Ես չեմ ճանաչում Հայ եկեղեցում Աստծուն չհավատացող հոգևորականների, եթե կան մարդիկ, ովքեր ճանաչում են այդպիսի մեկին, կարող են բարձրաձայնել. Մասյացոտն թեմի առաջնորդ
Վերջին 4 ժամանոց մամլո ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայ եկեղեցու և ՀՀ իշխանությունների փոխհարաբերություններին և հոգևորականների վերաբերյալ հնչեցրեց որոշ գնահատականներ։
Մասնավորապես, անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի անվստահությանը՝ ՀՀ դատական համակարգի նկատմամբ, նա նշել է, որ մեր երկրում կան հոգևորականներ, որոնք Աստծուն չեն հավատում, և մեծ ողբերգություն չի, եթե որևէ պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում։
Հայ Առաքելական եկեղեցին, բնականաբար, Փաշինյանի այդ արտահայտությունները միանշանակ չի ընդունել:
Այսօր մեզ հետ զրույցում թեմային անդրադարձավ Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
«Չէի ցանկանա Նիկոլ Փաշինյանի խոսքի մեջ նման ձևակերպում լսել։ Տպավորություն է, որ հերթական անգամ թիրախավորվում են համազգային կառույց Հայ եկեղեցին և նրա սպասավորները։ Ես չեմ ճանաչում Հայ եկեղեցում որևէ հոգևորական, որն Աստծուն չի հավատում։ Եթե կան մարդիկ, որոնք ճանաչում են այդպիսի մեկին, կարող են բարձրաձայնել»,- ասաց Մասյացոտն թեմի առաջնորդը:
Նիկոլ Փաշինյանը, Հայ եկեղեցու և ՀՀ իշխանությունների փոխհարաբերությունների վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ շեշտել էր, որ Հայաստանում կա միայն մի իշխանություն, և այդ իշխանությունը նկարագրված է ՀՀ Սահմանադրության մեջ։
168.am-ը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հարցրեց՝ կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանը խանդով է վերաբերվում Հայ եկեղեցու դերին և առաքելությանը։
«Այս մասին բազմիցս ասվել է, և ստիպված ենք նորից հիշեցնելու, որ Հայ եկեղեցին երբևէ չի հավակնել և չի հավակնում լինելու իշխանություն կամ փոխարինելու աշխարհիկ իշխանությանը»,- ասաց Մասյացոտն թեմի առաջնորդը:
Ըստ նրա՝ Փաշինյանի խոսքից տպավորություն չենք ստանում, որ Հայոց եկեղեցու մասին խոսելիս՝ նա նկատի ունի համազգային այն կառույցը, որը դարեր շարունակ պետականության պահպանության հիմքերում է կանգնել։
«Հայտնի է, որ Հայոց եկեղեցին պետականության բացակայության ժամանակահատվածում, ավելի քան հազար տարի, առաջնորդել է մեր ժողովրդին հայրենիքում և սփյուռքում, նրա մեջ վառ է պահել ազատության տենչը, անկախության ձգտումը և հայրենի պետականությունը վերականգնելու տեսլականը։ Ավելորդ է ասել, որ մեր ողջ հոգևոր-մշակութային ժառանգությունը, որով ներկայանում ենք աշխարհում, մեզ է հասել հենց Հայ եկեղեցու շնորհիվ։ Հայոց եկեղեցու առաքելությունը, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, ոչ միայն չի հակադրվում մեր ազգային շահին, այլ հենց դրա կրողն է»,- եզրափակեց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Հիշեցնենք, որ երեկ 168.am-ի հետ զրույցում, մասնավորապես, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նույնպես ասել էր՝ եթե նման հոգևորականներ կան, թող Փաշինյանն անուն-ազգանուններով խոսի:
«Ինքն ո՞վ է, որ եկեղեցուն թիրախավորի, ինքն ո՞վ է, ինչացո՞ւ է: Եկեղեցին իր նմանների՞ն է տեսել և մարսել և մոռացե՛լ իրենց գոյության մասին: Այդ որտե՞ղ է պեղել Աստծուն չհավատացող հոգևորական, թող անունները, ազգանունները տա, մենք գոնե իմանանք, մենք տեղյակ չենք, հո ասելո՞վ չի: Մենք էլ կարող ենք ասել՝ պետականությանը չհավատացող պետական գործիչներ կան և, իրոք, կա՛ն, մեկն էլ ինքն է, ահավասիկ՝ անուն-ազգանունով»,- ասել էր Սրբազանը: