«Խնդիր պետք է լինի ոչ թե անխուսափելի պատերազմից խուսափելը, այլ այդ պատերազմին պատրաստվելն ու հաղթելը». Վարդան Ոսկանյան
«Բաքվի բռնապետը պատրվակ է փնտրում պատերազմ սկսելու համար: Եթե դա իրականություն է, իսկ ես կարծում եմ, որ իրականություն է, ապա ի՞նչ պետք է անի պետությունը կառավարող վերնախավը, եթե դա պետություն է՝ պատրաստվի պատերազմի, որովհետև եթե խոսքը գնում է պատրվակի մասին, այդ պատրվակը վաղ թե ուշ կգտնվի»,- այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահի քաղաքականությունից:
Ոսկանյանն ասաց, որ եթե, ի վերջո, ուժերի բալանսը դառնա այնպիսին, որ Բաքվի բռնապետը վստահ լինի իր գործողության հաղթական ու արդյունավետ բնույթի մեջ, նա դրան կգնա:
«Հետևաբար, խնդիրը պետք է լինի ոչ թե պատրվակներից խուսափել փորձելը, այլ այդ անխուսափելի պատերազմին պատրաստվելն ու այդ պատերազմում հաղթելը: Մենք դա պետք է անեինք երեկվանից, որովհետև սին է դուրս եկել այն մտայնությունը, որ եթե մենք Ադրբեջանի ցանկությունները բավարարենք, ապա ամեն ինչ կվերջանա: Այժմ Ադրբեջանը ստացել է իր երազածից ավելին, բայց այդ ախորժակը բացվել է: Հետևաբար՝ մենք պետք փոխենք մեր մտայնությունը մեր պետության ու թշնամու նկատմամբ»,- ասաց նա:
Անդրադառնալով մերձավորարևելյան զարգացումներին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մերձավորարևելյան տուրնեից հետո մասնավորապես հուլիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ԻԻՀ, որտեղ սպասվում են նրա բանակցություններն Իրանի ու Թուրքիայի նախագահների հետ և դրա անդրադարձին Հարավային Կովկասի ու Հայաստանի վրա, իրանագետն ասաց, որ եթե մենք փորձենք դիտարկել տարածաշրջանային խնդիրները, ապա պետք է նկատի ունենանք չափազանց կարևոր մի փոփոխություն՝ նախկին միաբևեռ աշխարհն այլևս գոյություն չունի, և մենք ստացել ենք նոր տիպի աշխարհակարգ, եթե դա արդեն կարելի է այդպես կոչել:
Ըստ նրա, համենայն դեպս դրա սկզբնամասում ենք, որտեղ աշխարհը բաժանվել է մի քանի բևեռի:
«Կան տարածաշրջանային գերտերություններ, որոնք կոնկրետ տարածաշրջաններում ունեն հսկայական դեր, ազդեցություն և կշիռ, դրանցից է ԻԻՀ–ն, որը մեր հանդեպ բարեկամական պետություն է, և թե ցավալիորեն Թուրքիան, որը ակնհայտ թշնամական կազմավորում է այս տարածաշրջանում, հաշվի առնելով ՀՀ շահերը: Յուրաքանչյուր գործընթաց, որում ներգրավված կլինի ՀՀ դաշնակիցը՝ ՌԴ-ն և մեր բարեկամը ԻԻՀ-ն և մեր թշնամին՝ Թուրքիան, պետք է հետաքրքիր լինի մեզ: Ակնհայտ է, որ այդ երեք պետությունների ղեկավարները Թեհրանում քննարկելու են ոչ միայն Մերձավոր Արևելքին վերաբերող խնդիրներ, այլև Հարավային Կովկասին: Հարավային Կովկասն ինքնին ըստ էության այժմ կարելի է համարել Մերձավոր Արևելքի մի մաս, հաշվի առնելով Թուրքիայի ներկայությունը, և այստեղ էլ տեղի է ունեցել խոշոր փոփոխություն, մեր տարածաշրջանում՝ հետխորհրդային տարածքը փոխել է իր կարգավիճակը՝ դառնալով մերձավորարևելյան բազմաշերտ խնդիրների հատվածներից մեկը: Դա մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թուրքական ներկայությամբ: Խնդիրների մի խումբը վերաբերելու է Սիրիային, Իրաքին, Աֆղանստանին, այլ կետերում ընթացող գործընթացներին, բայց կարծում եմ՝ ուշադրությունից դուրս չի մնալու Կովկասը, այդ թվում՝ նաև Արցախյան հիմնախնդիրը, որովհետև երեք պետություններն էլ ներգրավված են, այսպես կոչված, 3+3 ձևաչափում»,- ասաց նա:
Հուլիսի 7-ին Հայաստան էր ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ով իր այցը սկսել էր՝ հայտարարելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած քայլի, որը հանգեցնում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության: Այս ուղերձի հասցեատերը, ըստ Ոսկանյանի, ադրբեջանաթուրքական տանդեմն է:
«Մենք շատ էինք տխրում, երբ Իրանը, մեղմ ասած, խոսում էր տարածքային ամբողջականության սկզբունքի մասին: Հիմա կարծես թե մեզանում մեր հանրությունը որոշակի հանգստության զգացում է ապրում, երբ Իրանը խոսում է տարածքային ամբողջականության մասին»,- ասաց Ոսկանյանը՝ շարունակելով, որ այդ այցի նպատակն առաջին հերթին վերաբերում էր տարածաշրջանի անվտանգությանը: Առաջարկում ենք զրույցի մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով: