Ադրբեջանցիների կողմից կոռնիձորցի խաղաղ բնակիչների դաժան սպանությունները 1989 թվականին

Արցախյան առաջին պատերազմի տարիները շատ ծանր հետևանքներ ունեցան նաև Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում՝ հատկապես Սյունիքի մարզում: Այդ համատեքստում արժանի է հիշատակման հատկապես Կոռնիձոր գյուղը, որտեղ մինչ օրս տեսանելի են առաջին պատերազմի հետևանքները. գյուղի տների մեծ մասի դարպասներին շարունակում են մնալ պատերազմի ժամանակ հրետակոծության հետքերը:

Այդ տարիներին գյուղում կազմավորվեցին ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք մասնակցություն ունեցան թե՛ Արցախի, թե՛ գյուղի ինքնապաշտպանական մարտերին: Կոռնիձորի կարևոր նշանակությունը հատկապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ գյուղը գտնվում էր դեպի Արցախ տանող հարավային ուղղության մոտ և կապված էր Գորիս-Բերձոր ռազմավարական գոտու հետ։ Առաջին պատերազմի ընթացքում Բերձորի միջանցքի պահպանումը կենսական նշանակություն ունեցավ Արցախի և Հայաստանի միջև ցամաքային կապի համար։

Արցախյան առաջին պատերազմի պասիվ և ակտիվ փուլերում Կոռնիձորը միշտ կանգնած է եղել վտանգների առաջ: Մասնավորապես շատ են դեպքերը, երբ պատերազմի տարբեր տարիներին թշնամին իր ցեղասպանական վարքագիծն է դրսևորել գյուղի մարտիկների, ինչպես նաև խաղաղ բնակիչների նկատմամբ: Մինչ օրս բոլորն են հիշում կոռնիձորցի Լևոն Ասրյանի հետ 1989 թվականին տեղի ունեցած դեպքը. չորս երեխաների հորն ադրբեջանցիները գերի վերցրեցին և դաժանաբար սպանեցին: Այդ օրվա մասին մանրամասներ պատմել է Լևոր Ասրյանի կինը՝ 1993 թվականին.

Կարդացեք նաև

«Նոյեմբերի 22-ին՝ առավոտ վաղ դուրս եկավ: Հովվության հերթը իրենն էր ու Մարտուն Ավագյանինը: Սովորականի պես հետը հաց դրեցինք: Երեկոյան չվերադարձավ: Տարբեր հանդերում նախ մահակը գտանք, հետո լուցկին, ծխախոտը, գլխարկը, հետո հետը դրած հացը… Ոչխարի հոտը զինվորական պահակակետի կողքով էին քշել տարել: Գյուղացիները խնդրեցին թույլ տալ, որ գողացված հոտի հետքերով առաջ գնան, շարունակեն կորածների որոնումները:

Սովետական բանակի զինվորները սպառնացին, որ կկրակեն: Հետքերն ու ճանապարհը տանում էին դեպի ադրբեջանական Մազմազակ գյուղը: Միայն յոթ օր անց դիակը վերադարձվեց: Աջ ուսի դաջվածքը` անունը, ազգանունը, հայրանունը կտրված հանված էր, գագաթը չկար, ձեռքերը լրիվ այրված էին, աջ թիկունքը` ջախջախված: Խոշտանգված էր անճանաչելի: Մեծ որդիս դեռ բանակում է ծառայում, հոր մահվան մասին ոչինչ չգիտի, թաքցնում ենք: Տարելիցին արդեն տանը կլինի, ինչ պետք է ասենք նրան…: Այրի՝ Լևոն Ասրյանի»: (Արշակյան Ա., «Մահ չիմացյալ՝ մահ, մահ իմացյալ՝ անմահություն», Երևան, 1993, էջ 53):

Լևոն Ասրյանի հետ մեկտեղ գերեվարված և դաժանաբար սպանված Մարտուն Ավագյանի ողբերգական պատմությունը ևս մինչ օրս բոլորը հիշում են: Նրան ևս թշնամին գերի վերցնելուց հետո սպանել է անմարդկային դաժանությամբ: Մարտուն Ավագյանի կինը ևս մանրամասն պատմել է ողբերգական այդ օրվա մանրամասները.

«Հոկտեմբերի 7-ն էր: Բոլորս տանն էինք, հաց էին թխում, ինքը պատրաստվում էր խորոված անել: Մեկ էլ լուր եկավ, թե հարևան գյուղի թուրքերը հարձակվում են: Սպասում էինք, բայց չէինք պատկերացնում, որ դա հնարավոր է: Թողեց, թափեց ամեն ինչ ու դուրս վազեց: Ինչո՞վ, ո՞ւմ հետ: Հետո ամեն ինչ սովորական դարձավ: Հարձակումներն հետո ավելի հաճախ դարձան, կրակոցներն` ավելի թեժ: Այդ օրվանից նա տնից կտրվեց, կարծես հենց դրան էր սպասում:

Էլ ինչ համոզել, ինչ խնդրել… Ախր զենք էլ չուներ, մահակով էր գնում հերթապահության: Գյուղում տարերայնորեն կազմակերպվեց ինքնապաշտպանություն, իր նման մահակավորների մի ջոկատ: Եղբայրը դրա կազմակերպիչներից էր: Ռեալ վտանգը բոլորին էր եղբայրացրել, միավորել, բայց մահակով ի՞նչ կարելի էր անել: Նրան ու Լևոն Ասրյանին նույն օրը տարան: Մոտ մեկ շաբաթ ամբողջ գյուղը նրանց էր փնտրում: էլի ապրեն կարմիր բանակի զինվորները, մեզ չէ, բայց մերոնց դիակները պաշտպանում են: Մեկ շաբաթ հետո բերեցին դիակները, թե՝ «սա էլ մեզնից ձեզ լավություն»: Այրի՝ Մարտուն Ավագյանի»: (Նույ տեղում, էջ 51):

2023 թվականի Արցախի դավաճանական հանձնումից և օկուպացիայից հետո Կոռնիձոր գյուղը նորից դարձավ սահմանամերձ գյուղ:

Պատմական այս փաստերը հուշում են, որ թշնամին մնացել է նույնը և այսօր ևս ցանկացած պահի պատրաստ է ցույց տալ իրական դեմքը, առևանգել մարդկանց, դաժանաբար սպանել: Հայաստանում և Կոռնիձորում ապրող հայերը պետք է գիտակցեն, որ անհնար է խաղաղ ապրել նմանատիպ թշնամու և «մարդկային տեսակի» հետ:

Լևոն Ասրյանի և Մարտուն Ավագյանի հետ տեղի ունեցած այս ողբերգության փաստը պետք է սթափ պահի բոլոր իրական հայերին:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930