Կոշտ էլիտա և մտահոգ փորձագետներ. Ռուսաստանի ներքին երկվությունը Հայաստանի դեմ «տնտեսական պատերազմում»

ՀՀ արտաքին քաղաքականության, այսպես կոչված, դիվերսիֆիկացումը և դեպի անորոշ եվրաինտեգրում միտված ռազմավարական շրջադարձը հանգեցրել են Երևանի և Մոսկվայի հարաբերությունների բացահայտ բևեռացման, որտեղ Կրեմլը տնտեսական գործիքակազմն ուղղակիորեն վերածում է քաղաքական ճնշման լծակի։

Գործարկելով ասիմետրիկ կախվածությունների շղթան՝ Ռուսաստանը կիրառում է սահմանափակումներ հայկական արտահանման դեմ և արգելքներ ստեղծելով ԵԱՏՄ տնտեսական տարածքում՝ նպատակ ունենալով արգելակել Երևանի և Բրյուսելի մերձեցումն ու ցուցադրել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության «տնտեսական գինը»։ Եվ մինչ Մոսկվան ամենաբարձր մակարդակով Երևանին կողմնորոշվելու կոչ է անում, ակնարկում մինչև անգամ ԵԱՏՄ-ի դուրս բերելու մտադրությունների մասին, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, թե  ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակը, նրա գնահատմամբ, արտասովոր է։

«Շատ տարօրինակ, արտասովոր իրավիճակ է։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես որ արել է վերջին տարիներին, երբ ԵԱՏՄ-ում էր: Հայաստանի ղեկավարությունն էլ է հայտարարում, որ ուզում է մնալ կառույցում»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Կարդացեք նաև

«Ոչ ոք Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս չի մղում, պարզապես իրենք են ասել, որ ցանկանում են անդամակցել ԵՄ-ին։ Պետք է կողմնորոշվել։ Որքան շուտ դա արվի, այնքան լավ կլինի բոլորի համար»,- ավելացրել է Օվերչուկը։

Ռուս պաշտոնյան նաև պնդել է՝ այն փաստը, որ Հայաստանի վարչապետը չի մասնակցելու այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, վկայում է նրա առաջնահերթությունների մասին։ Իր հերթին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Արևմուտքը փորձում է պառակտել Ռուսաստանի դաշնակիցներին, հատկապես՝ հարևաններին, և այս մարտավարությունն այժմ կիրառվում է, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։

«Արևմուտքը փորձում է պառակտել մեր դաշնակիցներին, առաջին հերթին՝ սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Այս օրերին, մինչ ՀՀ-ում նախընտրական քարոզարշավը կիսվել է, Երևանին կոշտ քննադատել են  Շոյգուն, Վոլոդինը, Լավրովը, Օվերչուկը, Պուտինը, Գալուզինը և այլ ռուս գործիչներ։

Զուգահեռաբար Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմնից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից այսօր հերթական  տհաճ տեղեկությունն ի հայտ եկավ՝ թե հայտնաբերել է Հայաստանում արտադրվող անորակ ալկոհոլային խմիչքներ, և դրանց վաճառքը Ռուսաստանում կասեցվել է։

Ըստ կառույցի՝ պարտադիր պահանջներին չեն համապատասխանել «ՎԵԴԻ-ԱԼԿՈ»-ի, «Աբովյանի կոնյակի գործարան»-ի և «Շահնազարյան» գինու և կոնյակի տան արտադրանքը: Նախօրեին էլ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնեց, որ ժամանակավորապես կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու վաճառքը Ռուսաստանում՝ դրանցում որոշ նյութերի նորմայից բարձր պարունակության պատճառաբանությամբ, թեև Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր, թե ստուգել է և խախտումներ չի հայտնաբերել «Ջերմուկ»-ում:

Նախօրեից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից նաև ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ Ըստ հաղորդագրության, «Ռոսսելխոզնադզորը» նախատեսում է ստուգել Հայաստանում գործող բուսաբուծական ձեռնարկությունները: Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մասով, ըստ ՏԱՍՍ գործակալության, երեկ «Վեստի»-ի եթերում հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

Մոսկվայի կողմից Հայաստանի դեմ կիրառվող տնտեսական սահմանափակումների և սանիտարական արգելքների ակտիվացումը ռուսաստանյան փորձագիտական ու վերլուծական շրջանակներում միանշանակ չի ընդունվում: Թեև Կրեմլի պաշտոնական օրակարգը միտված է Երևանի քաղաքական ղեկավարությանը «պատժելուն» և արտաքին քաղաքական շրջադարձը կանխելուն, ոլորտի  վերլուծաբաններն ավելի ու ավելի հաճախ են բարձրաձայնում այս տակտիկայի հակառակ ազդեցության մասին: Ըստ այդ մոտեցման՝ կոշտ վարչարարությունն ու արտահանման արգելքները գուցե թուլացնում են Հայաստանի գործող իշխանության դիրքերը, սակայն  նրանց ձեռքին դառնում են լրացուցիչ գործիք՝ հանրությանն «արտաքին սպառնալիքի» շուրջ մոբիլիզացնելու և սեփական քաղաքական ձախողումներն արտաքին ֆորսմաժորով արդարացնելու համար։

Այս համատեքստում փորձագիտական դիսկուրսի առանցքային թեզն այն է, որ տնտեսական հարվածները թիրախավորում են ոչ թե քաղաքական էլիտային, այլ շարքային արտադրողներին, ֆերմերներին ու գործարարներին, որոնց զգալի մասը մշտապես եղել է ռուսամետ: Կիրառվող պատժամիջոցները՝ լինեն դրանք ծաղիկների թե այլ ապրանքների ներկրման սահմանափակումներ, ուղղակիորեն հարվածում են հենց այն շերտերին, որոնք կապված են ռուսական շուկայի հետ։ Ուստի, «կրակելով քաղաքական իշխանության վրա, բայց դիպչելով ամբողջ Հայաստանին»՝ Մոսկվան ռիսկի է ենթարկում  հանրային վստահության մնացորդները վերացնել և սեփական ձեռքով հակառուսական տրամադրությունների հիմքեր ստեղծում հենց բարեկամական շրջանակներում:

Վերջնարդյունքում, փորձագիտական համայնքի փորձառու ներկայացուցիչները կոչ են անում տարանջատել քաղաքական հակասությունները ժողովրդական դիվանագիտությունից և տնտեսական գործընկերությունից։

Շեշտադրվում է այն միտքը, որ ժողովրդի դեմ տնտեսական պատերազմ վարելը ռազմավարական առումով պարտվողական է, քանի որ այն փակում է երկխոսության ապագա դռները և ավելի է արագացնում Հայաստանի հեռացումը ռուսական տնտեսական ուղեծրից։ Քաղաքական նպատակահարմարությունը չպետք է գերակայի երկարաժամկետ դաշնակցային ու մարդկային կապերի նկատմամբ, և Մոսկվայի ներկայիս տակտիկան վերանայման կարիք ունի՝ ավելի աղետալի աշխարհաքաղաքական հետևանքներից խուսափելու համար:

Իսկ ռուսական քաղաքական էլիտայի և որոշումներ կայացնողների առանցքային թևի ներկայացուցիչները կարդինալ այլ կերպ են ընկալում իրավիճակը՝ առաջնորդվելով բացառապես կոշտ աշխարհաքաղաքական պրագմատիզմով և ուժային հավասարակշռության կանոններով։ Այս շրջանակներում սենտիմենտալ հիշողություններն ու բարեկամության մասին թեզերն արդեն վաղուց դուրս են մղվել ռազմավարական հաշվարկներից, հաշվի առնելով նաև ՀՀ իշխանությունների քաղաքականությունն ու հայտարարությունների բնույթը։ Մոսկվայի իշխող վերնախավի համար Հայաստանի արտաքին քաղաքական մերձեցումն Արևմուտքի հետ դիտարկվում է «կարմիր գծերի» խախտում, ինչը ենթադրում է առավել կտրուկ, հստակ և ցուցադրական հակազդեցություն։

Այս ուղեգծի կողմնակիցները համոզված են, որ ընտրողական մոտեցումների ժամանակաշրջանն անցել է, և տնտեսական գործիքների ամբողջական գործարկումը միակ արդյունավետ մեթոդն է Երևանի սրընթաց աշխարհաքաղաքական շրջադարձը կանխելու համար։

Նրանց մեկնաբանությամբ՝ տնտեսական ճնշումների «շոկային թերապիան» պետք է լինի համապարփակ, որպեսզի հայաստանյան թե քաղաքական, թե գործարար վերնախավը հստակ գիտակցի Ռուսաստանի հետ անվտանգային և տնտեսական կապերի խզման անմիջական ու անդառնալի գինը։ Ուստի, Մոսկվայի էլիտայի այս արմատական թևը, դատելով հայտարարություններից, հակված է շարունակելու և խստացնելու կոշտ սահմանափակումների տակտիկան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031