Տեղեկություն կա, որ որոշ գերիների վերաքննիչ բողոքների քննություն տեղի կունենա. Սահակյան
Տեղեկություն կա, որ մայիսի 26–ին Բաքվում տեղի են ունենալու որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները։ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն այդ մասին ասել է NEWS.am–ին։
«Տեղեկությունը մեզ է հասել գերիների ընտանիքներից: Այն իրականում շատ կցկտուր է: Նույնիսկ չունենք պատկերացում` կոնկրետ ում գործերով է վերաքննիչ բողոքը ներկայացվել և վարույթ ընդունվել, ինչպես է դա արվել, քանի որ անգամ ռազմական դատարանի դատավճիռները նրանց չէին տրամադրվել»,– ասել է Սահակյանը:
Նա ընդգծել է` ստեղծվել է մի իրավիճակ, երբ հավաստի տեղեկություններ ստանալու որևէ հնարավորություն չկա:
«Նաև սա էր պատճառը, որ մենք խնդրում էինք գործարկել «հովանավոր տերության» մեխանիզմը, բայց, ցավոք, որևէ ռեալ արդյունք այդպես էլ չունեցանք: Հյուպատոսական այցելությունների և աջակցության գործիքակազմը ևս շարունակում է մնալ չկիրառված»,– նշել է իրավապաշտպանը:



