Բացե՛ք կյանքի ճանապարհները. Բողոքի ակցիա՝ Չինաստանի դեսպանատան մոտ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ, ապա շարժվեցին դեպի Չինաստանի դեսպանատուն:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հիշեցրեց, որ Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից է, կարևոր դերակատարում ունի խաղաղության պահպանման օրակարգն առաջ մղելու հարցում:
Նա շեշտեց, որ Ադրբեջանը չի կատարում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, և հարցը պետք է քննարկվի ՄԱԿ Անվտանգության խորհրդում:
«Հավաքվել ենք տեղեկացնելու Չինաստանի ներկայացուցիչներին, որ Արցախում այս պահին 120.000 մարդ գտնվում է շրջափակման մեջ, Ադրբեջանը դիտավորյալ դադարեցրել է ՀՀ-ից դեպի Արցախ գնացող միակ գազատարի աշխատանքները: 4-րդ օրն է՝ ժողովուրդը զրկված է սննդամթերքից, դեղորայքի և այլ կենսական ապրանքի ներմուծումից»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:
Արցախի նախկին ՄԻՊ, այսօր պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն էլ կոչ արեց արցախցիներին՝ ամուր լինել:
«Անկախ բոլոր մարտահրավերներից՝ պետք է ամուր, վճռական լինեք և գիտակցեք, որ արժեքները զրկանքներով են պաշտպանվում: Կարմիր գծերը չպետք է որևէ զիջման ենթարկվեն»,- նշեց Արտակ Բեգլարյանը:
Ապա ներկաները «Ոչ ցեղասպանությանը», «Մենք Արցախի կողքին ենք», «Բացեք կյանքի ճանապարհը», «Բացեք օդային ճանապարհ» կոչեր հնչեցրեցին՝ դեպի դեսպանատուն ուղղելով թղթե ինքնաթիռները: