ԱՄՆ դատարանը հօգուտ Boeing-ի է վճռել 737 MAX ինքնաթիռների թռիչքների արգելքին առնչվող դատական գործը
ԱՄՆ-ում երդվյալ ատենակալների դատարանն ուրբաթ օրը վճռել է, որ ավիատիեզերական հսկա Boeing ընկերությունը պատասխանատվություն չի կրում չստացված եկամտի համար։ Դատական գործընթացը կապված է եղել 737 MAX մոդելի ինքնաթիռների հետ, որոնց թռիչքները 20 ամսով դադարեցվել էին 2018 և 2019 թվականներին տեղի ունեցած երկու ողբերգական ավիավթարներից հետո։ Այս մասին հաղորդում է AFP լրատվական գործակալությունը։
Լեհական LOT ավիաընկերությունը Boeing-ին մեղադրել է խարդախության մեջ և պահանջել 250 միլիոն դոլարի փոխհատուցում՝ պատճառաբանելով, որ ընկերությունը «միտումնավոր, անփութորեն և կեղծ տեղեկություններ է տարածել կամ թաքցրել 737 MAX-ի վերաբերյալ փաստերը»։ Այնուամենայնիվ, Սիեթլի դաշնային դատարանի երդվյալ ատենակալները մերժել են հայցը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են։ Այս մասին հայտնել է AFP-ն՝ ծանոթանալով դատական փաստաթղթերում առկա տվյալներին։
Դատական հայցի պատճառն այն է, որ LOT-ը Boeing-ից փոխհատուցում է պահանջել կրած վնասների համար, քանի որ MAX մոդելի ինքնաթիռների թռիչքները տևական ժամանակով արգելվել են։ Այդ արգելքը հաջորդել է 2018 թվականին Lion Air-ի և 2019 թվականին Ethiopian Airlines-ի ավիավթարներին, որոնք ընդհանուր առմամբ 346 մարդու կյանք են խլել։
Այս ողբերգություններից հետո Boeing ընկերությունն ընդունել է, որ վթարների պատճառը եղել է թռիչքի կայունացման համակարգի (MCAS — համակարգիչ, որը կանխում է ինքնաթիռի քթամասի վտանգավոր բարձրացումը) սխալ աշխատանքը։
2019 թվականի մարտից մինչև 2020 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում դադարեցվել էր Boeing 737 MAX-երի թռիչքները։ Սահմանափակումը հանվել է միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) վերստին թույլատրել է դրանց շահագործումը՝ Boeing-ի կողմից MCAS համակարգի թերությունները շտկելուց և թարմացնելուց հետո։



