Վայրէջք կկվի բնի վրայով. «գժի թղթով» պետությունը

Մեղսունակությունը, որ առողջապահական ու դատավարական իմաստով անձնային հատկանիշ է, կիրառելի է նաև համակարգերի, այդ թվում՝ պետության պարագային:

Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ անհատական ու համակարգային անմեղսունակության միջև գործում է ուղիղ, միագիծ կապ: Հոգեկան առողջության իրական կամ հնարովի խնդիրներ ունեցող անձը երկրի ղեկավարի պաշտոնում անմեղսունակ է դարձնում պետությունն ինքնին:

Իշխանության գալուց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմում հպարտանում էր, որ միջազգային գործընկերների հետ շփումներում իրեն «գժի տեղ է դնում»՝ ղարաբաղյան հարցի իբրև թե հայանպաստ լուծման համար: Արցախն այլևս  հանձնված է ու հայաթափված, բայց գժականը՝ բառի ամենաուղիղ իմաստով, այլևս դարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ մեկ բնութագրիչը:

Քաղաքական ընդդիմախոսների հետ պայքարում Նիկոլ Փաշինյանն ադրբեջանա-թուրքական թեզերը տարածելով՝ կիրառում է այնպիսի բառամթերք, հատում է այնպիսի կարմիր գծեր, որ նրան համարժեք պատասխանելու համար դիմացինները պետք է խնդիրներ ունենան ոչ միայն մարդկային ու քաղաքական քաղաքավարության, դաստիարակության, այլ հենց հոգեկան առողջության հետ:

Կարդացեք նաև

Բայց խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան՝ նրա քաղաքական ընդդիմախոսներն են, այլ այն, որ ներքաղաքական օրակարգի «գժականացումն» ազդում է հասարակության ու որպես հետևանք՝ պետության վրա՝ ստեղծելով անմեղսունակության համընդհանուր մթնոլորտ: Քաղաքականության մեջ հաջողություն ունենալու, առավել ևս՝ քաղաքական պայքարում հաղթելու համար այլևս անհրաժեշտ են ոչ թե գաղափարներ, ծրագրեր, ինտելեկտուալ աշխատանք, այլ հնարավորինս անմեղսունակ լինելու կամ այդպիսին ձևանալու կարողություն:

Ընտրություններն այդպիսով վերածվելու են յուրատեսակ «գժի թղթերի» պայքարի, որոնցում ցանկացած մեկի հաղթանակը լինելու է պետության պարտությունը:

Բացառված չէ, նույնիսկ շատ հնարավոր, որ ներկայումս սրացման փուլ մտած խելապակասությունը նախընտրական հաշվարկված տեխնոլոգիա է՝ հասարակության՝ իրեն հարգող հատվածին ընտրություններից վերջնականապես հեռու պահելու և ընտրությունները միայն «սնուցող մայրերին ու լուռ նահապետերին» թողնելու նպատակով: Բայց դա չպետք է պատրվակ դառնա հասարակության առողջ ու բանական մասի համար՝ քաղաքականության ու ընտրությունների վրա թքած ունենալու վարքագիծն արդարացնելու իմաստով, որովհետև գժին ուղղակի հանդուրժելը մի բան է, նրան պետության ու սեփական երեխաների ճակատագիրը վստահելը՝ անմեղսունակության շատ ավելի ցցուն արտահայտություն:

«Հանուն Ղարաբաղի գժի տեղ դնելու» փաշինյանական քաղաքականությունը հանգեցրեց Արցախի կորստին: Ինչի՞ է հանգեցնելու «հանուն Հայաստանի ինքնիշխանության գժի տեղ դնելու»  նրա արդեն հրապարակային վարքագիծը՝ կախված է ոչ այնքան նրա խելացնորության աստիճանից կամ դա բեմադրելու վարպետությունից, որքան հանրության հավաքական մեղսունակությունից՝ թույլ չտալու Հայաստանը վերջնականապես վերածել «գժի թղթով» պետության:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս