Չոլպոն-Ատայի ԵԱՏՄ նիստին զուգահեռ՝ Մոսկվայի հերթական կոշտ գրոհը Երևանի նկատմամբ

Մինչ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղըզստան Չոլպոն-Ատայում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերին հայաստանյան ապրանքների նկատմամբ գործող սահմանափակումների ու ԵԱՏՄ-ում բարձրացված վերջնագրի հարցը քննարկելու, Մոսկվան շարունակում է կոշտ բառամթերքով անդրադառնալ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը։

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևն այսօր հանդես եկավ բրիֆինգով, որի ընթացքում անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականությանն ու դիվերսիֆիկացիայի օրակարգին բավականին կոշտ բառամթերքով։ Նա կասկած հայտնեց, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության։

Նրա որակմամբ, Հայաստանի իշխանությունները «դիվերսիֆիկացիա» բառով քողարկում են Ռուսաստանի հանդեպ բացահայտ թշնամական կեցվածք որդեգրած Եվրամիության հետ մերձեցումը։

«Պետք չէ փոփոխել հասկացությունները, քանի որ, եթե «դիվերսիֆիկացիա» գեղեցիկ բառի տակ քողարկում ես եվրասիական ինտեգրացիայից և ավանդական դաշնակցից շրջադարձը դեպի Ռուսաստանի հանդեպ բացահայտ թշնամական կեցվածք որդեգրած Եվրամիություն, որը լրջորեն քննարկում է Ռուսաստանի հետ ուղիղ բախման հնարավորությունը, ապա այստեղ, ըստ էության, եզրակացությունն ակնհայտ է»,- ասաց Ֆադեևը բրիֆինգի ժամանակ՝ մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները:

Կարդացեք նաև

Նա դա անվանեց բացահայտ խաբեություն ոչ միայն ԵԱՏՄ գործընկերների, այլև հենց Հայաստանի բնակչության հանդեպ։

Ֆադեևի խոսքով՝ դեպի Եվրոպա նման «ցատկի» սոցիալ-տնտեսական հետևանքները թաքցվում են Հայաստանի քաղաքացիներից, իսկ արտահանման հետ կապված ընթացիկ դժվարությունները ներկայացվում են՝ որպես Մոսկվայի կողմից ինչ-որ պատժամիջոցներ։

«Դրանք մեր պատժամիջոցները չեն, այլ այն իրականությունը, որը սպասում է ՀՀ-ին` ավանդական կապերը խզելու դեպքում»,- նշեց Ֆադեևը՝ հավելելով, որ Արևմուտքի հետ Երևանի ստորագրած հռչակագրերն իրավաբանորեն պարտավորեցնող չեն` ի տարբերություն հայ-ռուսական պայմանագրերի և համաձայնագրերի:

Նա նաև ասաց, որ ո՛չ Բրյուսելը, ո՛չ Լոնդոնը, ո՛չ Փարիզը լրջորեն ներդրումներ չեն կատարի Հայաստանի տնտեսության մեջ։

Չնայած Մոսկվայի հետ Երևանի ավանդական կապերին, նրա խոսքով, Հայաստանն այժմ հետապնդում է ռուսամետ գործիչներին, Հայաստանում նկատվում են գործող ռուսական ընկերությունների դեմ արբիտրաժային գործընթացի սպառնալիքներ և Կիևի նեոնացիստական ռեժիմի հետ սիրախաղ: «Եվ եթե Երևանը փորձում է այնպես անել, որ իրենց շահերը հաշվի առնվեն, ապա ինչո՞ւ Մոսկվան չպետք է նման բան պահանջի իր հայ գործընկերներից։ Եվ, իհարկե, մենք ակնկալում ենք ավելի իրատեսական ու հավասարակշռված մոտեցում»,- ասաց Ֆադեևը։

Ղրղըզստանում Եվրասիական միության անդամ պետությունների վարչապետների հավաքին ընդառաջ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտարարեց, որ Ռուսաստանի և Հայաստանի առևտրաշրջանառությունը 2026 թվականին նվազել է երկու երրորդով։ «2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասավ ռեկորդային՝ 12 միլիարդ դոլար ցուցանիշի։

Նախորդ տարի այն նվազեց մինչև 8 միլիարդի։ Այս տարի, սակայն, առևտրաշրջանառության դրամատիկ անկում է նկատվում։ Այն կազմում է 2025-ի ցուցանիշի երկու երրորդը»,- նշեց ռուսաստանցի պաշտոնյան՝ կանխատեսելով, որ անկումը շարունակվելու է։

«Իրավիճակը, որն այժմ ստեղծվել է ԵԱՏՄ և Հայաստանի միջև, կանխատեսելի էր։ Վերջին երկու տարիներին մենք մեր հայաստանցի գործընկերներին զգուշացնում էինք, որ նման ռիսկեր, այդ թվում՝ առևտրաշրջանառության անկման ռիսկեր, առկա են»,- նշեց Օվերչուկը։

Մինչ Չոլպոն-Ատայում Նիկոլ Փաշինյանը փորձում է ելքեր գտնել ստեղծված տնտեսական փակուղուց և հարթել հայաստանյան ապրանքների արտահանման խոչընդոտները՝ առանց արտաքին քաղաքական օրակարգի փոփոխության, Մոսկվան շարունակում է կոշտացնել հռետորաբանությունը՝ բացահայտորեն ցույց տալով, որ տնտեսական սահմանափակումներն ու քաղաքական ճնշումները գործարկվում են զուգահեռ։ Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների այս համակարգված հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Մոսկվան Երևանից պահանջում է կտրուկ ու միանշանակ հստակեցնել արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ բացառելով երկակի խաղի հնարավորությունը։

Այս պայմաններում Հայաստանի իշխանությունները կանգնած են լրջագույն ռազմավարական երկընտրանքի առջև. կա՛մ փորձել պահպանել առևտրատնտեսական գոյատևման նվազագույն պայմանները ԵԱՏՄ ձևաչափում՝ զոհաբերելով իրենց արևմտյան վեկտորի որոշակի տեմպերը, կա՛մ գնալ կտրուկ խզման՝ ստանձնելով խորը տնտեսական ցնցումների և աննախադեպ ճնշումների ռիսկը։

Հետևաբար, Չոլպոն-Ատայի հանդիպման արդյունքները ոչ միայն տեխնիկական բնույթի հարցերի լուծում են, այլև ցույց կտան, թե որքանով է հնարավոր առնվազն ժամանակավորապես զսպել հասունացող մեծ ճգնաժամը։ Սակայն իր վերջին ճեպազրույցների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մոսկվայի առաջադրած ընտրությունը չի ընդունում և հայտարարում է, որ հարաբերություններում էքսկլյուզիվության բաղադրիչը չի ընդունում։

Այս պայմաններում, հաշվի առնելով Ռուսաստանի քաղաքականությունը, ԵԱՏՄ-ում ընդունված քաղաքական ավանդույթները, թե ինչ արդյունքի է հասնելու Փաշինյանը, խիստ կասկածելի է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31