
«Ամեն հայի հաշվարկով՝ մոտ 2000 դոլարի պարտք է վերցրել այս կառավարությունը բոլորիս անունից». Նարեկ Կարապետյան
«Ո՞ւմ հաշվին են կառուցվում ճանապարհներն ու դպրոցները․ ինչ է պետական պարտքը» վերտառությամբ հերթական տեսաուղերձով է հանրությանը դիմել «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
«Այսօր ուզում եմ պատմել, թե ինչ «լավ» բաներ է արել «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանի համար,- տեսանյութում նշել է Նարեկ Կարապետյանը, ապա այս համատեքստում անդրադարձել դպրոցների շինարարության թեմային,- Իշխանության գալուց հետո այս կառավարությունը շարունակեց նախորդ կառավարության տարիներին մեկնարկած գործը՝ դպրոցների ու մանկապարտեզների վերակառուցումը։
Սա շատ ճիշտ ծրագիր է ու պետք է, քանի որ երկիրը սեյսմիկ գոտում է։ Հիմնական խնդիրը, որ այդտեղ կա, պրոյեկտներն են, որոնք չափից դուրս ավելի բարդ ու թանկացված են փոքր շրջանների համար, մոդուլային դպրոցների համար։ Հաջորդ խնդիրը, որ կա, կառավարումն է»։
Խոսելով մեր շատ հայրենակիցների՝ այս հարցով կառավարությանն ուղղված երախտագիտության դրվագների մասին, հանրային ու քաղաքական գործիչը մանրամասնել է, թե կառավարությունն իրականում ինչ դերակատարում է ունեցել այս շինարարությունների համատեքստում։
«Դպրոցները մինչև 2024 թվականը նորմալ պրոյեկտներով շարունակվում էին․ վերցվում էր վարկ, երկիրը ներգրավում էր վարկ և իրականացվում էր դպրոցների շինարարություն։ Ամեն ինչ լավ էր գնում… այստեղ հայտնվեց մեր երկրի ղեկավարը և 2024 թվականին որոշեց այցելել դպրոցներ։ Եվ տեղի ունեցավ հայտնի «կախիչ օպերացիան»․ նա քաշեց կախիչը, այն ընկավ, խիստ նկատողություններ տվեց պատկան մարմիններին, քաղշին կոմիտեի ղեկավարին աշխատանքից ազատեց, և այդ խստության արդյունքում մենք ունեցանք մի շատ կարևոր փոփոխոություն։
Այդ շոուից հետո մի ամսվա ընթացքում մրցույթների գները մի դպրոցի հաշվարկով թանկացան մեկ միլիոն դոլարով․ ամեն դպրոց, որն առաջ կառուցվում էր 900 միլիոն դոլարով, սկսեց կառուցվել նույն պրոյեկտով՝ 1,4 միլիարդ դոլարով։
Սիրելի՛ հայրենակիցներ, ոչ մի բան չի փոխվել այդ երկու պրոյեկտներում, փոխվել է միայն 1 բան՝ երկրի ղեկավարը եկել ու տվել է սխալ իմպուլս գործարարներին։ Նա ասել է՝ եթե ինչ-որ աշխատանք լավ որակի չի արվում, խառնվելու են ուժայինները։ Գործարարներն արձագանքելու մի ձև ունեն՝ նրանք վերանայում են գները․ ինչքան խստացնում է պետությունը ճնշումը գործարարների վրա, այդքան գները, գործարարը, որպես իր ռիսկի հաշվարկ, բարձրացնելու է»,- մանրամասնեց Նարեկ Կարապետյանը։
Ըստ նրա՝ այդ հայտնի դեպքից հետո մինչ օրս 128 դպրոցի մրցույթ է տեղի ունեցել և 128 դպրոցի մեջ մեր երկիրը 120 մլն դոլար փող է կորցրել միայն կախիչ օպերացիայի համար։
«Շատ թանկ նստեց մեզ վրա կախիչ օպերացիան և շատ թանկ է ամեն անգամ նստում մեզ վրա մեր երկրի ղեկավարի էմոցիոնալ պահվածքը։ Հարյուրավոր են այն օրինակները, երբ պետական կառավարիչները սխալ որոշումների հետևանքով տասնյակ-միլիոնների վնաս են տվել պետությանը, և նրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրա համար»,- հավելեց «Տաշիր» խմբի փոխնախագահը և շեշտեց պատասխանատվություն կրելու մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունը՝ աշխատավարձերի ֆոնդերի աճ, կամ նվազման տարբերակով։
Կառավարության հաջորդ «ձեռքբերմանը»՝ ճանապարհաշինության դրվագին անդրադառնալով էլ նա լավ ցուցանիշ որակեց Հայաստանում տարեկան կառուցվող շուրջ 500 կմ ճանապարհները, սակայն հիշեցրեց Վրաստանի կառավարության օրինակը․ Վրաստանում ուղղակի իներցիայով, առանց իրենց համար հիմնական նշաձող դնելու՝ 1000 կմ ճանապարհ է կառուցվում։
«ՀՀ կառավարությունը կառուցում է 500 կմ ճանապարհ և այդ մասին թմբկահարում է ամեն անկյունում․ ճանապարհ կառուցելը հերոսություն չէ, մեծ կառավարչական ձեռքբերում չէ, դա նորմալ է, ամեն կառավարություն պետք է կառուցի ու պետք է կառուցի ավելի շատ։
500 կմ-ն ամենամեծ պոտենցիալը չէ ՀՀ-ի համար, որի համար 3 մլն մարդ պետք է ընտրի մի կուսակցություն, որը բազում խնդիրներ է բերել մեր հայրենիքին»,- շեշտեց գործարարը։
Անդրադառնալով հնարավոր դիտարկումներին, թե ամեն դեպքում, մարդիկ դպրոց ու ճանապարհ են սարքում․ ի՞նչ էին անում նախկինները, Նարեկ Կարապետյանը փաստական արձանագրում արեց․ «ՀՀ անկախության 27 տարվա ընթացքում՝ մինչև 2017 թվականը, ՀՀ-ն վերցրել էր ընդամենը 6 մլրդ դոլարի պետական պարտք, դրանից հետո 7 տարվա ընթացքում, որը 27-ից քիչ է շուրջ 4 անգամ, այս իշխանությունը վերցրել է ևս 6 միլիարդ դոլարի պարտք։ Ամեն հայի հաշվարկով՝ մոտ 2000 դոլարի պարտք է վերցրել այս կառավարությունը բոլորիս անունից»։
Մանրամասները՝ տեսանյութում