Ռեգիոնում էսկալացիայի վտանգ կա, բայց առավելապես ադրբեջանաիրանական ուղղությամբ. Ֆելգենգաուեր

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հանդիպմանը հայտարարեց, որ շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում:

«Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- ասաց նա:

Նա նշեց, որ նույն ընթացքում Ադրբեջանը մեզ մեղադրում էր Լեռնային Ղարաբաղում զինված ուժեր ունենալու մեջ:

«Ես ասացի, որ մենք ինչպես հայտարարել ենք, ԼՂ-ում բանակ չունենք: Երբ Ադրբեջանի նախագահն ասում էր՝ ունեք, ես ասացի՝ շատ լավ, այս բանավեճը, կարծում եմ՝ վերջ չունի, մենք կարող ենք միջազգային դիտորդներ հրավիրել ԼՂ, թող իրենք գնան՝ գնահատեն տեղում իրավիճակը և հանդես գան զեկույցով: Ադրբեջանը մերժեց այս տարբերակը: Սա կարևոր հանգամանք է՝ հաշվի առնելու, և հիմա էլ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ այո, շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգը: Այս առումով, առավել ևս, հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, նաև՝ էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն: Սա ամենակարևոր արձանագրումն է»,- ասաց Փաշինյանը:

Նա կրկնեց, այո, էսկալացիայի հավանականությունը համարում է մեծ.

«Բայց շատ կարևոր եմ համարում, որ մենք կարողանանք ապացուցելի դարձնել, որ այդ էսկալացիայի հեղինակը մենք չենք: Հայաստանի սահմանի երկայնքով մենք այդ խնդիրը լուծել ենք: ԼՂ-ում նույնպես այդ գործիքը կա, և հույս ունեմ, որ այդ մեխանիզմը պատշաճ կաշխատի: Խոսքը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի և նրանց կողմից հրապարակվող փաստերի մասին է»:

Այսօրվա ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության դադարեցմանն ու օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից հրաժարվելու ՀՀ որոշմանը: Նա նշեց, որ իր գնահատականն այն չէ, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, այլ այն, որ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս: Սրանով Նիկոլ Փաշինյանը ըստ էության կրկնեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի օրերս արտահայտած թեզերը:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ կանխատեսումներին ու զսպման մեխանիզմներին, մասնավորապես` ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության հնարավոր դերակատարությանը, ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բացակայում է բոլոր խնդիրների քաղաքական լուծումը, կա էսկալացիայի հավանականություն:

Այդ հավանականությունը, նրա խոսքով, ավելի է խորանում, երբ ընթանում են բանակցություններ, սակայն մեծ տարաձայնություններով, ինչի ականատեսն ենք վերջին շրջանում:

«Հենց այս վերջին շրջանում էլ Ադրբեջանը կրկին բազմակողմ ճնշումներ է փորձում բանեցնել արագացնելու համար որոշումների կայացումը, Ադրբեջանը չի ցանկանում երկար սպասել, քանի որ ժամանակն անկանխատեսելի աշխարհաքաղաքական փոփոխությունների կարող է հանգեցնել:

Մյուս կողմից՝ կա նաև բանակցային գործընթաց, որը բարդ է, հասկանալի չէ, թե բանակցային որ հարթակում ինչ տեմպով են ընթանում բանակցությունները, և կողմերն ինչ արդյունքների են հասնում: Ուստի և՛ քաղաքական, և՛ ռազմական իրավիճակը, ռեգիոնում աշխարհաքաղաքական և ռազմական հավասարակշռությունը թույլ է տալիս ենթադրել, որ կա էսկալացիայի վտանգ, թեև նաև այդ վտանգը չպետք է կապել միմիայն այս ժամանակահատվածի հետ, քանի որ այդ վտանգը կա վերջին տարիներին՝ ըստ իրավիճակի թույլ կամ ուժեղ»,- ասաց Ֆելգենգաուերը:

Նա նաև խորհուրդ տվեց չգերագնահատել զսպման որևէ մեխանիզմ, հատկապես, երբ այն քաղաքացիական բնույթ ունի և խաղաղապահ առաքելություն էլ չէ:

«Քիչ հավանական է, որ ԵՄ քաղաքացիական ներկայությունը էական զսպող գործոն դառնա, եթե ռեգիոնալ իրավիճակը լրջորեն սրվի: Սրանում դերակատարություն ունեն ինչպես ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, այնպես էլ ԵՄ ջանքերը՝ առաջ մղել կողմերի միջև բանակցությունները»,- նկատեց վերլուծաբանը:

Ռուս ռազմական վերլուծաբանը ռեգիոնում շատ ավելի էական գործոն համարեց ադրբեջանաիրանական հարաբերություններում անընդհատ աճող լարվածությունն ու ռուս-իրանական համագործակցության ընդլայնումը:

«Սակայն այս փուլում ես կկարևորեի նաև իրանական գործոնը Ադրբեջանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակում և հատկապես վերջին սրացումը՝ պայմանավորված իրանական ինքնաթիռի սահմանային թռիչքի հետ: Ես չեմ կարծում, թե հնարավոր է և նպատակահարմար ունենալ էսկալացիա մի քանի ուղղությամբ, դրան զուգահեռաբար զսպելով դրա աշխարհաքաղաքական հետևանքները: Իրանի հարցում, իհարկե, Ադրբեջանը մասամբ ունի Արևմուտքի աջակցությունը, բայց սա շատ ավելի բարդ արտաքին քաղաքական թեմա է Ադրբեջանի համար: Ուստի երկու ուղղությամբ ռազմական էսկալացիա քիչ հավանական եմ համարում, բայց Ադրբեջանն ակնհայտորեն ճնշումների ճանապարհից ետ չի կանգնի, հատկապես, երբ իսկապես զսպում չկա»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա Ֆելգենգաուերն ասաց, որ ՀԱՊԿ-ը երբեք չի եկել Հայաստան, որ ներկայումս էլ հեռանա:

«ՀԱՊԿ-ն իր բազմաթիվ բարդություններով կառույց է, որոնք Ռուսաստան-Արևմուտք պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ է՛լ ավելի են խորացել: Եթե Հայաստանը չունի անվտանգային խնդիրներ ու կարիք չունի ինչ-որ կերպ լցնել անվտանգային բացը այնպես, ինչպես հնարավոր է, ապա սա էական հարց չէ, իսկ եթե հակառակն է, ապա ՀԱՊԿ-ի թեման ավելորդ է, քանի որ ես վաղուց եմ կրկնում, որ ՀԱՊԿ-ը որպես կառույց՝ կարևոր չէ, կարևոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակում, քանի որ դա կարևորում են ՌԴ իշխանությունները»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս