սոցիալ-տնտեսական հետևանքները թաքցվում են Հայաստանի քաղաքացիներից, իսկ արտահանման հետ կապված ընթացիկ դժվարությունները ներկայացվում են որպես Մոսկվայի կողմից ինչ-որ պատժամիջոցներ։
«Դրանք մեր պատժամիջոցները չեն, այլ այն իրականությունը, որը սպասում է ՀՀ–ին` ավանդական կապերը խզելու դեպքում», – ընդգծել է դիվանագետը:
Ֆադեևը հավելել է, որ Արևմուտքի երկրների հետ փոխգործակցության մասին Երևանի ստորագրած հռչակագրերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն` ի տարբերություն ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի:
Նա հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցում սևով սպիտակի վրա նշում էր, որ հանրապետությունն Արևմուտքի համար «ցածր ծախսատարությամբ ձեռնարկություն» է։

