
«Նախկինում ո՞ւմ մտքով կանցներ նման բան ասել կամ անել, ո՞վ իրեն թույլ կտար հայտարարել, թե «Արցախն Ադրբեջանի մաս է»»

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Լիճք գյուղը տարեցտարի դատարկվում է, վերջին տարիներին՝ առավել ևս։ Գյուղում քիչ երիտասարդներ են մնացել, բոլորը ձգտում են գյուղից դուրս գալ, որպեսզի աշխատանք գտնեն ու աշխատեն, այդ պատճառով էլ գյուղում մնացած բնակիչների 90 տոկոսը տարեցներ են։
Գյուղի միակ դպրոցն էլ, արդեն 2 տարի է, փակվել է։
Գյուղի նախկին ղեկավար Հովիկ Միրզոյանի խոսքով՝ գյուղում 2 տարի առաջ քիչ երեխաներ էին, դրա համար դպրոցը փակեցին, 2 տարի անց գյուղում երեխաների թիվն ավելի նվազեց, գրեթե երեխա չկա։
«Տարեց գյուղ է, 45 բնակիչներով։ Կան բնակիչներ, որ դուրս են եկել գյուղից, գնացել են Կապան, Ագարակ, որ աշխատեն։ Մեր գյուղում ընդամենը 2 ընտանիք է անասուն պահում, տարեց մարդիկ են բոլորը, ի վիճակի չեն անասնապահությամբ զբաղվել։
Գյուղում մեկ պոլիկլինիկա կա, մեկ բուժքուր, ով աշխատում է և՛ մեր գյուղի համար, և՛ հարևան Տաշտուն գյուղի համար։
Տաշտուն գյուղում ևս դպրոց չկա, դպրոցն այնտեղ փակվել է։ Արցախից այդ գյուղում մի 3 ընտանիք է վերաբնակեցվել, հիմա այդ երեխաներն ամեն օր ավտոբուսով իջնում են Մեղրի, որ դպրոց գնան, դասերի ավարտից հետո կրկին ավտոբուսով վերադառնում են գյուղ։
Մեր գյուղ 2 ընտանիք բերեցին Արցախից բռնի տեղահանվածներից, 1 ամիս մնացին ու հեռացան, մնային այստեղ՝ ինչպե՞ս ապրեին, ի՞նչ անեին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Միրզոյանը՝ կիսվելով իր մտահոգություններով՝ կապված Լիճքի, Սյունիքի և առհասարակ ամբողջ Հայաստանի հետ։
Ըստ նրա, որքան էլ ցավալի է, բայց այդ տարածաշրջանում կան գյուղեր, որոնք «ավարտված գյուղեր» են՝ իշխանությունների աչքից հեռու խորտակվում են։
Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղում ապրող մարդիկ մի լավ օրի չէին, հիմա էլ ասպարեզ բերեցին «Թրամփի ուղու» հետ կապված քննարկումները, որը ՀՀ իշխանությունը պատրաստվում է կյանքի կոչել։
Այս համատեքստում Հովիկ Միրզոյանի մոտ պարզապես ծիծաղ է առաջացնում Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հռչակած «կրթվելը նորաձև է» արշավը, երբ Երևանում նրանք նման քարոզ են տանում, իսկ մարզերում դպրոցներ են փակվում։
«Այդ ամենն ընդամենը անհեթեթություն է։
Մենք լեռնային գոտում ենք, մեր գյուղը բավականին հեռու է սահմանից, բայց այնպես չէ, որ տեղի ունեցողն այստեղ ապրող ժողովրդին չի հետաքրքրում, բոլորն էլ դրան դեմ են, ի՞նչ գիտենք՝ ինչ է, ու ի՞նչ գիտենք, որ դրանից հետո ավելի մեծ վտանգ չի սպառնալու բոլորիս։
Կամ՝ ուզում են Արցախի մասին առհասարակ չհիշել, բա այդպիսի բան կարելի՞ է՝ մոռանալ ու ուրանալ Արցախը։
Նախկինում ո՞ւմ մտքով կանցներ նման բան ասել կամ անել, նախկինում մտածելակերպն այսպես չէր, ո՞վ իրեն թույլ կտար հայտարարել, թե «Արցախն Ադրբեջանի մաս է»»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա վստահ է՝ որքան էլ ՀՀ իշխանությունը խաղաղություն քարոզի, միևնույն է՝ հայն ու ադրբեջանցին չեն կարող իրար հետ խաղաղ ապրել, այսինքն՝ ադրբեջանցին չի կարող հայի կողքին խաղաղ ապրել։
«Այս կառավարությունից ես որևէ սպասելիք չունեմ, առավել ևս՝ իրենց կայացրած որոշումներից, դրանք բոլորն էլ ինքնագլուխ կայացրած որոշումներ են։ Իզուր չեն ասել, որ «եթե ուզում ես թուրքի հետ խաղաղ ապրել, ուրեմն փայտը ձեռքիդ պետք է պահես»։
Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ կարիք ունի հզոր, ուժեղ ղեկավարի, Հայաստանը պետք է հզորանա, որ կարողանա հաջողությունների հասնել։ Երկրի հզորացումը կախված է նաև երկրի ղեկավարից, որը պետք է ուժեղ լինի, այսօրվա ղեկավարը չունի այդ հատկանիշները, հեռու է դրանցից»,- շեշտեց Հովիկ Միրզոյանը։