
Ղազախ միլիարդատերը բանկ է բացում Վրաստանում

Ղազախ 37-ամյա միլիարդատեր Թիմուր Տուրլովը մտադիր է բանկ բացել Վրաստանում։ Այս տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ հրապարակել է Ղազախստանի Forbes լրատվամիջոցը։
Աղբյուրի համաձայն՝ Թբիլիսիում նախ կգրանցվի FBG Company ընկերությունը, այնուհետև կփորձի ստանալ համապատասխան լիցենզիա Վրաստանի կենտրոնական բանկից։ Լիցենզիայի ստացումից հետո ընկերությունը կվերափոխվի առևտրային բանկի և կվերանվանվի Freedom Bank Georgia (Ազատության բանկ Վրաստան)։
Սա կլինի Freedom Bank Kazakhstan (Ազատության բանկ Ղազախստան)-ին կից ընկերություն։ Նշված է, որ Freedom Bank Kazakhstan-ն անցած տարի արդեն հիմնադրել է կից բանկ Տաջիկստանում, որը ներկայումս գործում է տեխնիկական ռեժիմով։
Ֆինանսական ակտիվներով Freedom Bank Kazakhstan-ը Ղազախստանի բանկային համակարգում զբաղեցնում է 10-րդ տեղը։ Forbes-ի տվյալներով՝ 2025 թ. օգոստոսի 1-ի դրությամբ նրա ընդհանուր ակտիվները կազմում էին 2,2 տրիլիոն ղազախական տենգե, ինչը ավելի քան 4 միլիարդ ամերիկյան դոլար է։
Freedom Bank Kazakhstan-ի հիմնադիրն ու 70% բաժնեմասի տերը Թիմուր Տուրլովն է, որը Ղազախստանի գործարարների շարքում հարստությամբ երկրորդ, իսկ ազդեցությամբ՝ չորրորդ տեղում է։
Հիշեցնենք, որ Տուրլովը ծնվել է Ռուսաստանում և կրթություն ստացել Մոսկվայի ավիացիոն տեխնոլոգիաների համալսարանում՝ տնտեսագիտության կառավարման ոլորտում։ Forbes-ի տվյալներով՝ 2025 թ. նրա կարողությունը կազմում է 5,8 միլիարդ դոլար։