44-օրյա պատերազմի մասին Ավինյանի խոսելու ժամանակը. ե՞րբ է առաջին անգամ առաջարկվել դադարեցնել պատերազմը, ո՞վ հանձնեց Շուշին

Այսօր, երբ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսել է հարցաքննության հրավիրել բարձրաստիճան զինվորականներին, իսկ թշնամին շարունակում է ՀՀ ինքնիշխան տարածքից հողեր զավթել, որը և՛ 44-օրյա պատերազմում, ըստ էության, ծրագրված պարտության, և՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի վարած պարտվողական քաղաքականության հետևանք է, հարկ է հիշել իշխանության տարբեր մակարդակի ներկայացուցիչների դերակատարումը 2020 թվականի պատերազմի օրերին:

168.am-ն այս համատեքստում արդեն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ՝ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դերակատարմանը:

Այս անգամ մեր դիտակետում Երևանի փոխքաղաքապետ, Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող, իսկ 44-օրյա պատերազմի օրերին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է:

Մասնավորապես, պատերազմի 3-րդ օրը՝ 2020թ. սեպտեմբերի 29-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Արցախում է գտնվում:

Կարդացեք նաև

Նախքան այս, ըստ էության, նա մասնակցել էր սեպտեմբերի 27-ին հրավիրված ԱԽ նիստին:

«Արցախում եմ և այսօր Ստեփանակերտում հանդիպումներ եմ ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Քննարկել ենք օպերատիվ իրավիճակն ու վերջին զարգացումները, ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի պայմաններում մեր ժողովրդի ուժերի համախմբման, թիկունքային ապահովման աշխատանքների կոորդինացման և այլ կարևոր հարցեր: Նախագահի հետ միասին հանդիպել ենք նաև Արցախ մեկնած մեր կամավորներին, ում ոգևորությունը վարակիչ էր: Արցախում ժողովրդի ոգին շատ բարձր է, վճռական ու անկոտրում: Այս օրերի մեր միասնությունը, կամքն ու արիությունը մեր արդար հաղթանակի ու թշնամու տապալման գրավականն են:

Մեր քաջ զինվորները փայլուն ու արհեստավարժ կերպով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, հաջողությամբ հետ են մղում բոլոր հարձակումները, հուժկու հարվածներ հասցնում թշնամուն ու պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի հսկայական կորուստներ: Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ իր ամբողջ ռեսուրսն ու արսենալն է ներդրել Հայրենիքի նկատմամբ այս ոտնձգության մեջ, բայց ցանկացած հարձակման ժամանակ մերոնք ջախջախում ու ջարդուփշուր են անում թշնամուն: Մեր պատասխանը շարունակելու է լինել կոշտ և վճռական»,- սեպտեմբերի 29-ին արված գրառման մեջ նշել էր Ավինյանը:

Իր հերթին՝ նույն օրը հրապարակված տեսանյութում և Ավինյանի ներկայությամբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է.

 «Մենք չենք խնդրելու զինադադար, սա պիտի բոլորս իմանանք: Մենք պիտի պարտադրենք զինադադար: Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի, որովհետև կռվում ենք ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ: Իսկ Թուրքիային հետաքրքիր չէ Արցախը, Ջաբրայիլը, Լաչինը, Հորադիսը, Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ՝ իր պանթուրքիզմի ծրագրերն իրականացնելու առումով»:

Ի դեպ, հետաքրքիր է, որ ՀՀ ԱԽ ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել էր 2020թ. սեպտեմբերի 30-ին հրավիրված ԱԽ նիստին: Համենայնդեպս, հրապարակված լուսանկարներն այդ մասին են վկայում:

Հիշեցնենք, որ սա այն հայտնի նիստն է, որի ժամանակ, ըստ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, ինքն առաջարկել էր 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը, ինչը ԱԽ-ն հերքել էր և Գասպարյանի այդ օրվա զեկույցից արձանագրված որոշ հատվածներ ընտրողաբար հրապարակել:

«Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 30.09.2021թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք № 2), որոնցում պարոն Գասպարյանը հայտնում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել…», հավելելով. «…Ամեն դեպքում զորքերն իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք…»,- եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է.

«Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»»,- նշված էր ԱԽ պատասխան պարզաբանման մեջ:

Օնիկ Գասպարյանը պահանջել էր հրապարակել ԱԽ այդ օրվա նիստի ընթացքում ՀՀ նախագահի և իր ելույթի ձայնագրությունը, որն այդպես էլ չարվեց:

Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք նաև, որ Տիգրան Ավինյանը մասնակցել էր նաև ԱԽ հոկտեմբերի 19-ին կայացած նիստին, երբ, ըստ էության, բոլորը համաձայն են եղել պատերազմի դադարեցմանը, ինչը չի արվել:

2020թ. նոյեմբերի 2-ին Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ դարձյալ Արցախում է:

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի հետ միասին պատիվ եմ ունեցել հանդիպել Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկներին և մասնակցել նրանց պարգևատրման արարողությանը: Մեր հերոսներն ադրբեջանաթուրքական հատուկ ջոկատայինների ու վարձկան-ահաբեկիչների դեմ պայքարում անթերի կատարել են առաջադրված խնդիրները և հերթական անգամ փառքով են պսակել հայոց զինվորի անունը: Հայրենական այս պատերազմում, ճակատում թե թիկունքում, մեր պարտքն է չխնայել ոչինչ հանուն մեր ժողովրդի ու հայրենիքի անվտանգության և անել հնարավորն ու անհնարինը հաղթանակի ցանկալի պահը մոտեցնելու համար»,- գրել էր նա:

Շուշիի անկումից օրեր առաջ՝ նոյեմբերի 5-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Շուշիում է, իսկ հրապարակված լուսանկարներում երևում է նաև Տիգրան Ավինյանը:

«Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը:

Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը: Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին:

Հ. Գ. Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»,- գրել էր Արցախի նախագահը:

Կապիտուլյացիայի ստորագրումից հետո՝ նոյեմբերի 10-ին, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Ավինյանն ասել էր, որ առնվազն 15 օր Արցախում է եղել պատերազմի օրերին և տարբեր հատվածներում:

Անդրադառնալով նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցնելու որոշմանը, նա նշել էր, որ վտանգված էր Ստեփանակերտի անվտանգությունը:

«Մենք ունեինք վտանգ Ստեփանակերտի նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման, որը իր հետևից բերելու էր այլ պոտենցիալ խնդիրների՝ Մարտունու, Ասկերանի շրջաններում և մնացյալ ռազմաճակատում»,- շեշտել էր Ավինյանը՝ հավելելով, որ ռազմական գործողությունները բավականին արագ են տեղի ունեցել:

Ըստ նրա, պատերազմն անկանխատեսելի էր, պարտադրված, մեր ընտրությունը չի եղել, և, որ պարտադրված պատերազմը տասնամյակների պատմություն ուներ:

Ավինյանն այդ հարցազրույցում անդրադարձել էր պատերազմը դադարեցնելու հայտարարության հրապարակումից հետո Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություններին:

«Երեկ հարձակվել են վարչապետի մամուլի խոսնակի վրա ագրեսիվ մարդիկ՝ ոնց որ թե որոշ կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչներ: Եվ այս պարագայում ինձ մի հարց է հուզում՝ ո՞ւր էր այդ ագրեսիան, երբ գնում էին Շուշիի համար կռիվները, ո՞ւր էր այդ ագրեսիան, երբ Արցախի նախագահը կոչ էր անում բոլորին գալ Շուշիի պաշտպանությանը, ո՞ւր էր այդ ագրեսիան, երբ Շուշին պաշտպանում էին այն ուժերով, որոնք տեղում եղել են: Իմ գրասենյակի ղեկավարը մասնակցել է Շուշիի պաշտպանությանը, իմ գրասենյակի երկու աշխատակից վիրավոր պառկած են՝ նույն Շուշիի հրետակոծության հետևանքով: Ո՞ւր էին այդ մարդիկ, որոնք երեկ մտել են իմ սենյակ և գողացել են ավետարանը, որը մտածել են, թե ոսկեզօծ է, ու հուշանվերներ են գողացել»,- շեշտել էր նա՝ վստահեցնելով, որ իշխանությունը շատ կոշտ ձևով կասեցնելու է հեղաշրջման ցանկացած փորձ, և նշելով, որ նման վտանգ գոնե կոչերի մակարդակով տեսնում է:

Վերադառնանք Շուշիին և հավելենք, որ պատերազմի օրերին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ-Վարագ Սիսեռյանը 2022-ի մայիսին 9-ին կայքերից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ նոյեմբերի 5-ի երեկոյան Սեյրան Օհանյանը Շուշիից դուրս է եկել՝ առանց նույնիսկ այնտեղ տեղակայված վերջին խմբակներին տեղեկացնելու:

«Սեյրան Օհանյանին մեկը, վերջ ի վերջո, պետք է հարց տա, թե ինչո՞ւ նա նոյեմբերի 5-ի երեկոյան Շուշիից դուրս եկավ առանց նույնիսկ այնտեղ տեղակայված վերջին խմբակներին տեղեկացնելու: Մեր կապը հրամանատարության հետ կտրվեց շատ անհասկանալի ու տարօրինակ ձևով, արդյունքում մենք, մոտ 20-30 հոգով, մնացինք միայնակ։ Կարծում եմ՝ կգա օրը, և Սեյրան Օհանյանը ստիպված կլինի պատասխանել Շուշիում լքված զինվորների և կամավորականների հարցերին,- նշել էր Սիսեռյանը և հավելել,- Սեյրան Օհանյանը այժմ մինչև հանրահավաքներին մասնակցելը, հայրենասիրական ճառեր արտասանելը, ճիշտ կանի, եթե հայելու մեջ նայի և ինքն իրեն հարց տա, թե ինչո՞ւ որպես Շուշիի փաստացի հրամանատար, մեզ՝ այնտեղ գտնվող տասնյակ զինվորներիս ու կամավորներիս, թողեց ու, առանց նախազգուշացնելու, ուղղակի «թռավ» Շուշիից՝ բոլորիս համար անակնկալ հայտնվելով Երևանում»:

Վարագ Սիսեռյանի մեղադրանքների համատեքստում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ին տված հարցազրույցում պատմել էր.

«Իմ պատրաստակամության և Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով ես եղել եմ Շուշիում: Սկզբնական շրջանում՝ հոկտեմբերի վերջերին, օգնել եմ, որպեսզի Շուշիի աշխարհազորը ձևավորվի: Այնտեղ եղել է հրամանատար, վարչակազմի ղեկավար՝ իր ամբողջ կազմով, վարչակազմի բոլոր ծառայությունները: Ես պարզապես օգնել եմ՝ խորհուրդներ տալով, թե ինչ կառուցվածք կարող է ունենալ ստորաբաժանումը, այն ինչ խնդիրներ կարող է կատարել: Եվ երբ իրենք ցույց են տվել, թե այդ ստորաբաժանումը Շուշիի ներսում որտեղ է անցել պաշտպանության, ես մի քանի տեղով անցել եմ և առաջարկություններ եմ արել՝ ինչ անել ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար: Սա՝ մեկ: Երկրորդ՝ Շուշիում հրամանատար կարող է լինել այն անձնավորությունը, որը լիազորված է, պաշտոնատար անձ է, զինվորական ծառայության մեջ է և հրամանով անցնում է: Շուշիում նշանակված է եղել հրամանատար, նրան ես պարզապես կողքից աջակցել եմ: Երրորդ՝ Վարագ Սիսեռյանին ես Շուշիում տեսել եմ 1-2 անգամ, ինչ-որ ստորաբաժանում էր բերել, որը, ես չեմ էլ իմանում՝ ինչ ստորաբաժանում է: Պետք է հարց տալ, թե ինքը ո՞նց է հայտնվել Շուշիում, որին ինչ-որ տեղ են ուղարկել, որ անցնի պաշտպանության: Պատերազմի ավարտից հետո Վարագ Սիսեռյանը ինձ մոտեցավ մեկ անգամ և ասաց՝ ինչո՞ւ Շուշին թողեցիք և դուրս եկաք: Նախ ուզում եմ մեկնաբանել, որ Շուշիի հրամանատարական կետը ենթարկվում էր ՊԲ հրամանատարին և այդ հրամանատարական կետը կարող է Շուշիից հանել միայն ՊԲ հրամանատարը: Ես բարոյական պարտքս եմ համարել խորհուրդներ տալ, և այդ պահին եղել եմ Շուշիի հրամանատարական կետում: Եվ ՊԲ հրամանատարը որոշել է հրամանատարական կետը տեղափոխել, որի տեղափոխման ժամանակ ես իրենց հետ տեղափոխվել եմ: Վարագ Սիսեռյանը այդ հարցազրույցում օգտագործում է մի քանի բառ, որն ինձ համար անընդունելի է՝ «փախան», «թռան»: Ինքը հասկանալով իմ ֆիզիկական վիճակը, որ եթե ուզեմ էլ փախչել՝ չեմ կարող, և դա, գտնում եմ, որ բարոյական չէ: Եվ ամենակարևորը՝ Վարագ Սիսեռյանի հետ մենք պայմանավորվել ենք, որ հանդիպենք և խոսենք, ինքը ինձ երկու հեռախոսահամար է տվել: Ընդ որում, վերջին հանդիպման ժամանակ ասել է՝ «ես պարզեցի և այդպես չէ՝ ինչ որ մտածում էի»:

Մի քանի անգամ ես փորձել եմ նրա հետ կապնվել, մի քանի անգամ զանգել եմ իր տված հեռախոսահամարներով, զանգերը գնում են, և նա իմ զանգերին չի պատասխանել: Չեմ կարծում, որ Վարագ Սիսեռյանը կարող է գնահատական տալ ռազմական գործողություններին, ասել՝ ինչպես է ղեկավարվել Շուշին, ով է եղել Շուշիի հրամանատարը: Իսկ ես այս պահին Վարագ Սիսեռյանի հայտնվելը և խոսելը այս մասին, ընդ որում, դա կապել ընթացող քաղաքական գործընթացներին և այլն, ինձ համար անհասկանալի է: Երբ ես հանդիպել եմ նրա հետ, ինքը ինձ վրա նորմալ մարդու տպավորություն է թողել: Թե ինչո՞ւ է հիմա ինչ-որ մեկի պատվերը կատարում, անհասկանալի է: Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ նա չէր կարող իմանալ, թե ես ով եմ եղել այնտեղ: Բանակի ղեկավարման ոլորտում ղեկավարություն կարող է ունենալ այն մարդը, որն ունի լծակներ, իսկ ես պաշտոնյա չեմ եղել և ոչ մի լծակ չեմ ունեցել: Եթե կոնկրետ այս պահին է Սիսեռյանն այդ մասին բարձրաձայնում, ինքը խառնվում է քաղաքական գործընթացներին և ինչ-որ պատվեր է կատարում»,- ասել էր նա:

Մենք գրել էինք, որ նոյեմբերի 5-ի Արայիկ Հարությունյանի գրառմանը կցված էին լուսանկարներ, որտեղ երևում էր Սեյրան Օհանյանը՝ կանգնած, այդ ժամանակ Արցախի ԱԱԾ տնօրենի լիազորությունները կատարող Կամո Աղաջանյանը, և մեր հավաստի տեղեկություններով՝ Շուշիի ուղղության հրամանատար-կոորդինատորը՝ գնդապետ Սերգեյ Առուստամյանը:

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է՝ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, որի ուղեկցությամբ Տիգրան Ավինյանն Արցախում տարբեր հանդիպումների է մասնակցել:

Այս ամենը վկայում է, որ Տիգրան Ավինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների համատեքստում շատ ասելիք ունի, և պետք է հրավիրվի քննիչ հանձնաժողով, ինչո՞ւ չէ՝ երբեմնի օգնականի հետ միասին:

Տեսանյութեր

Լրահոս