Հայաստանը ՀԱՊԿ-ին էֆեկտիվ այլընտրանք չունի. քաղաքագետ

«Իրանը հյուսիսային սահմանների վրա իր զինված ուժերի մարտունակության պատրաստվածությունը հասցրել է ամենաբարձր մակարդակի», «Ադրբեջանը ծանր զինտեխնիկա է տեղափոխում Հայաստանի և Ղարաբաղի տնտեսական գոտու շփման գիծ». սրանք տելեգրամյան ալիքների վերջին գլխագրերն են տարածաշրջանի նոր զարգացումների վերաբերյալ: Նկատենք՝ թեև այս առնչությամբ պաշտոնական որևէ հաստատում չկա, սակայն վերլուծաբաններն ու փորձագետները ռեգիոնում չեն բացառում էսկալացիայի վտանգը:

Հայկական կողմում ևս նշում են Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի մեծ հավանականության մասին. Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց. «Այո, հիմա շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում: Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ: Զսպման մեխանիզմների մասին. մենք համոզված ենք և 100 տոկոսով գիտենք, որ ՀՀ-ն չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և էսկալացիա: Այս է պատճառը, որ ՀՀ-ն համաձայնեց կամ որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին»:

Քաղաքագետ Դավիթ Հարությունովը 168.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց ադրբեջանական կողմի տեղեկատվական ակտիվության վրա՝ նկատելով, որ Ադրբեջանն իր գործողություններից առաջ սովորաբար նման տեղեկատվական գործունեություն է իրականացնում:

«Այսինքն՝ հայտարարություններ են տարածել, որ հնարավոր սադրանքների դեմ գործողություններ կիրականացնեն, նաև՝ սահմանային միջադեպերի մասին են նշել: Մի օր առաջ իրենց ՊՆ-ում խորհրդակցություն եղավ, որում հրաման տրվեց պահպանել բարձր մարտական պատրաստվածության մակարդակը, և այլն:

Կարդացեք նաև

Հնարավոր ինչ-որ գործողությունից առաջ տեղեկատվական նախապատրաստության մոդելը շատ նման է նրան, ինչ եղել է անցյալ տարվա սեպտեմբերին, նախանցյալ տարվա գարնանը»,- պարզաբանեց Դավիթ Հարությունովը:

Երեկ ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև ՀԱՊԿ անդամակցությանն ու դրան առնչվող խնդիրներին՝ նշելով. «Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, այլ այն, որ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս», քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս պահին Հայաստանն ունի ՀԱՊԿ-ին այլընտրանք:

Հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը նախ նկատեց, որ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարումով ականատես եղանք ՀԱՊԿ անդամակցության որոշակի սառեցման: Ըստ նրա, սակայն, դեռ հարց է, թե դա ինչքանով կվերածվի այդ կազմակերպությունից հեռանալուն:

«Հասկանալի է, որ կային որոշակի դժգոհություններ ու սպասելիքներ կազմակերպությունից, որոնք չարդարացան, ու ինչ-որ շրջանում տպավորություն կար, որ ՀԱՊԿ-ի հետ կապված ՀՀ գործողություններն ուղղված են ՀՀ օգտին կազմակերպության դիրքորոշման փոփոխությանը: Բայց տեսնում ենք՝ իրավիճակն այնպես է, որ նախ՝ այդ դիրքորոշումը չի փոխվում, հետո՝ ՀՀ-ն փաստացի դադարեցրել է իր ակտիվությունը ՀԱՊԿ շրջանակներում, ու միաժամանակ՝ նաև էֆեկտիվ այլընտրանք չկա, որովհետև հնարավոր այլընտրանքը ենթադրում է, որ պետք է լինեն ռազմական լծակներ, մեխանիզմներ և այլն:

Մենք այժմ տեսնում ենք, որ Արևմուտքի կողմից ՀՀ-ին աջակցությունը հիմնականում հայտարարությունների մակարդակի է, իսկ ԵՄ առաքելության ռազմական նշանակությունն անհամեմատելի է, որովհետև գիտենք՝ ընդամենը 100 հոգի են և դիտորդական առաքելություն են, որի էֆեկտիվությունը դեռ պետք է ստուգվի:

Հայաստանը փաստացի ինչ-որ տեղ վատթարացնում է ՌԴ-ի հետ իր հարաբերությունը. ՀԱՊԿ-ի դեմ դեմարշները ՌԴ-ն ընկալում է՝ որպես իր դեմ գործողություններ, բայց էֆեկտիվ այլընտրանք ձեռք չի բերում»,- ամփոփեց Դավիթ Հարությունովը:

Տեսանյութեր

Լրահոս