Չեխիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ատամներ ցույց տալ» Ռուսաստանին
Չեխիայի նախագահ Պետր Պավելը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ատամներ ցույց տալ»՝ ի պատասխան «Ռուսաստանի կողմից դաշինքի արևելյան թևում վերջինիս վճռականությունը ստուգելու պարբերական փորձերի»։ Նա առաջարկել է մի շարք քայլեր իրականացնել, այդ թվում՝ համացանցի անջատումը, բանկերի անջատումը գլոբալ ֆինանսական համակարգերից և դաշնակիցների օդային տարածքը խախտող ինքնաթիռների խոցումը։
Պրահայում The Guardian պարբերականին տված հարցազրույցում Պավելը հորդորել է դիմել «բավականին վճռական, հնարավոր է նույնիսկ ասիմետրիկ» պատասխան միջոցների, որպեսզի հակահարված տրվի Մոսկվայի սադրիչ վարքագծին, այլապես կա ռիսկ, որ Կրեմլն էլ ավելի կակտիվացնի իր գործողությունները։
64-ամյա պաշտպանության մասնագետը, ով պաշտոնաթող գեներալ է և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահը, յուրահատուկ դեմք է եվրոպական առաջնորդների շրջանում։ Ռուսաստան-ՆԱՏՕ այժմ կասեցված խորհրդի շրջանակներում Մոսկվայի հետ բանակցությունների նրա բազմամյա փորձը նրան ծանրակշիռ ձայն է տվել դաշինքի ապագային և նրա առջև ծառացած սպառնալիքներին վերաբերող հարցերում։
Նա հիասթափություն է հայտնել «Ռուսաստանի վրա ճնշումը շարունակելու հարցում Միացյալ Նահանգների վճռականության պակասի» կապակցությամբ, թեև զերծ է մնացել Դոնալդ Թրամփին ուղղակիորեն քննադատելուց՝ չնայած այն բանին, որ ԱՄՆ նախագահը շարունակում է կասկածի տակ դնել դաշինքի հանդեպ Վաշինգտոնի ապագա պարտավորությունները։
Ավելի վաղ Պավելը չեխական լրատվամիջոցներին հայտարարել էր. «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թրամփն ավելի շատ բան է արել ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը խարխլելու համար, քան Վլադիմիր Պուտինին հաջողվել է անել տարիների ընթացքում»։ Այս մեկնաբանության վերաբերյալ հարցերից նա խուսափել է՝ նշելով, որ չի կարծում, թե «Միացյալ Նահանգների հասցեին ուղղակի քննադատությունն օգտակար կլինի այս պահին»։
Փոխարենը նա կենտրոնացել է այն անհրաժեշտության վրա, որ ՆԱՏՕ-ի անդամներին պետք է դրդել կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ 2014 թվականին Ուկրաինայի կազմից Ղրիմի ապօրինի բռնակցումից հետո Մոսկվան ուսումնասիրել է ՆԱՏՕ-ի գործելաոճը և «մշակել վարքագծի մի մոդել, որը գրեթե հավասար է 5-րդ հոդվածի գործարկման պայմաններին, բայց միշտ մնում է այդ նշագծից մի փոքր ցածր»։
ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը սահմանում է, որ դաշինքի անդամներից որևէ մեկի վրա զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր անդամների վրա։ Պավելը նշել է, որ ռուս զնվորական հրամանատարները երբեմն ծաղրում էին դաշինքի ներսում որոշումների կայացման կաթվածահար վիճակը։
«Երբ ես հարցրեցի նրանց, թե ինչու են օդում այդպիսի սադրիչ գործողություններ անում, մոտենում կամ թռչում Սև կամ Բալթիկ ծովերում գտնվող ռազմական նավերի վրայով, նրանք պատասխանեցին. «Որովհետև կարող ենք»։ Սա հենց այն վարքագիծն է, որը մենք թույլ ենք տվել, որ նրանք դրսևորեն»,- ասել է նա։



