Փաշինյանի սցենարը՝ կյանքում դուրս չի գա ԵԱՏՄ-ից. կվռնդե՞ն, ինքը հալածյալ կխաղա. Հայաստանն իրեն չի հետաքրքրում, միայն թե իշխանություն չկորցնի. Դավիթ Անանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Թերևս, թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը զուգահեռ կարևորություն ունեցող երկու մարմիններ են։ Քաղաքական առումով, բնականաբար, թիվ 1 ամբիոնը և քաղաքական գործընթացների թիվ 1 թատերաբեմն Ազգային ժողովն է։
- Կառավարության կարևորությունը կայանում է նրանում, որ տնտեսական գործընթացները, կառավարության անելիքները և մեր ապագայի կանխորոշումը մեծապես կախված են հենց նրա գործունեությունից։ Սակայն քաղաքական առումով կարևոր թատերաբեմն Ազգային ժողովն է՝ նաև այն հանգամանքից ելնելով, որ մեր տիտղոսային ընդդիմադիր երկու խմբակցությունների մարտավարությունը հիմնված է Ազգային ժողովն ու փողոցը միավորելու վրա։
Քաղաքական պայքարն այս երկու հարթություններում զուգահեռ տանելու շնորհիվ Ազգային ժողովը դառնում է չափազանց կարևոր հարթակ։
Մեր երկրի առջև ծառացած են տնտեսական մարտահրավերներ, և մենք, ըստ էության, հնարավոր է՝ բախվենք մեծ կորուստների։ Հետևաբար՝ տնտեսական առումով անելիք ունի կառավարությունը, իսկ քաղաքական առումով՝ Ազգային ժողովը։
- Ցանկացած քաղաքական գործընթացից հետո քաղաքական դաշտում սովորաբար ստեղծվում է մի վակուումային իրավիճակ։ Այն ուժերը, որոնց ակնկալիքները մասամբ կամ ամբողջությամբ չեն բավարարվել, կամ ենթարկվել են ֆիասկոյի, քաղաքական գործունեության առումով որոշակի բարդությունների են բախվում։
Բայց այն ուժերը, որոնք ամեն ինչում էվոլյուցիա են տեսնում և դասական առումով չեն մտել քաղաքականություն, այլ որոշակիորեն եկել են կոնկրետ գործողություններ ու գործընթացներ համազդարարելու և դրանց մասնակից դառնալու նպատակով, պետք է փորձեն օրակարգ թելադրել արտախորհրդարանական միջավայրում և ուշիուշով հետևել խորհրդարանում տեղի ունեցողին։
- Շատ կարևոր է, թե ինչպես կդիրքավորվեն մեր ընդդիմադիր գործիչները, և արդյո՞ք իրենց գործունեությունը կսահմանափակեն միայն պառլամենտում պոլեմիկաներով, հարցադրումներով ու օրինագծեր ներկայացնելով։ Վաղաժամ է դեռ հստակ գնահատականներ տալ, բայց այո՛, այս մի քանի օրվա ընթացքում, բացի Ազգային ժողովի նախագահի և տեղակալների ընտրության գործընթացից, նաև դե ֆակտո ստեպ-ստեպ հնչում են խելամիտ քաղաքական հայտարարություններ ու խոսույթներ։ Այդ թվում՝ Նարեկ Կարապետյանի ներկայացրած որոշակի ծրագրային դրույթներ ապագային են միտված և լակմուսի թղթի նման ամեն ինչ դնելու են իր տեղը։
- Ժողովրդին պետք է զբաղեցնել բառիս թե՛ քաղաքական, թե՛ լավ իմաստով, որպեսզի հանկարծ հետընթաց չգրանցվի։ Մենք տեսնում ենք, որ հանրությունն այնքան էլ ակտիվ չի մասնակցում քաղաքական գործընթացներին, և այդ թվացյալ բարձր մասնակցությունը՝ տարբեր մանիպուլյացիաների արդյունքում գրանցված 59%-ը, իրականում մոտավորապես 40-49% էր։ Արձանագրում ենք, որ հանրության մասնակցության ակնկալիքները բոլորիս կողմից գերագնահատված էին, հետևաբար՝ քաղաքական թիմերի և մարմինների արդյունքներն էլ էին գերագնահատված։

- Այդ օրակարգերը ոչ թե զուտ պառլամենտական ընդդիմության խնդիրն են, այլ պետք է ձևավորվեն ընդդիմադիր դաշտի միասնական աշխատանքի արդյունքում։ Արտախորհրդարանական ուժերն իրենց գործունեությամբ պետք է թելադրեն, հուշեն, աջակցեն, և այլն։ Այսինքն՝ այստեղ համաձայնեցված աշխատանքի հսկայական պոտենցիալ կա, սակայն նախկինում ձևավորված մասնատվածության մշակույթը, որը տարիներ շարունակ արմատացել է, պետք է ամեն ինչ անենք, որ հաղթահարենք և լինենք միասնական։
- Մեր այն ընդդիմադիր պատգամավորները, որոնք եղել են 8-րդ գումարման Ազգային ժողովում, ըստ էության, կարծես թե կիսատ ասելիք ունեին, որը շարունակում են 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերում, ասես փորձելով մարել իրենց չասված խոսքը։ Այսինքն՝ փոխադարձ դիրքավորվելու, ռևերանսային մոտեցումները ճշգրտելու և վերաիմաստավորելու առումով կան բաներ, որոնք հիմա երևի թե կանեն ու կվերադառնան մեր ու ձեր նշած օրակարգային կետերի հստակ թիրախավորմանը։
- Այդ օրակարգային կետերը չպետք է սահմանափակվեն զուտ հարցուպատասխանի ձևաչափով, այլ պետք է ներկայացվեն կոնկրետ օրինագծեր։ Այդ օրինագծերը պետք է արժանանան հանրային քննարկման, որին կհրավիրվեն ոչ միայն արտախորհրդարանական քաղաքական ուժերը, այլև հանրային գործիչներ։ Այն անձինք, ովքեր հանրային ընկալման մեջ ունեն որոշակի կշիռ և ասելիք, բոլորը պետք է մասնակցեն այդ քննարկումներին։ Արդյունքում կստացվի, որ ընդդիմությունն Ազգային ժողով է տանում ոչ թե պարզապես պառլամենտական տիտղոսային ընդդիմության հեղինակած օրինագիծը, այլ արդեն հանրային քննարկմամբ զտված, մաքրազարդված և հանրային համերաշխությամբ ձեռք բերված կոնկրետ օրակարգային փաստաթուղթ։
- Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն արկածախնդրության դրսևորման հերթական ձևն են, ինչը հետևանք է ունենալու: Երբ ասում է, թե ԵԱՏՄ-ն կաթվածահար է եղել, հաջորդ նախադասությամբ հայտարարում է, թե մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ մտադրություն չունենք: Այս ամենն այնպես է մատուցվում, որ ինչ-որ տողատակում, ֆուտնոտով, լուսանցքում միշտ ասվում է՝ բայց մենք երբեք նման խնդիր չենք դրել՝ դուրս գալու ԵԱՏՄ-ից, որովհետև նա շատ լավ գիտակցում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը շատ ցավալի է։
- Ժամանակին, երբ փորձում էր խաղարկել «Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ» երկընտրանքը, դա անում էր, որովհետև հակառուսականությունն ու Եվրոպա գնալու ուղղությունն օգտագործում էր՝ որպես քաղաքական վերարտադրության հիմնական ռեսուրս։ Եվ այդ ռեսուրսից օգտվելիս եվրոպացի չինովնիկները, ըստ էության, տվել են նրան համապատասխան քարտ-բլանշ և ամեն ինչով օժանդակել, որ նա այստեղ վերարտադրվի, որովհետև իր դեմքով տեսել են հակառուսականության շատ կարևոր մի դերակատարի, կամ այնպիսի մեկին, որը թվացյալ բարձր լոյալություն ունի Եվրամիության կամ եվրոչինովնիկների նկատմամբ։
- Իրականում Եվրոպան Հայաստանի նկատմամբ չունի տնտեսական որևէ հետաքրքրություն: Դա իլյուզիա է, և մենք պետք է բոլորին բացահայտ ասենք, որ Հայաստանը տնտեսական առումով Եվրամիությանն այնքան էլ հետաքրքիր չէ: Եթե մենք Եվրոպային նայում ենք որպես բարձր վճարունակություն և ինտելեկտ ունեցող 450 միլիոնանոց սպառման շուկա, արդյո՞ք իրենք մեզ նայում են այդ շուկան սպասարկողի տեսանկյունից։ Արդյո՞ք ակնկալում են, որ Հայաստանում պետք է արտադրվի բարձրակարգ գյուղատնտեսական կամ արդյունաբերական արտադրանք, որը պետք է սպառվի Եվրոպայում։ Հակառակը՝ եվրոինտեգրման գործընթացում իրենք երկրներին նայում են՝ որպես հավելյալ սպառման շուկաներ այն ապրանքների համար, որոնք արտադրվում են հենց Եվրոպայում։ Հետևաբար, ստանդարտիզացիայի առումով Եվրոպաև այնպիսի խիստ ստանդարտներ է դնում, որոնց համապատասխանեցնելու համար քո արդյունաբերությունից ու գյուղատնտեսությունից շատ երկար ժամանակ կպահանջվի։
- Եվրոպայի հարցում տնտեսական իլյուզիա կամ տնտեսական առաջնահերթություն Հայաստանը չպետք է ունենա. Եվրոպային հետաքրքրում են միայն քաղաքական ակնկալիքները։ Իսկ քաղաքական ակնկալիքը հակառուսականությունն է և այս տարածաշրջանում Ռուսաստանից Հայաստանը պոկելն ու եվրոինտեգրման ուղի բերելն է (քանի որ Վրաստանի պարագայում դա լիարժեք չհաջողվեց)։ Իսկ եվրոինտեգրումը մեր պարագայում, ըստ էության, նշանակում է վերածվել Թուրքիայի պրոտեկտորատ տարածաշրջանի. Եվրոպայի ուզածը սա է։

- Ի՞նչ է նշանակում այս «ռուս-հայկական» պատերազմը, որը հրահրել է Նիկոլ Փաշինյանը։ Նա չի ուզում ԵԱՏՄ-ից դուրս գալ, բայց ունի քաղաքական պատվեր և այդ պատվերի շրջանակում կատարում է հերթական դերակատարումը։ Սակայն Ռուսաստանից ու ԵԱՏՄ-ից կտրվելու մեծ ցանկություն, մեր մեջ ասած, երևի թե չունի էլ, որովհետև լավ է պատկերացնում, թե դա ինչ է նշանակում Հայաստանի համար։ Սրանք ուղղակի քաղաքական ռևերանսներ են։
- Մենք ականատեսն ենք եղել, չէ՞, որ նա նաև քաղաքական գործընթացներում մարդկանց ասել է. «Ես ինձ գժի տեղ էի դնում, որ կարողանայի խուսանավել»։ Այո, երբ հրապարակեց այդ ձայնագրությունը (Սերժ Սարգսյանը հրապարակեց,- հեղ.), հենց նա էր դա ասել, չէ՞։ Միգուցե հիմա ոչ թե գժի տեղ է դնում, այլ ուղղակի խեղկատակի տեղ է դնում՝ չգիտեմ։ Հիմա նա, թակարդն ընկած ճնճղուկի նման, պատկերացրեք՝ մի իրավիճակում է, որտեղ թակարդը սկզբում մի քիչ մեծ էր, իսկ հիմա գնալով փոքրանում է։ Ռուսաստանն՝ այս կողմից, Եվրամիությունը (ավելի ճիշտ՝ եվրոչինովնիկությունը)՝ այն կողմից, կամաց-կամաց սեղմել են նրան, և նա գնացել ու հայտնվել է իր լարած թակարդի մեջ։ Եթե նախկինում տատանողականություն ուներ՝ գնում էր Ռուսաստան և ասում այն, ինչ իրենից սպասում էին, հետո գնում էր Եվրոպա և ասում այն, ինչ Եվրոպային էր պետք, հիմա այդ տատանողականությունը հասել է գրեթե զրոյի, չունի այլևս տատանողականություն։
- Ե՛վ Եվրոպան, և՛ Ռուսաստանը նրան դրել են փաստի առաջ՝ ընտրի՛ր, կատարի՛ր ընտրություն։ Այժմ նա տեսնում է, թե այդ ընտրությունը որքան ցավալի է իր համար։ Սրա շուրջ է նա այսօր մտորում, և այն, ինչ ասում է հակառուսականության մասին, ըստ էության, խաղ է։ Նա խաղում է, չի ուզում դեռևս հանձնվել, բայց ես չեմ էլ պատկերացնում, թե նրա հակառուսականությունն իրական է. դա ուղղակի պատրանք է։
- Ռուսաստանի Դաշնությունում շատ դեպքերում մեր «ռուս գործընկերները» պահի ազդեցությամբ կարող են որոշումներ կայացնել, այլ ոչ թե դրանք լինեն հեռահար, գծված, երկարաժամկետ ծրագրի կամ հերթական քայլի արդյունք։ Իրենք պարզապես շատ կոշտ գործիքակազմ են կիրառել՝ սահմանափակումներ մտցնելով։ Ասում են, թե իրենք հայ ժողովրդի հետ խնդիր չունեն, այլ խնդիրն այս քաղաքական ուժի հետ է։ Հիմա՝ դուք խնդիր ունեք քաղաքական ուժի հետ, բայց այնպիսի կոշտ գործիքակազմ եք կիրառում, որի վատ իմաստով շահառուն ըստ էության հայ ժողովուրդն է, այսինքն՝ մենք ենք դա զգալու մեր կաշվի վրա։
Հիմա դա զգում է գյուղացին, արտադրողը, կոնյակ արտադրողը և այլն։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ Ռուսաստանը հստակ գիտի՝ ինքը Հայաստանի համար ոչ թե պարզապես շուկա է, այլ արտահանման այնպիսի շուկա, որն ընդունում է համակարգաստեղծ ապրանքներ (գյուղատնտեսություն, վերամշակող արդյունաբերություն և այլն)։ Իսկ դա նշանակում է, որ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ մարզերում և մարզային տնտեսություններում։
- Ես ընդունում եմ, որ ինչպես բոլոր երկրները, իրենք էլ ունեն իրենց շահերը, բայց ես ակնկալում եմ, որ մեր գործունեության արդյունքում իրենք իրենց շահերը պետք է համապատասխանեցնեն կամ գոնե հաշվի առնեն նաև մեր շահերը։ Դրա համար, սակայն, մենք պետք է ունենանք ադեկվատ իշխանություն։
- Այո, Ռուսաստանը քանի անգամ զգուշացրել է, բայց խոսելը մի բան է, իսկ Ռուսաստանի կողմից կիրառվող կոշտ գործիքակազմն ու անդառնալի հետևանքները հանրության մոտ հակառուսականություն են առաջացնում։ Իհարկե, դա հենց Արևմուտքի նպատակն է: Այսինքն՝ Ռուսաստանն իր այսօրվա գործողություններով ուղղակի սպասարկում է եվրոչինովնիկների շահերը։ Հասկանո՞ւմ եք, իրենք պետք է գիտակցեն, որ այդ գործողություններով հանրության շրջանում հակառուսականության ալիքը բարձրացրել են այնպիսի աննախադեպ մակարդակի, ինչպիսին երբեք չի եղել։ Չէ՞ որ Եվրամիության կողմից ժամանակ առ ժամանակ պատվիրված սոցիալական հարցումներում եվրոինտեգրմանը հավանություն տվողների թիվը հասել է 51-54%-ի։ Միայն այս տարի առնվազն երկու այդպիսի հարցում են կազմակերպել, և դրանով նույնպես նպաստում են հակառուսականության ալիքի բարձրացմանը։
- Եվրոպան այսօր պատրաստ չէ ֆինանսավորելու ԵԱՏՄ-ից կտրվելու մեր վնասները։ Եվրոպան նույնիսկ այն դեպքում, երբ ասում է, թե կընդունի մեր գյուղմթերքի 80%-ը, հավելում է․ «Նախ՝ իմ ասածը կգործի միայն 2 տարի, երկրորդը՝ ես քո արտադրանքը ենթարկելու եմ խիստ ստանդարտիզացիայի, և որոշակի գյուղատնտեսական արտադրանքի վրա կիրառելու եմ սահմանափակումներ մտցնելու իմ իրավասությունը»։ Այսինքն՝ նման պայմաններ է դնում, ընդ որում՝ ամբողջ գործընթացը նախատեսված է մոտ 2 տարվա համար։

- ԵՄ-ից ասում են՝ «ես քեզ 52 միլիոն եվրո կտամ» (դրանից 34 միլիոնն արդեն տվել են հունիսին՝ ըստ Եվրահանձնաժողովի տվյալների), և հուլիսին էլ ազդարարեցին, որ Եվրահանձնաժողովի կապուղիների ընթացակարգերն իրականացնելու համար կտրվի 200 միլիոն եվրո դրամաշնորհ, որն ունի մինչև 2 միլիարդի ներդրումային պոտենցիալ։ Բայց ինչ էլ որ լինի և իրականություն դառնա, այս ամենը չի կարողանալու փոխհատուցել այն հսկայական կորուստները, որոնք մենք կունենանք ԵԱՏՄ-ից դուրս գալու պայմաններում։
- ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով մեր կորուստները կարող են հասնել տասնյակ միլիարդների՝ կախված նրանից, թե, օրինակ, ինչպես կվերանայվի գազի սակագինը։ Անընդհատ Ռուսաստանն ասում է․ «Գիտե՞ք, մենք ձեզ գազ ենք մատակարարում արտոնյալ պայմաններով՝ 177.5 դոլարով (1000 խմ-ի դիմաց), մինչդեռ Եվրոպայում նույն գազը վաճառում ենք, օրինակ, 600 եվրոյով»։ Պարզ է, չէ՞, որ մենք չենք կարող գնել 600 դոլարով, և պարզ է նաև, որ Ռուսաստանն էլ ամենայն հավանականությամբ մեզ այլևս չի վաճառի արտոնյալ գնով։
- Ինքը նաև ցույց է տալիս այն պոտենցիալ վտանգը, թե գազի գնի թանկացման դեպքում (177-ից հասնելով 600-ի) ինչ կլինի Իրանից կամ այլ աղբյուրներից ստացվող գազի և դրանով արտադրվող էլեկտրաէներգիայի պարագայում։ Կթանկանա էլեկտրաէներգիան, ջերմոցային տնտեսությունների արտադրանքը և բոլոր այն ապրանքները, որոնց արտադրության մեջ գազն օգտագործվում է՝ որպես հումք։ Երբ այս ամենը հաշվի ես առնում, հասկանում ես, որ միայն գազի թանկացումից առաջացած վնասները կարող են հասնել տասնյակ-միլիարդավոր դոլարների։
- Հետևաբար, Եվրամիությունից որևէ մեծ ֆինանսական ակնկալիք կամ պատրանքներ չպետք է ունենանք։ Նախ՝ Եվրոպան չի պատրաստվում ֆինանսավորել այդ կորուստները։ Կարող է որոշակի մեղմող քայլեր իրականացնել, բայց չի կարող, չի ուզում և չի պատրաստվում փոխհատուցել մեր վնասները։ Ավելին ասեմ՝ Եվրոպան նույնիսկ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել, որ պատրաստ է մեզ տալ թեկնածուի կամ որևէ այլ կարգավիճակ։ Նույնիսկ այս տարվա գագաթնաժողովում Հայաստանը ներկայացվում էր՝ պարզապես որպես «ԵՄ մերձավոր բարեկամ երկիր»։
- Եվրոպայի պահանջներն այսօր զուտ քաղաքական են, իսկ տնտեսական առումով Հայաստանն իրենց այնքան էլ հետաքրքիր չէ, և իրենք չեն էլ պատրաստվում որևէ լուրջ տնտեսական բեռ վերցնել իրենց վրա։
- Չէ՛, ԵԱՏՄ-ից դուրս չի գա, որովհետև հստակ պատկերացնում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրոք երկրի համար շատ ծանր հարված է, և այդ հարվածի արդյունքում ինքը պարզապես չի կարողանա կառավարման ղեկն իր ձեռքում պահել, իշխանություն կկորցնի։ Որովհետև հիմա, եթե այս կամ այն ոլորտին որոշակի սուբսիդավորումներ են տալիս՝ բերանները փակելու և լռեցնելու համար, վաղը չի ունենալու այդ հնարավորությունը. Հայաստանը չունի այն ռեսուրսը, որ շատ արագ վերադասավորում անի, Ռուսաստանի փոխարեն՝ գտնի այլ շուկա կամ այլ էներգակիր մատակարար երկիր։
- Մենք բոլորս պատկերացնում ենք, չէ՞, որ գազի 82%-ը Ռուսաստանն է մատակարարել։ Իրանը տեսականորեն կարող է դառնալ այլընտրանք, բայց սկզբնական շրջանում խողովակների թողունակությունը, որակը և փոխադրող համակարգերը խնդիրներ են ստեղծելու:
- Չպետք է մոռանանք, որ գազի պաշարներով Իրանն աշխարհում երկրորդ-երրորդ տեղում է, հետևաբար՝ գազ կա, բայց ենթահամակարգեր պետք է լինեն թե՛ իրենց, թե՛ մեր մոտ։ Այսինքն՝ տեսանելի ապագայում Իրանը չի կարողանալու լինել լիարժեք այլընտրանք։ Ես դա էի ասում. Իրանը պոտենցիալ ունի՞ դառնալու այլընտրանք՝ այո՛, հիմա՝ ոչ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ միջնաժամկետում՝ տարիներ անց, Իրանը հնարավորություն կունենա մեզ գազ մատակարարել 230-240 դոլարից ոչ պակաս գնով (1000 խմ-ի դիմաց). սա կլինի լավագույն հնարավոր գինը՝ այսօրվա 177.5-ի փոխարեն։ Հետևաբար, մենք տեսնում ենք, որ չկա որևէ այլընտրանք, որն անմիջապես կփոխարինի Ռուսաստանին արտաքին շուկաների, էներգետիկայի և այլ ոլորտներում։

- Մի բան էլ ենք մոռանում․ բացի դրանից, ատոմակայանը շահագործվում է ռուսների հետ պայմանագրի շրջանակում, «Հարավկովկասյան երկաթուղին» «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, որը տվել ենք կոնցեսիայով։ Դրա շուրջն էլ արդեն բացվել է որոշակի քաղաքական բանավեճ։ Բացի այդ, գազամատակարարման ամբողջ համակարգը, երկաթուղին և ատոմակայանը Ռուսաստանի պետական կազմակերպությունների միջոցով վերահսկվող ենթահամակարգեր են, այսինքն՝ այստեղ ևս լուրջ հարցեր կան։
- Դու չես կարող խզել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ և միաժամանակ պահպանել բարիդրացիական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ ԵԱՏՄ-ի հետ խզումը նշանակում է խզում Ռուսաստանի հետ։ Սա պետք է բոլորը հասկանան։
- Մյուս կողմից՝ Ռուսաստանն էլ ասում է․ «Դու այս ձևով չես կարող շարունակել մնալ, հերիք է այս լարախաղացությամբ զբաղվես»։ Բայց Ռուսաստանն էլ Հայաստանի հետ խոսում է ուլտիմատիվ կեցվածքով։ Երբ քո երկիրը ներկայացնող իշխանությունը չունի դեմք ու դիմագիծ, բոլորն էլ կարող են քո երկրի հետ խոսել ուլտիմատիվ լեզվով։
- Ամերիկայի Միացյալ Նահանգները խոսում է իշխանության հետ, բայց նաև խոսում է ընդդիմության հետ։ Այսինքն՝ պատվիրակներին կամ այն մարդկանց, որոնց ուղարկում են Հայաստան, ուղարկում են, որպեսզի տեսնեն՝ ինչ է կատարվում։ Դեսպանատան տարբեր աշխատողներ կամ տարբեր դերակատարում ունեցողներ իրենք և՛ ընդդիմության հետ են հանդիպում, և՛ իշխանության հետ՝ ոչ հրապարակային։ Իհարկե, հենց դա տեղեկատվության հավաքագրում է, որպեսզի երկրի նկատմամբ ունենա որոշակի պատկերացում, ճշգրիտ պատկերացում։ Այո՛, դա ինֆորմացիայի հավաքագրում է։ Իսկ Ռուսաստանը միակ երկիրն է, որ աշխատում է միայն իշխանության հետ միշտ, ընդդիմության հետ երբեք չի աշխատել։
- Իհարկե, Ղազախստանը կարողանում է ունենալ որոշակի երկակի դերակատարում, բայց կյանքում չհավատաք, որ Ղազախստանը ԵԱՏՄ-ն մասնատելու որևէ գործընթացի մասնակից դառնա, ոչ, երբեք ոչ։
- Փաշինյանի պատվիրատուները փորձում են ԵԱՏՄ-ն պայթեցնել, բայց Հայաստանը Փաշինյանի օրոք երբեք հայտ չի ներկայացնելու ԵԱՏՄ-ից դուրս գալու, հակառակը՝ ինքը միշտ ասել է, որ մենք ուզում ենք մնալ ԵԱՏՄ-ում։ Ինքը հեչ դեմ չի լինի, որ լինի հանրաքվե, և հանրաքվեով, օրինակ, ժողովուրդը դուրս գա և ասի, որ մենք ուզում ենք մնալ ԵԱՏՄ-ում։ Դա մի սցենար է։ Ինքը դեմ չի լինի, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները դեկտեմբերին իրենց զեկույց ներկայացնեն, թե Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս թողնելու կամ դուրս հանելու ինչպիսի ընթացակարգեր կարող են իրականացնել։ ԵԱՏՄ-ն եթե որոշի, որ դուրս է հանում Հայաստանին, ինքը մինչև վերջ կասի, որ ինքը՝ Հայաստանը, չի ուզում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց դուք որոշեցիք։ Հետևաբար, էն, ինչ որ հիմա ինքն անում է, խաղ է։ Ինքը խաղում է, կյանքում դուրս չի գալու ԵԱՏՄ-ից, Հայաստանը երբեք նախաձեռնություն ցույց չի տալու, Փաշինյանը դա չի անելու։ Կվռնդե՞ն Հայաստանին ԵԱՏՄ-ից, ի դեմս իրեն, ինքը կդառնա հալածյալ։ Ի՞նչ վատ է, որ, իր հաշվարկը դա է։
- Փաշինյանը ստեղծում է իր տեսանկյունով կառավարելի քաոս։ Կառավարելի քաոսային իրավիճակ, երկիրն իրեն չի հետաքրքրում։ Երկրի շահն ու իր անձնական շահը զուգահեռ չեն գնում: Ինքն իր անձնական շահն է տանում առաջ, ինքը չգիտի՝ երկրի շահը որտեղ է։
- Եթե մի 50 000 հնդիկ միգրանտ գա Հայաստան, պատկերացնո՞ւմ ես՝ քո հանրության համար ինչպիսի ժողովրդագրական կոլապս կարող է առաջացնել դա։ Մենք, մեր երկիրն՝ իր ներքին համակարգերով, վերահսկողական համակարգերով, պատրաստ չէ ընդունելու որևէ միգրանտ։ Եվ ենթադրում ենք, չէ՞, որ այդ միգրանտները, որոնք գալիս են, լավ օրից չէ, որ գալիս են, այսինքն՝ այդ մարդիկ կրթության խնդիր են ունեցել, բռնությունների ենթարկվել, այդ մարդիկ չքավոր են, ունեցվածք չունեն։ Այսինքն՝ միգրանտները, որոնք հիմա այլ երկիր են տեղափոխվում, իրենց համար կենցաղային և սոցիալական լավ պայմաններ են փորձում գտնել։

Երբ ռուս բիզնեսմեններ եկան Հայաստան, ինչ-որ չափով նաև դրական համարեցինք, որովհետև գալիս են միջինից բարձր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող բիզնեսմեններ, և նաև հանրության առումով որոշակի աշխուժություն ստեղծվեց, չէ՞, էդ նույնը չի լինելու։ Գալու են կրթական ցենզից ցածր ցենզ ունեցող, կրթություն չունեցող, սոցիալական առումով ցածր խավի այնպիսի մարդիկ, որոնք մեզանից մեր երկրում ունենալու են որոշակի պահանջներ։
Ես ավելի շատ հիմա մտահոգվում եմ, որ մենք ներքին վերահսկողական համակարգեր ուղղակի չունենք։
Հայաստանը հյուրընկալ երկիր է, տարբեր ազգեր կարող են գալ, ուզում են ապրել՝ թող ապրեն, բայց պետք է լինի վերահսկողություն, ժողովրդագրական առումով վերահսկողություն, ռիսկերի գնահատում։ Ամեն դեպքում նաև մենք՝ որպես պետություն, դեռ մեր ներքին հարցերը չենք կարգավորել, մենք դեռ մեր աղքատության հետ կապված խնդիրները, դեռ մեր հարևան երկրների հետ մեր սահմանային հարցերը չենք վերջնական տեսքի բերել, մենք դեռ պետականության հետ կապված ռիսկերը չենք չեզոքացրել ու միգրանտներ ենք ընդունում։
- Բոլորս պետք է համախմբվենք մեր ազգային միակ ինստիտուցիոնալ կառույցի և Վեհափառ Հայրապետի շուրջ։ Աներկբա է, այստեղ ասելիք չկա, և այո՛, բոլորս պետք է դրա մասին ազդարարենք, դրա մասին խոսենք։ Նույնիսկ մղձավանջում չէիր պատկերացնի՝ սրանից 10 տարի առաջ մեկն ասեր, որ՝ գիտե՞ք, գալու է ժամանակ, երբ Վեհափառ Հայրապետը ներգրավվելու է որպես գործով մեղադրյալ։ Պատկերացրեք՝ էդ արտահայտությունը մի 10 տարի առաջ ինչ-որ մեկն աներ, ու կասեին՝ սա խելագարվել է։ Մենք հասել ենք դրան։ Սա պատվեր է։
- Թուրքական ավանդազրույցներում «քեշիշ բաբան» չար ուժերին բնորոշ երևույթ է, և այո՛, իրենց պետական, կրթական համակարգերով հայ հոգևորականը համարվում է չարիք իրենց համար։ Հիմա, ըստ էության, նաև պատկերացնում եմ, որ եվրոպական որոշ չինովնիկներ էլ կլինեն, որոնք կլինեն այդ պատվիրատուների շարքում, որովհետև Հայ Առաքելական եկեղեցին շատ ու շատ կուլիսներում ներկայացնում են՝ որպես աղանդ, այդ թվում նաև՝ եվրոպական։ Հետևաբար, մենք դեռ իրական պատվիրատուների ամբողջ շարքը կարող է չգիտենք, բայց, այո՛, սա պատվերով իրականացում է, որը նաև համընկնում է նրա անձնական շահերի հետ։
- Մենք՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներս, բոլորս, ովքեր մեզ համարում ենք հայ քրիստոնյա, սա ոչ թե պետք է դիտենք Հայոց հայրապետի դեմ ուղղված գործողություն, այլ մեր ինքնութենական հիմքերին հարված՝ միտումնավոր հարված, որտեղ Հայ Առաքելական եկեղեցին միակ ինստիտուցիոնալ կառույցն է, որ մնացել է՝ իր 1700-ամյա պատմությամբ, և որը միշտ մեզ պահել է, մեր դիմագիծը պահել է և ինքնութենական առումով մեր ամենակարևոր հենասյուներից մեկն է, եթե ոչ՝ ամենակարևորն այս պահին։ Կոչ եմ անում մեր հանրությանը, մեր եղբայրներին, մեր քույրերին՝ ուշադիր լինեն, հետևեն իրադարձությունների զարգացմանը, և բոլորով պետք է կանգնենք Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, կողքին լինենք, պատվար կանգնենք Վեհափառ հայրապետին և մեր հավատին։
Մանրամասները՝ տեսանյութում:

