Խղճուկ, ողորմելի, կախյալ… Թուրքիայի վախից՝ սարսափում են բառ անգամ ասել. Ռուբեն Մելքոնյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱԳ նախարար Գեդեոն Սաարի ներկայացրած նախագծին։ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հարցին ի պատասխան, հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում, քանի որ կարծում է՝ «Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից»։
Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, այնքան է սարսափում Թուրքիայից և Ադրբեջանից, որ նույնիսկ «շնորհակալություն» բառն է վախենում արտասանել` ուղղված Իսրայելին:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Աշխարհն այլևս առաջվանը չէ. 21-րդ դարում պատերազմներն այլ ժանր են դարձել, երբ Թրամփը կարող է հայտարարել, որ ոչնչացրել է Իրանը, հետո մի ժամ հետո հայտարարել, որ Իրանի հետ բարեհաջող բանակցում են…
- Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն աշխարհի տարբեր երկրների կողմից երբեք զերծ չի եղել քաղաքականացվածությունից: Բայց Հայաստանի նախկին իշխանություններն այնպիսի քաղաքականություն էին վարում, որ շատ երկրներ պարզապես չէին կարող այդ հարցը չդարձնել իրենց քաղաքական գործիքակազմի մաս: Իսրայելը տասնամյակների ընթացքում կա՛մ իրեն չեզոք է պահել, կա՛մ տորպեդահարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Իսրայելն իսլամադավան պետությունների շրջանում հավաքական թշնամու կերպար է, և Էրդողանն իր քաղաքական կենսագրության մեջ ունի երբեմն նույնիսկ ռասիզմի հասնող այդ շտրիխը: Բայցև Թուրքիան առաջին իսլամադավան պետությունն է, որը ճանաչել է Իսրայել պետությունը:

- Նախորդ տասնամյակներում, երբ Թուրքիան դժվարության առաջ էր կանգնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կոնտեքստում, հաճախ էր դիմում Իսրայելի օգնությանը: Բայց Թուրքիան Իսրայելին նաև մեղադրում է Գազայի հատվածում պաղեստինցիներին ցեղասպանելու մեջ: Թուրքիա-Իսրայել հարաբերություններում «ցեղասպան» տերմինն այսօր թրենդային է. մեկը մյուսին մեղադրում է Ցեղասպանություն իրականացնելու մեջ: Չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի ընթացում Արցախի ցեղասպանության մեջ Իսրայելն ունի շատ կարևոր դերակատարում:
- Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը փոքր-ինչ այլ կարգավիճակ ունի, որովհետև դա ազգ է, որը վերապրել է Հոլոքոստ: Այս պետության կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ունի քաղաքական, գիտական և հոգեբանական ճնշման կարևորություն: Նախկինում էլ, երբ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները լարվել են, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն առաջ է բերվել: Իսրայելի Խորհրդարանը՝ Քնեսեթը, իհարկե, դեռ չի վավերացրել Կառավարության որոշումը, ու շատ մեծ հարց է՝ այս հարցը կհասցնի՞ մտնել Իսրայելի այս Խորհրդարանի օրակարգ կամ քվեարկվել… Սա երկու պետությունների՝ Թուրքիա-Իսրայել տարօրինակ դաշնակիցների՝ տասնամյակներ տևող խնդիրն է:
- Հայաստանն այս իշխանությունների գործունեության արդյունքում այնպիսի դիվանագիտական դատարկ զինանոցի առաջ է կանգնած, որ մանևրելու հնարավորություն չունի, ու որոշել են ընտրել խուսանավելու պրիմիտիվ տարբերակը՝ խոսելով զենքայնացման անհեթեթ թեմայի մասին: Սա շատ կանխատեսելի էր, բայց սա նշանակում է, որ դու քո ազգի ողբերգության թեմայի մեջ մտնելու ռեսուրս չունես: Մինչդեռ հարցի ակտիվացումը դիվանագիտություն ունենալու պարագայում կարելի էր շատ հմուտ օգտագործել:
Շնորհակալություն պետք չէր ասել Իսրայելին. պարզ է, որ Իսրայելը հանուն հայ ժողովրդի չի հարցը բարձրացրել, բայց երբ քամին փչում է, դու կարող ես քո շահն առաջ տանել, ոչ միայն փոթորիկից պաշտպանվել, այլև քո հողմաղացներն աշխատեցնել: Կարելի էր ասել՝ դուք, լինելով Հոլոքոստ վերապրած ազգ, մշտապես սառը վերաբերմունք եք ունեցել Հայոց ցեղասպանության նկատմամբ, դուք 2020 թվականին մասնակցել եք Արցախի էթնիկ զտմանը, և լավ է, որ դուք սկսել եք հարցը բարձրացնել… Կամ էլ ասա՝ Իսրայել, մեր ցավը մի՛ օգտագործիր քո շահերի համար… բայց, ինչպես տեսնում եք, ոչինչ չի ասվում, սարսափում են բառ ասել:

Այս թեմային կողքից նայող որևէ օտարերկրացի քաղաքացի՝ պայմանական շվեդը, տեսնում է, որ երկու պետություն խոսում են Հայոց ցեղասպանության մասին, բայց Հայաստանը լռում է: Այս իշխանությունները ցույց են տալիս, թե ինչպիսի խղճուկ, ողորմելի, կախյալ դիվանագիտություն ունեն: Մեր դիվանագիտական զինանոցում միայն աղերսանք է ու զիջում: Մենք նույնիսկ մեր անձնագրի միջի Արարատ սարով կնիքն ենք զիջում… Մինչ օրս ամեն ինչ զիջում են, պատրաստ են ամեն ինչ զիջել…
- Իսրայելը Մերձավորաևելյան խաղի մեջ փորձում է ամրապնդել իր դիրքերը: F-35 կործանիչների հետ կապված գործարքը կարելի է դիտարկել այդ տրամաբանության մեջ: Իսրայելն իր օրինակով ցույց է տալիս, որ չի լինում այնպես, որ ասես՝ խաղաղություն, ու լինի խաղաղսւթյուն: ՔՊ-ական իշխանությունն ըստ էության հրաժարվել է մեծ քաղաքականությունից ու փոխարենը՝ զբաղվում են ներքին շինարարական, ասֆալտապատման ու անվճար բուժօգնության հարցերով, որովհետև դրանք փաստորեն քվեներ են բերում: Չեն զբաղվում նրանով, ինչով զբաղվում էին նախկին իշխանությունները՝ միգուցե աչքաթող անելով ասֆալտը, բայց ամրապնդելով անվտանգությունը: Հայաստանի ժողովրդի մի մասը տեսանելի ասֆալտը գերադասեց անտեսանելի անվտանգությունից:
Հիշեցնենք. ԱՄՆ իշխանությունները քննարկում են Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունը։ Այդ հարցով վարչակազմն աշխատում է Կոնգրեսի հետ, հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը` Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպման ժամանակ։
2019թ. Թուրքիային F-35-ների վաճառքն արգելափակվել էր պատժամիջոցների պատճառով։ Անցյալ տարվա մարտին Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել էր այդ հարցը։ Սպիտակ տունը հասկացրել էր, որ բաց են օդանավերի շուրջ բանակցությունների համար։
Անկարան F-35-երի ծրագրից հեռացվել էր 2019 թվականին՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելուց հետո, որը, ըստ Վաշինգտոնի, սպառնալիք է ինքնաթիռի զգայուն տեխնոլոգիայի համար։
Արդեն դեկտեմբերին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ Անկարան ցանկանում է լիովին հրաժարվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներից, որպեսզի ամերիկյան կործանիչներ գնելու հնարավորություն ստանա։
- Նախկինում Հայոց ցեղասպանության անսակարկելիության դիրքորոշումն աշխարհի մեծերին բերում էր մեր դուռը: Այլապես Էրդողանն ինչո՞ւ պետք է ասեր՝ ես զանգեցի Պուտինին, որ չգնա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Երևան, բայց նա չլսեց ու չգնաց: Կամ ինչո՞ւ պետք է Ֆրանսիայի նախագահ Սարկոզին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին Նոբելյան մրցանակի առաջադրելու խոստում տար, եթե վերջինս հրաժարվեր Արցախից, ինչին, իհարկե, Սերժ Սարգսյանը չհամաձայնեց: Հիմա, այս իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում, Հայաստանը միջազգային մեծ քաղաքական թոհուբոհի մեջ չկա, ինչպես ասում է՝ նույնիսկ մեզ վերաբերող հարցերի քննարկումներում, դիվանագիտական բանակցություններում ոչ թե սեղանի շուրջ ենք նստած, այլ մենյուի մեջ ենք՝ ափսեներում… ասֆալտ են անում…

- Ցավալին այն է, որ Փաշինյանի կողքը մի դիվանագետ չկա, որ նրան ասի՝ անվերջ զիջելով՝ Թուրքիայի հետ ոչ մի արդյունքի հասնել հնարավոր չէ:
- Նախկինում երբևէ չեմ տեսել, որ Թուրքիայից Հայաստանի ղեկավարի ընտրության առթիվ այսպիսի ցնծություն լինի… Ես երբևէ չեմ տեսել նաև, որ ուղիղ տեքստով այսքան սատարեն որևէ թեկնածուի, ինչպես Փաշինյանին այս ընտրությունների ժամանակ սատարեցին Թուրքիայից և Ադրբեջանից:
- Ամենակեղծ բանը, որ մարդկությունն իր քաղաքական կլյանքում որինել է, «ժողովրդավարություն» տերմինն է…
Ռուբեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ հարձակումներին՝ ասել էր.
«Թուրքիայի արտաքին քաղաքական հայեցակարգի մեջ, որն ավելի հայտնի է՝ որպես Դավութօղլուի տեսություն, կա 2 թիրախ՝ աշխարհասփյուռ ցանցային կառույց Հայոց Եկեղեցին և հայկական Սփյուռքը: Ֆիքսված է նաև՝ ինչ անել հայկական Սփյուռքի դեմ՝ պառակտել ու ստեղծել թուրքական սփյուռքները: Նույնը գրված է նաև Հայ Եկեղեցու վերաբերյալ՝ պետք է քայքայել, որ Հայոց եկեղեցին չխոսի Ցեղասպանության մասին: Սա արվել է և արվում է, և ցավալի է, որ հիմա նույն այդ քայլերն իրականացնում են Հայաստանի ներսում…
Թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ելույթները կան, որոնցում նա անուններով որպես թիրախներ է դիտարկում Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին: Հայոց հայրապետները միշտ ուղիղ կամ ենթագիտակցական թիրախներ են թուրքերի համար: Գարեգին Երկրորդն էլ եղել ու շարունակում է մնալ թուրքական թիրախում: Հստակ կարող ենք ասել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսներն ինստիտուցիոնալ թիրախ են՝ Թուրքիայի, և անձնապես թիրախ են՝ թուրք տարբեր ղեկավարների համար: Հետևաբար՝ այն, ինչ արվում է հիմա, եկեղեցու դեմ է և թուրքական պահանջ»:
Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններում իր ղեկավարած ՔՊ-ի նախընտրական ծրագրում ներառել է Հայ Եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ հարձակումների նոր ալիք: Մինչև 2031 թվականը Հայաստանը կունենա նոր կաթողիկոս՝ «Հայ Առաքելական Եկեղեցու փաստացի պետի հեռացում», իր նախընտրական ծրագրում գրել է «Քաղաքացիական պայմանագիրը»:
Կաթողիկոսին գահից իջեցնելու իշխող թիմի շուրջ մեկ տարի չընդհատվող պայքարը հիմա արդեն նախընտրական ծրագրային դրույթ է:
Իրար հերթ չտալով՝ ՔՊ-ականներն իրենց ղեկավարի խոսույթին համահունչ՝ շարունակում են լկտի բառապաշարով խոսել հոգևորականների մասին:
- Հայոց եկեղեցին և նրա գահակալը մեր պատմության ընթացքում միշտ եղել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն առաջ մղող առաջամարտիկը: Սրանով է նաև պայմանավորված Թուրքիայի, Ադրբեջանի, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի վերաբերմունքը մեր Եկեղեցու ու նրա առաջնորդի նկատմամբ: Հայոց եկեղեցին ու կաթողիկոսները միշտ պայքարել են Հայոց ցեղասպանության ու դրա հետևանքների դեմ ու դարձել թիրախ: Գարեգին 2-րդի պարագայում պատմական ժառանգականությունը, առաքելությունը շարունակվում է:
Ե՞րբ սկսվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ արշավը երբ նա սկսեց միջազգային հարթակներում բարձրացնել Արցախի էթնիկ զտման ու արցախցիների վերադարձի իրավունքի հարցը: Այսինքն՝ Հայոց կաթողիկոսը դարձավ թիրախ, քանի որ շարունակում էր իր նախորդների գործը: Սրանք հայությանն առաջարկում են նյութական Հայաստանի կոնցեպտը՝ մի՛ մտածեք Արցախի ու Արարատի մասին, մտածե՛ք թոշակի, ապահովագրության ու ասֆալտի մասին: Մարդու միջից հանում են հոգևորը: Հիմա եկեղեցին թուրքական թիրախ է, և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Եվ եթե Եկեղեցու դեմ արշավը ՔՊ-ի նախընտրական ծրագրում տեղ է գտնում, նշանակում է՝ այդ պայքարն ինստիտուցիոնալ է դառնում: Նիկոլ Փաշինյանին ձայն տվողները պիտի իմանան, որ ձայն են տվել Հայոց եկեղեցու ու Վեհափառի դեմ Փաշինյանի հարձակմանը:

- Կրկնում եմ՝ շատ դժվար է լինել թուրքագետ այսօրվա Հայաստանում, որովհետև երբ դու գիտես պատմությունը, տիրապետում ես պատմական փաստերին, գիտես Թուրքիայի տեսական մոտեցումները Հայաստանի նկատմամբ, ու հետո տեսնում ես՝ ինչ է կատարվում Հայաստանում, տեսնում ես՝ ինչ են անում այս իշխանությունները, լսում ես՝ ինչ են խոսում, շատ բարդ իրավիճակում ես հայտնվում: Չես կարողանում հավատալ, որ քո երկրում կարող են լինել քայլեր, որոնք զարմանալի զուգադիպությամբ համապատասխանում են թուրքական քաղաքականությանը:
- Մենք պայքարում ենք մեր գոյության, ավանդույթների համար, մեծ պետությունները՝ իրենց ազդեցության համար: Հարավային Կովկասը միշտ է եղել համաշխարհային քաղաքականության հետաքրքրության թիրախ: Նրա համար պայքարում են Թուրքիան, ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը, Չինաստանը: Պարզ չէ՞, որ եթե ազդեցության համար պայքարում Թուրքիան հաղթի, մենք կկորցնենք շատ բան, անգամ մեր անձնագրերում Արարատ սարի պատկերով կնիք ունենալու իրավունք չենք ունենա… Թուրքիայի ազդեցության մեծացումը մեզ համար կործանարար է լինելու:
- Հայաստանում տեղ չկա, որն ադրբեջանցիները չեն համարում իրենց պատմական հողը, բայց երբ սա քաղաքացիներին բացատրում ես, որոշները չեն հավատում: Ինչ ուզում եք՝ արեք. Թուրք-ադրբեջանական ծրագրերը ստատիկ ծրագրեր են ու տասնամյակներով առաջ են տարվում:
- Ադրբեջանում գործում է «Արևմտյան Ադրբեջան» պետական ծրագիրը: Դա միայն «վերադարձը» չէ, Միջանցքն է, տեղանունները, կրոնական հարցերը, հայկական ինքնությունը, ամեն ինչ… Սա Ադրբեջանի նախագահի հովանու ներքո պետական ֆինանսավորմամբ գործող լուրջ կոնցեպտ է, որն առաջ են մղում Հայաստանի այս իշխանությունների հետ:
- Ողջ խորհրդային շրջանում Արցախը կոչվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Հայաստանում Մասիսի կամ Նոյեմբերյանի ինքնավար մարզ եղե՞լ է: Ո՞նց կարելի է արցախցիների՝ Արցախ վերադարձը համեմատել ադրբեջանցիների՝ այստեղ գալու հետ: Կամ որ մարդ ուզում է գնալ, մի տեղ ապրել, դա անում է ագրեսիայո՞վ: Ադրբեջանցիները մի տեղ որ գնում են, նախ պահանջում են այդ պետությունից դպրոց բացել, հետո մզկիթ բացել, հետո առաջ են գալիս մյուս պահանջները… Հայաստան ադրբեջանցիների գալը նշանակում է փափուկ ուժով Հայաստանի զավթում: Սա երևակայություն չէ, այլ տեսություն: «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի մեջ, այսպես կոչված, «վերադարձը» ֆիքսված է:
Մանրամասները՝ տեսանյութում:

