«Քանի որ Գլխավոր դատախազը Ձեզ զեկուցում է, ասե՞լ է՝ Արսեն Թորոսյանի հետ ինչ է անելու». հարց՝ Փաշինյանին
Այսօր Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նախ անդրադարձավ Երևանի փոխքաղաքապետ, 2020 թվականին Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործին և այդ համատեքստում՝ նույն ժամանակահատվածում Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանի հայտարարություններին, թե իր տեղակալի դեմ շինծու գործ են հարուցել, ապա ասվածի համատեքստում հարց ուղղեց Փաշինյանին, թե արդյոք հնարավո՞ր է՝ առաջիկայում պատասխանատվության ենթարկվի Արսեն Թորոսյանը:
«Հաշվի առնելով, որ Գլխավոր դատախազը ձեզ զեկուցում է, տեղեկություններ ունե՞ք, հնարավո՞ր է, որ շուտով դատախազը խորհրդարան գնա Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու հարցով»:
Փաշինյանը պատասխանեց, որ գնահատում է Արսեն Թորոսյանի ձգտումը՝ իր հետ աշխատած մարդուն դժվար իրավիճակում պաշտպանելու.
«Բարոյական առումով ես սա համարում եմ նորմալ: Քաղաքական առումով սա ևս մեկ ապացույց է, թե ինչպիսի ժողովրդավար կուսակցություն է «Քաղաքացիական պայմանագիրը», որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ:
Իրավական առումով հարցի պատասխանը կտա նախաքննությունը, դատաքննությունը, որը, ենթադրվում է, լինելու է հրապարակային, եթե գործը հասնի դատաքննության փուլի: Ես մտածում եմ, որ գործը կհասնի դատաքննության փուլի, որովհետև գիտեմ նաև իրավապահ մարմինների ձգտումը, որ, եթե կա տեսանելի հավանականություն, որ գործը դատարանի ճանապարհին կամ դատարանում կարող է փլուզվել, ավելի լավ է այդ գործը չսկսել:
Կոռուպցիայի դեմ պայքարի և իրավական համակարգի կայացման առումով բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ:
Ինչ վերաբերում է պետությանը, ցավոք սրտի, մինչև այս պահը ինձ չի հաջողվել կերտել մեր երազած պետությունը, բայց ես հույս ունեմ, որ մեր երազած պետությունը կկերտվի կամ իմ, կամ հետագա վարչապետների պաշտոնավարության արդյունքում»:
Դիտարկմանը, որ՝ փաստորեն Ձեր ղեկավարման օրոք Ձեր թիմակիցը չի հավատում ձեր դատաիրավական համակարգին, Փաշինյան այսպես արձագանքեց.
«Մեր երկրում կան հոգևորականներ, որոնք Աստծուն չեն հավատում, այնպես որ, մեծ ողբերգություն չէ, եթե որևէ պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում