«Թրամփի ուղին» «Զանգեզուրի միջանցքով» անարգել անցում կապահովի. Ալիև

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է իր «երկարատև խաղաղության տեսլականը», որը նա նկարագրել է որպես տարածաշրջանային հաղորդակցությունների վրա կառուցված, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին» (TRIPP) է, որը կապահովի Զանգեզուրի միջանցքով անարգել անցումը և կամրապնդի տարածաշրջանային կապերը», – ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ օգոստոսյան ԱՄՆ կատարած այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները «պատմական նշանակություն ունեն»։

Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում նոր գլուխ բացելու, հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու որոշման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար»։

Ալիևը հայտարարել է, որ Թրամփի որոշումը՝ կասեցնելու 1992 թվականին Ադրբեջանի դեմ կիրառված պատժամիջոցները «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածով, «նույնպես պատմական քայլ է»։

Նա հավելել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից 907-րդ հոդվածի վերջնական չեղարկումը «կվերջացնի կրկնակի ստանդարտների ժառանգությունը և կամրապնդի վստահությունն ու համագործակցությունը այն ժամանակ, երբ Ադրբեջանը նպաստում է համաշխարհային անվտանգությանը և կայունությանը»։

Տեսանյութեր

Լրահոս