Պուտինը շնորհակալություն է հայտնել 76-րդ դիվիզիային Դոբրոպոլի ուղղությամբ գործողությունների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ օդադեսանտային զորքերի 76-րդ դիվիզիայի հրամանատար Աբդուլազիզ Շիխաբիդովի հետ։
ՌԴ նախագահը զեկույց է լսել Դոբրոպոլի ուղղությամբ շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Շիխաբիդովի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը հետ են մղել հակառակորդի ավելի քան 70 հակագրոհ, իսկ գերեվարվել է Ուկրաինայի զինված ուժերի 19 զինծառայող։ Գնդապետը Պուտինին զեկուցել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության «ազատագրման» ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են գրեթե անընդհատ։
Աբդուլազիզ Շիխաբիդովը հայտնել է, որ զինծառայողների տրամադրությունը բարձր է և վստահ։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել 76-րդ դիվիզիային՝ Դոբրոպոլի ուղղությամբ արդյունավետ գործողությունների համար։

