ՆԶՊ չսովորելուց է, որ գնում են բանակ՝ չեն իմանում ինչ անել, դիրքերի կորուստ, զոհեր, գերիներ ենք ունենում. Քաղաքացիները՝ ԿԳՄՍ փոխնախարարին
Հանրակրթության նոր չափորոշիչով պարտադիր է դառնում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գործնական բաղադրիչը՝ ճամբարը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 24-ին գրել էր ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս տարի Տավուշի մարզում այն փորձարկվել է 11-րդ դասարանցիների համար։ Մյուս ուսումնական տարվանից ճամբարը գործելու է բոլոր 11-րդ դասարանցիների համար»,- տեղեկացրել էր նա։
Տավուշում երեխաներին դասավանդող ռազմական ոլորտի մասնագետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ճամբարը ենթադրում է գործնական աշխատանք, սակայն շատ ինֆորմացիա կարելի է երեխաներին հենց դպրոցում տալ:
«Առաջին օգնություն և այլ կարևոր տեղեկություն երեխաները կարող են ստանալ դպրոցում, սակայն դա մեծամասամբ չի արվում: Ճամբարը եղել է 10 օրով, և ավելի երկար հնարավոր չէր լինի: Կամ պետք է համապատասխան պրոֆեսիոնալ մասնագետների քանակը շատ լինի, որ այդ ամենը կարողանան իրականացնել»,- ասաց մեր զրուցակիցը:
Մի շարք օգտատերեր էլ Ֆեյսբուք սոցիալական ցանցում արձագանքելով ճամբարի մասին ԿԳՄՍ փոխնախարարի գրառմանը՝ նշել են, որ ՆԶՊ չսովորելուց է, որ գնում են բանակ՝ չեն իմանում՝ ինչ անել, դիրքերի կորուստ, զոհեր, գերիներ ենք ունենում: Ոմանց կարծիքով՝ կարևոր է նաև, ճամբարից բացի, դասասենյակներն արդիականացնելը, համապատասխան գործնական պարապմունքների համար պայմանների բարելավումը:
«ՆԶՊ-ն պիտի ցածր դասարանից պարապեն։ Իսկ շաբաթը մեկ պիտի բոլորին տանեն կրակելու»,- առաջարկել է օգտատերերից մեկը:
Մյուսն էլ, թե՝«Զենքից օգտվելը լավ բան է, բայց 2020 թվականի աղետը ցույց տվեց, որ նոր ժամանակներում 1-ին զենքը դա քիմիան է, ու մեր դպրոցներում պետք է երեխաներին նախ սովորեցնեն, որ քիմիան զենք է, ինչպես դա անում են մեր հարևան Իրանում, ֆիզիկան, մաթեմատիկան՝ նույնպես, եթե ճիշտ հաշվարկ չանես, երբեք կրակածդ արկը ճիշտ տեղում չի ընկնի և այլն…: Մենք պետք է այլևս զոհի կարգավիճակում ոչ թե պաշտպանվելու մասին մտածենք, այլ ստեղծելու այն զենքերը, որոնք մեզ կպաշտպանեն, և թույլ չեն տա մեր վրա հարձակվել»։
Հավելենք, որ նոր չափորոշիչի համաձայն՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 10-րդ դասարանի լրամշակված ծրագրում նշված է, որ հիմնական նպատակն է՝ ձևավորել պատկերացումներ նոր զինատեսակների կիրառման, ռազմավարական և մարտավարական ճակատամարտի ելքերի վերաբերյալ, կարևորել ազգի նվիրյալների, զինված պայքարի դերն ազգի և երկրի պաշտպանության գործում։
Բովանդակության մեջ նշված են հետևյալ առաջնահերթությունները. 17-րդ դարում Սյունիքի ազատագրական պայքարը։ Դավիթ Բեկի և նրա զինակիցների ռազմավարությունն ու մարտավարությունը: Ֆիդայական շարժումը։ Անդրանիկ զորավարի մարտավարությունը։ 1-ին աշխարհամարտը։ Կամավորական շարժումը։ Հայկական լեգեոնը։ Հայկական բանակը 1918-1920 թթ.: Մայիսյան հերոսամարտերը։ Լեռնահայաստանի ազատագրական պայքարը՝ Գարեգին Նժդեհի մարտավարությունը: Պետք է նաև համակարգել և դասարանին ներկայացնել ազգի նվիրյալների դերը՝ երկրի պաշտպանության և ազատագրական պայքարի գործում, սկսած հին դարաշրջանից՝ մեր օրեր: