Թմրավաճառը
Քարոզչությունը կարևոր գործիք է, երբ ծառայում է այս կամ այն քաղաքականությանը։ Այլ է պարագան ու սարսափելի է արդյունքը, երբ քարոզչությունը փոխարինում է քաղաքականությանը։ Դա առաջին հերթին ու առավելապես վերաբերում է իշխանությանը, որովհետև իշխանություն չունեցող քաղաքական ուժը, օրինակ, կարող է միայն քարոզչությամբ զբաղվել և դրա դիմաց վճարել, ասենք, քաղաքական դաշտից դուրս շպրտվելով, երբ մարդիկ կհասկանան, որ չկա քաղաքականություն և կա միայն քարոզչություն։
Երբ իշխանությունն է քաղաքականության փոխարեն զբաղվում միայն քարոզչությամբ, պետությունը հայտնվում է սպառնալիքի առաջ, հասարակությունն էլ՝ թմրամոլի կարգավիճակում։
Նիկոլ Փաշինյանի համար քարոզչությունը վեր է ամեն ինչից, քարոզչությունը նրա դեպքում ոչ թե միջոց է, այլ նպատակ, գերնպատակ։ Հանուն քարոզչության նա կարող է 120 միլիոնանոց անպետք ինքնաթիռներ գնել, քարոզչության համար նա կարող է բանակի մարտունակության հարցը հասցնել ելակի մակարդակի, կամ պրոպագանդիստական նպատակով իրական պատերազմից երկու ամիս առաջ «Սարդարապատ» բեմադրել, դրանից առաջ էլ հասցրած լինել ներարկել օփիումի հերթական, բայց մեծ չափաբաժինը Ստեփանակերտի հրապարակի օվացիաների համար ու Շուշիում վերջին անգամ պարելու նպատակով։
Քարոզչությունն ամենայնն է, ինչին տիրապետում է Նիկոլ Փաշինյանը, և ինչը, ի տարբերություն պետական աշխատանքի, հեշտ է ու առանձնապես մեծ ինտելեկտ ու ջանքեր չի պահանջում։
Տարբերությունն այն է, որ քարոզչությամբ կարելի է լավագույն դեպքում իշխանություն պահպանել, իսկ պետությունը պահպանվում է միայն աշխատանքով, որն ավելի հաճախ չպետք է երևա ու, առավել ևս, սոցցանցերում չպետք է գովազդվի։ Վերը նշված օրինակներում ու էլի հարյուրավոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը հանուն քարոզչության զոհաբերել է պետական համակարգի որևէ կարևոր հիմնասյուն. մի դեպքում՝ բանակը, հաջորդիվ՝ դիվանագիտությունը, ընդհանուր առմամբ՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։
Քարոզչությունը ամեն ինչից, այդ թվում՝ մարդկային կյանքերից վեր դասելու Նիկոլ Փաշինյանի մոլուցքի ամենացայտուն ու ողբերգական օրինակն ունի անուն-ազգանուն՝ Արծրուն Հովհաննիսյան, ով 44 օր շարունակ, ամեն օր հարյուրավոր զոհեր տվող հասարակությանը կերակրում էր «հաղթանակի» առասպելով․․․
Որպես իսկական պրոպագանդիստ, Նիկոլ Փաշինյանը հայկական պետություններին և հասարակությանը նաև սեփական մեղքով պատճառված աղետները ճարպկորեն օգտագործել է քարոզչական նպատակներով՝ պատասխանատվության մի մասը բարդելով նախկինների, մնացած հատվածը՝ ռուսների, եթե պետք է՝ Արևմուտքի, ավելի հարմար է՝ ՀԱՊԿ-ի վրա, մի խոսքով՝ բոլորի վրա… 44-օրյա պատերազմի աղետը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է ոչ թե հետևություններ անելու, սեփական պատասխանատվությունը գիտակցելու, դրանից բխող գոնե արժանապատիվ որևէ որոշում ընդունելու անխուսափելի պատճառ, այլ քարոզչական մի մեծ պատմություն, որը նա տարբեր չափաբաժիններով օգտագործում է մինչ օրս։
Պետությունը, լայն իմաստով, դադարում է գործել, երբ իշխանությունը քաղաքականության փոխարեն իրականացնում է քարոզչություն։ Հասարակությանը քարոզչության տված վնասը նույնքան վտանգավոր է ու մոտենում է անդառնալիության կետին։
Առանց այդ էլ մտածելու հակում չունեցող լայն զանգվածների համար պրոպագանդան թմրանյութի դեր է կատարում, իսկ երբ այն շարունակվում է տևական ժամանակ, հայտնվում է հիվանդագին կախվածության մեջ։ Հասարակությունն էլ, անհատի հանգույն, այդ իրավիճակից ունի երկու ելք՝ կամ ուժ գտնել և դադարել թմրանյութ ընդունել, ինչը հանրության պարագայում նշանակում է դուրս գալ քարոզչության ազդեցությունից և սկսել մտածել, կամ շարունակել կլանել քարոզչական օփիումի մատուցվող չափաբաժինն այնքան ժամանակ, մինչև վրա կհասնի մահը, որն արդեն ստանում է ոչ միայն փոխաբերական, այլ նաև ուղիղ իմաստ։
Հարություն Ավետիսյան