Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը պատերազմի ստվերում. Ի՞նչ է փոխվում Հարավային Կովկասում
Օրերս Բիշքեկում տեղի ունեցած ՇՀԿ գագաթնաժողովի կուլիսներում կայացան մի շարք աշխարհաքաղաքական նշանակության հանդիպումներ:
Այս օրերին հայաստանյան մամուլում ակտիվորեն քննարկվեցին Փաշինյան-Պուտին բիշքեկյան բանակցությունները, սակայն Բիշքեկը նշանավորվեց նաև Չինաստանի ու Ռուսաստանի նախագահների, Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպումներով ու բազմաթիվ այլ շփումներով, որոնցից մեկն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն էր: Այս շփումն, ըստ էության, տեղի ունեցավ ոչ թե սովորական տարածաշրջանային իրավիճակի պայմաններում, այլ Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրավիճակի ֆոնին։
Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական առճակատումը կրկին սրվել է, Վաշինգտոնն ուժեղացնում է ռազմական և տնտեսական ճնշումը Թեհրանի նկատմամբ, իսկ Իրանը փորձում է միաժամանակ դիմակայել ճնշմանը և պահպանել բանակցությունների հնարավորությունը։ Այս պայմաններում Ալիև–Փեզեշքիան հանդիպումը ստանում է շատ ավելի լայն նշանակություն, քան երկկողմ հարաբերությունների հերթական քննարկումը։
Հատկապես կարևոր է, որ հանդիպումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2026 թվականի ընթացքում Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները լուրջ փորձության ենթարկվեցին։ Նույնիսկ Նախիջևանի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպերից հետո կողմերը փորձեցին չթողնել, որպեսզի ճգնաժամը վերածվի երկարատև հակամարտության։ Ադրբեջանը նաև հումանիտար աջակցություն տրամադրեց Իրանին, իսկ ապրիլին վերականգնվեց Բաքվի դեսպանատան գործունեությունը Թեհրանում։ Այս համատեքստում Բիշքեկի հանդիպումը կարելի է դիտարկել որպես ոչ միայն հարաբերությունների շարունակականության, այլև դրանց վերահսկելիության պահպանման փորձ, ինչը կարևոր է թե Բաքվի, թե Թեհրանի համար:
Թեհրանի համար Ադրբեջանի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն։ Ադրբեջանը գտնվում է Իրանի անմիջական հյուսիսային սահմանին, ունի սերտ հարաբերություններ Թուրքիայի և Իսրայելի հետ։ Իրանի համար, որը ներկայումս գտնվում է ԱՄՆ ռազմական և տնտեսական ճնշման տակ, սեփական հյուսիսային սահմանների երկայնքով նոր անկայունության բռնկումը կարող է ստեղծել լրացուցիչ ռազմավարական խնդիրներ։ Հետևաբար, Փեզեշքիանի համար Բաքվի հետ երկխոսությունը նաև անվտանգության ռիսկերի կառավարում է։
Ադրբեջանի համար էլ Իրանի հետ հարաբերությունները միայն հարևանության հարց չեն։ Բաքուն փորձում է ամրապնդել իր դերը՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ հանգույց, իսկ Իրանն այդ համակարգում ունի սեփական աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակությունը։ Ավելին՝ ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության պայմաններում Ադրբեջանը ստիպված է շատ ավելի նուրբ հավասարակշռություն պահպանել։ Մի կողմից՝ Բաքուն ունի ռազմավարական կապեր Վաշինգտոնի, Իսրայելի և Թուրքիայի հետ, մյուս կողմից՝ Իրանի հետ բացահայտ առճակատումը կարող է անմիջականորեն վնասել Ադրբեջանի անվտանգությանը և հաղորդակցություններին։
Այս ամենը հատկապես կարևոր է Հայաստանի և Հարավային Կովկասի համար։ Եթե Իրան-Ադրբեջան հարաբերությունները մտնեն սրման նոր փուլ, դրա հետևանքները կարող են անմիջապես տարածվել Հայաստանի հարավային սահմանների, տարածաշրջանային հաղորդակցությունների և ուժերի հավասարակշռության վրա։ Իսկ եթե Թեհրանն ու Բաքուն կարողանան պահպանել երկխոսությունը, դա որոշակիորեն նվազեցնում է տարածաշրջանում նոր ռազմական ճգնաժամի հավանականությունը։ Հայաստանի համար սա կարևոր է նաև այն պատճառով, որ Իրանը շարունակում է մնալ Հայաստանի հարավային սահմանների անվտանգության և տարածաշրջանային հաղորդակցությունների առանցքային գործոնը։
Միաժամանակ, այստեղ կա ևս մեկ կարևոր հանգամանք. Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապագայի շուրջ մրցակցությունը դառնում է ավելի ինտենսիվ, և, երբ Իրանը պահանջում է, որպեսզի ԱՄՆ միջնորդությամբ ձևավորվելիք ԹՐԻՓՓ պրոյեկտը չստեղծի որևէ սպառնալիք Իրանի շահերի համար: Ուստի այս տեսանկյունից ևս երկխոսությունը կարևոր է: Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի շահերը խաչվում են տրանսպորտային նոր ուղիների շուրջ: Բիշքեկում Ալիևի և Փեզեշքիանի հանդիպումը, հետևաբար, պետք է դիտարկել նաև այդ ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության շրջանակում։
Հետևաբար՝ Բիշքեկի հանդիպման գլխավոր ուղերձը ոչ այնքան այն է, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որքան այն, որ Իրանը և Ադրբեջանը, գտնվելով բարդ և երբեմն հակասական շահերի պայմաններում, փորձում են չկորցնել վերահսկելի իրավիճակը։ Իսկ Հայաստանի համար սա կարևոր ազդանշան է. Հարավային Կովկասի ապագան ձևավորվում է ոչ միայն Երևան-Բաքու հարաբերություններով։
Այն կախված է նաև այն բանից, թե ինչպես կդասավորվեն Իրան-Ադրբեջան, Իրան-ԱՄՆ, Թուրքիա-Ադրբեջան և Հայաստան-Իրան հարաբերությունները։ Եթե Մերձավոր Արևելքում պատերազմական ճակատն ընդլայնվի, Հարավային Կովկասը կարող է դառնալ դրա աշխարհաքաղաքական հետևանքների հաջորդ կարևոր գոտին։

