«Շատ մեծ է ռազմական էսկալացիայի հավանականությունը Հայաստանի և Արցախի սահմանին». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հանդիպմանը պատասխանելով հարցին՝ Հայաստանը կանգնա՞ծ է նոր պատերազմի շեմին, որո՞նք են Ադրբեջանին զսպող մեխանիզմները, ասաց, որ լրահոսից տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորիկան և քաղաքականությունը, որն ըստ նրա՝ անընդհատ աճել է 2020թ. պատերազմից առաջ և դրանից հետո:
«Այո, հիմա շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում: Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ: Զսպման մեխանիզմների մասին. մենք համոզված ենք և 100 տոկոսով գիտենք, որ ՀՀ-ն չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և էսկալացիա: Այս է պատճառը, որ ՀՀ-ն համաձայնեց կամ որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին: Թե՛ 2020թ. պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո Ադրբեջանը ցանկացած էսկալացիա բացատրում էր Հայաստանի գործողություններով: Մենք, ի վերջո, հասկանալով, որ այդպիսի հարցեր ենք ստանում նաև ԵՄ մեր գործընկերների կողմից, մենք ասացինք, որ դեմ չենք, եթե դուք դիտորդներ ուղարկեք, որպեսզի մեր տեղեկատվության վրա հիմնվելու անհրաժեշտություն չունենաք, տեղից ունենաք տեղեկատվություն:
Մեր և Ադրբեջանի տեղեկատվությունը ծանրութեթև անելու անհրաժեշտություն չունենաք: Իմիջիայլոց, ուզում եմ տեղեկացնել, որ 2022թ. հոկտեմբերի Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն սահմանի երկու կողմերում՝ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, ընդ որում՝ Ադրբեջանի նախագահը Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի ներկայությամբ համաձայնեց, բայց հետագայում հրաժարվեց այդ տարբերակից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հանդիպմանը տարբեր թեմաներ են շոշափվել:
«Նույն ընթացքում Ադրբեջանը մեզ մեղադրում էր Լեռնային Ղարաբաղում զինված ուժեր ունենալու մեջ: Ես ասացի, որ մենք ինչպես հայտարարել ենք, ԼՂ-ում բանակ չունենք: Երբ Ադրբեջանի նախագահն ասում էր՝ ունեք, ես ասացի՝ շատ լավ, այս բանավեճը, կարծում եմ՝ վերջ չունի, մենք կարող ենք միջազգային դիտորդներ հրավիրել ԼՂ, թող իրենք գնան՝ գնահատեն տեղում իրավիճակը և հանդես գան զեկույցով: Ադրբեջանը մերժեց այս տարբերակը: Սա կարևոր հանգամանք է՝ հաշվի առնելու, և հիմա էլ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ այո, շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգը: Այս առումով, առավել ևս, հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, նաև՝ էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն: Սա ամենակարևոր արձանագրումն է»,- ասաց Փաշինյանը:
Նա պնդեց, որ բոլոր ֆիզիկական, քաղաքական, աշխարհաքաղաքական գործոններից անդին՝ ամենամեծ և ամենակարևոր գործոնը մարդկային կամքն է, ժողովրդի կամքն է. «Այստեղ ամենակարևոր գործոնը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու կամքն է: Մեծ հաշվով, սրա մասին է խոսքը: Այսօրվա պրոցեսներն ինչի՞ մասին են. Ադրբեջանը փորձում է կոտրել ԼՂ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու կամքը: Եթե այդ կամքը մնաց ամուր և անսասան, դա է բոլոր հետագա իրադարձությունների հիմքը: Եթե որևէ մեկը մտածում է, որ անկախ պետություն ունենալու Հայաստանի ժողովրդի կամքը կարելի է կոտրել, ես այդպես չեմ մտածում, և մենք պետք է մեր կամքը ի ցույց դնենք՝ անկախ, ինքնիշխան պետություն ունենալու վերաբերյալ: Այս կամքն է ամենակարևորը, մնացածը լուծվող հարցեր են: Ես չեմ ասում, որ մեր կամքով է, բայց ամեն ինչ, ի վերջո, իրականության մեջ արտահայտվում է կամքով կամ դրա բացակայությամբ:
Եվ շատ կարևոր է, որ մենք նկատենք և գնահատական տանք՝ անկախ, ինքնիշխան պետություն ունենալու կամքը թուլացնելուն ուղղված այն գործողությունները, որոնք բոլոր դեպքերում ունեն արտաքին աղբյուր: Հայաստանի ներսում այդպիսի աղբյուր չկա: Եթե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի ներսում կան դրսևորումներ, այդ դրսևորումներն ունեն միայն արտաքին աղբյուր, և մենք որպես պետություն, որպես հանրություն՝ պետք է ի վիճակի լինենք այդ երևույթները գնահատելու: Իսկ էսկալացիայի հավանականությունը, այո, համարում եմ մեծ: Բայց շատ կարևոր եմ համարում, որ մենք կարողանանք ապացուցելի դարձնել, որ այդ էսկալացիայի հեղինակը մենք չենք: Հայաստանի սահմանի երկայնքով մենք այդ խնդիրը լուծել ենք: ԼՂ-ում նույնպես այդ գործիքը կա, և հույս ունեմ, որ այդ մեխանիզմը պատշաճ կաշխատի: Խոսքը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի և նրանց կողմից հրապարակվող փաստերի մասին է»:
Մանրամասները՝ տեսանյութում