ՀՀ իշխանությունները որոշակի զիջումներ պահել են հետընտրական ժամանակահատվածի համար. դրա մասին նախապես խոսելն իրենց համար քվեի խնդիր է առաջացնելու. Տիգրան Աբրահամյան
2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտության պատճառների վերաբեյալ հարցերը դեռևս ամբողջությամբ պատասխան չեն ստացել: Նախընտրական շրջանում ժամանակ առ ժամանակ անդրադարձ կատարվում է այս թեմային. իշխանական և ընդդիմադիր շրջանակներից, բնականաբար, տարբեր պատճառներ են նշվում, սակայն դրանք հիմնականում քաղաքական գնահատականներ են:
Մինչդեռ կան հարցեր, դրվագներ, որոնք ռազմական գնահատական են պահանջում: Արդյոք չպե՞տք է ռազմական գնահատական տրվի՝ 44-օրյա պատերազմի պարտության մեջ որքա՞ն է սպառազինության, զենք-զինամթերքի հետ կապված խնդրի մասնաբաժինը, որքա՞ն՝ Ադրբեջանի ունեցածի, որքա՞ն է կադրային նշանակումների մեղքը, և այլն: Այսինքն, պետք է հասկանալ՝ որքան է քաղաքական ղեկավարության մեղքը, քաղաքական գործոնի մասնաբաժինը, որքան ռազմական ղեկավարության, հրամանատարության և ռազմական գործոնների:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:
– Այո, ռազմական առումով թեմայի դետալային ուսումնասիրությունը և դրանից հետո համապատասխան եզրահանգումներ անելն է, որ կարող է հնարավորություն տալ զինված ուժերի վերականգնումն ապահովել և զարգացման գործընթաց սկսել: Ռազմական բաղադրիչը և Ձեր հարցադրման մեջ առկա գործոնները կարծես թե ետին պլան են մղվել, որովհետև քաղաքական գործոնը, պատասխանատվության և Հայաստան-Ադրբեջան բանակցային պրոցեսի առումով, մշտապես իշխանության կողմից շահարկվել է, և իշխանությունը փորձ է արել ողջ դաշտն այդ շահարկումներով լցնել:
Իրականության մեջ այն գործիչները, որոնք հետագա կառավարությունների ժամանակահատվածում չեն ունենա իրավիճակի ռազմական գնահատումը, չեն ունենա հստակ վերլուծություն, թե ինչ է տեղի ունեցել, կանոնադրությունները գործե՞լ են, թե՞ չեն ունեցել, հրամանները որքանո՞վ են էֆեկտիվ եղել, սպառազինության, դրանց կորուստներին առնչվող ի՞նչ խնդիրներ են եղել, և այլն, բնականաբար, որևէ ռացիոնալ գնահատական կազմել հնարավոր չի լինելու: Իսկ ռազմական բաղադրիչի մասին մտածում են միայն այն մարդիկ, որոնց համար խնդիրը ոչ թե ամեն գնով իշխանություն վերցնելն է, այլ հետագայում ՀՀ ռազմական բաղադրիչը վերականգնելն է և բանակում արդիականացման գործընթաց իրականացնելը:
– Նախընտրական շրջանում ակտիվացել են «անկլավային» գյուղերի վերադարձի, Արծվաշենը հետ ստանալու խոսակցությունները, Ալիևին հիմա սա պե՞տք է, և հայկական կողմի այս պատրաստակամությունն ի՞նչ ռիսկերի է հանգեցնելու:
– 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում իշխանական տարբեր գործիչներ, առաջ ընկնելով՝ հայտարարում էին, որ կան 8 գյուղեր, որոնք իբր ադրբեջանական են, և դրանք որևէ փուլում պետք է հանձնվեն Ադրբեջանին: Ավելին, սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ դելիմիտացիայի կանոնադրության, ուղենիշների ընդունումից առաջ դեռևս 2024 թվականին արդեն իսկ 4 գյուղ հանձնվել էր Ադրբեջանին:
Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները որոշակի զիջումներ պահել են հետընտրական ժամանակահատվածի համար, որովհետև դրա մասին նախապես խոսելն իրենց համար քվեի խնդիր է առաջացնելու, և դրանով պայմանավորված՝ Փաշինյանն այդ թեմայի վերաբերյալ օրեր առաջ լղոզված ձևակերպում հնչեցրեց: Այս իշխանության հիմնական սկզբունքը հետևյալն է՝ պատրաստ են մինչև վերջ գնալ զիջումների, միայն թե որևէ ձևով չսասանվի իրենց իշխանությունը և Ադրբեջանի հետ որևէ չկարգավորված խնդիր չլինի:
– Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով ընտրություններին մասնակցության հայտ և վարչապետ դառնալու հավակնություններ է ներկայացրել, հայտարարել է, որ Գորիս-Դավիթ Բեկ 21 կմ-անոց ճանապարհի 11-կմ-ն անցել է իրականում Ադրբեջանի տարածքով, պարզապես 30 տարի հաղթողի կարգավիճակում ենք եղել, և դա մեր տիրապետության տակ է մնացել: Ընդ որում, սկզբում նշում էր, որ այն բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Ավելին, նա այս ընթացքում նույնիսկ փորձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ դիտարկել հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման հարցը:
– Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանի հայտարարություններին, ապա առանց դելիմիտացիայի գործընթացի այդ ճանապարհի հանձնումը ևս համարում եմ ապօրինություն, և դրա պատասխանատուներից մեկը Վաղարշակ Հարությունյանն է. նա այդ պրոցեսի մասին ոչ միայն դեռ պետք է խոսի, այլև պետք է պատասխան տա: Կարծում եմ՝ ՀՀ-ում իշխանության փոփոխությունից հետո ոչ միայն Վաղարշակ Հարությունյանը, այլև շատ-շատերը, որոնք եղել են գործող իշխանության թիմում, տարբեր իրավիճակների և դրվագների հետ կապված պատասխան պիտի տան, շատերը՝ դատարանների առաջ:
– ԹՐԻՓՓ-ի ապագան ինչպե՞ս եք պատկերացնում այսօր, հետագայում:
– Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել հարձակումները շատ փխրուն իրավիճակ են ստեղծել «Թրամփի ուղի» նախագծի շուրջ, և շատ բան կախված է նրանից, թե ի վերջո գործարքը կկայանա՞ Իրանի և ԱՄՆ-ի միջև, թե՞ ոչ, և դա իր մեջ ի՞նչ պայմանավորվածություններ կենթադրի: Եվ կարծում եմ, որ նաև դրանով պայմանավորված՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ իրավիճակը որոշ առումով երկրորդ պլան է մղվել, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ շատ բան կախված է մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, իսկ Իրանի դեմ գործողությունները շատ ավելի «նուրբ» են դարձրել այդ պրոցեսի իրականացումը:
– Վերջին անգամ ե՞րբ եք եղել մարտական դիրքերում, կար ժամանակ, հաճախակի էիք այցելում: Եվ վերջերս կարծես Մեղրիում էիք, ի՞նչ տրամադրություններ կան այնտեղ:
– Պաշտպանության նախարարությունը խոչընդոտներ է հարուցել առաջնագիծ մեկնելու և զորամասային օղակում զինված ուժերին առնչվող հարցերին պատասխաններ ստանալու հարցում, առհասարակ, ծառայության բնույթին ծանոթանալու:
Սա վերաբերում է նաև մասնագիտական, լրագրողական այն շրջանակներին, որոնք չեն ներկայացնում իշխանությունը կամ նրանց հետ ասոցացում չունեն: Ռազմաքաղաքական այս ղեկավարության համար առաջնայինն իրենց քարոզիչների այցելություններն են, ինչը նրանց հնարավորություն է տալիս տեղեկատվական դաշտում բանակի հետ կապված «դրական» լուրերի ապահովումը: Ւշխանությունը նաև ցույց է տվել, որ իր համար զինված ուժերը, այնտեղ տեղի ունեցող պրոցեսները կամ դրանց մի մասն առանձնապես հետաքրքիր են նախընտրական քարոզչական նպատակներով:



