Ռազմավարական դադա՞ր, վերադասավորո՞ւմ, թե՞ պատերազմի դադար. Թրամփը երկարաձգում է հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պակիստանի խնդրանքով երկարաձգում է Իրանի հետ ապրիլի 8-ին հաստատված երկշաբաթյա հրադադարը, որի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին։ Նշվում է՝ հրադադարը երկարաձգվում է անորոշ ժամկետով:

Truth Social հարթակում Թրամփը գրել է, որ Իրանի վրա հարձակումները կկասեցվեն, մինչև այդ երկրի «առաջնորդները և ներկայացուցիչները կարողանան միասնական առաջարկով հանդես գալ»։ Միևնույն ժամանակ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի։

«Հետևաբար, ես մեր զինված ուժերին հրահանգել եմ շարունակել շրջափակումը և ամեն առումով մնալ պատրաստ և կարողունակ։ Հրադադարը կերկարաձգվի այնքան ժամանակով, մինչև նրանք առաջարկ ներկայացնեն, և քննարկումներն ավարտվեն՝ այս կամ այն կերպ»,- հավելել է Թրամփը։

Մեկ այլ գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը չի ցանկանում, որ Հորմուզի նեղուցը փակ մնա, քանի որ դրա պատճառով օրական 500 միլիոն դոլար է կորցնում։ Թրամփի խոսքով՝ եթե Իրանի ծովային շրջափակումն ավարտվի, ապա նրանց հետ «երբեք գործարք չի կնքվի, մինչև մենք չպայթեցնենք նրանց երկրի մնացած հատվածը, այդ թվում՝ նրանց ղեկավարներին»։

Կարդացեք նաև

Իրանի գյուղատնտեսության նախարարն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը քիչ ազդեցություն է ունեցել երկրի՝ հիմնական ապրանքներ և սնունդ մատակարարելու հնարավորության վրա՝ նշելով ներքին արտադրության բարձր մակարդակը և ներմուծման այլընտրանքային ուղիները։ «Չնայած ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակմանը, մենք խնդիր չունենք հիմնական ապրանքների և սննդի մատակարարման հարցում, քանի որ երկրի մեծության շնորհիվ հնարավոր է ներմուծումներ կատարել տարբեր սահմաններից»,- հայտարարել է գյուղատնտեսության նախարարը:

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը X-ում իր և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին Իրանի հետ հրադադարը երկարաձգելու համար՝ նշելով, որ դա թույլ կտա շարունակել դիվանագիտական ջանքերը։ Նա հույս է հայտնել, որ երկու կողմն էլ կշարունակեն պահպանել հրադադարը և Իսլամաբադում նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում խաղաղության համապարփակ համաձայնագրի կհասնեն։

Չնայած ԱՄՆ-ի կողմից հրադադարի երկարաձգմանը՝ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը հայտարարել է, որ իրանական զինուժը Հորմուզի նեղուցում կրակել է երկու բեռնատար նավի վրա, որոնցից մեկը լրջորեն վնասվել է:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին Իրանի հարավային հարևաններին սպառնացել է ոչնչացնել նրանց նավթային արդյունաբերությունը, եթե այդ երկրների տարածքն օգտագործվի Իրանի վրա հարձակումների համար։

Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ Մերձավոր Արևելքում ստեղծվել է մի փխրուն հավասարակշռություն, որտեղ կողմերը փորձում են խուսափել լայնածավալ պատերազմից՝ միաժամանակ պահպանելով առավելագույն ճնշման լծակները։ Թրամփի որոշումը՝ երկարաձգել հրադադարը, բայց պահպանել ծովային շրջափակումը, դասական «մտրակի և բլիթի» քաղաքականություն է, որն ունի մի քանի ռազմավարական շերտեր։

168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Վաշինգտոնի կողմից իրանական առաջարկին սպասելը նման է ռազմավարական դադարի, որը հնարավորություն կտա հասկանալ՝ ինչպես վարվել հետագայում և ընդհանուր առմամբ վերադասավորվել, վերանայել զարգացումների հետագա սցենարները։

Նրա խոսքով, այս փուլը նույնպիսի փուլ է նաև Թեհրանի համար, որն իր դիմակայությամբ կարողացավ հասնել այս որոշման: Միևնույն ժամանակ, վերլուծաբանի կարծիքով, պատերազմի այս վերջին փուլով ԱՄՆ ներկայիս վարչակազմը հասկացավ, որ ուղիղ ռազմական բախումն անկանխատեսելի հետևանքներ է ունենում համաշխարհային տնտեսության, մասնավորապես՝ էներգակիրների շուկայի համար:

«Սպասելով Իրանից առաջարկի՝ ԱՄՆ-ը գնդակը նետում է Թեհրանի դաշտ։ Այս ամենի հետ մեկտեղ՝ ԱՄՆ-ը համոզմունք ունի, որ շրջափակումը մեծ վնասներ է հասցնում Իրանին, ուստի ավելի նպատակահարմար է ոչ թե անձամբ պատերազմի վրա ծախսել մեծ միջոցներ, այլ շրջափակմամբ հյուծել Իրանին: Սակայն այս հաշվարկի վերաբերյալ նեղ մասնագետները տարբեր կարծիքներ են հայտնում: Մեկ այլ կարևոր հանգամանք էլ այն է, որ հաշվի առնելով Պակիստանի միջնորդությունը, ԱՄՆ-ը իր դաշնակիցներին ցույց է տալիս, որ նրանց հաշվի է առնում: Սա կարևոր է Պարսից ծոցի երկրների հետ պատահած զարգացումներից հետո ԱՄՆ-ի հեղինակության և որպես դաշնակից՝ հեղինակության անկման ֆոնին»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Նա չի գտնում, որ սա պատերազմի դադար է, կողմերը փորձում են պահպանել միմյանց նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը՝ առանց լայնածավալ ռազմական բախումների, որոնք կարող են ամեն պահի վերսկսվել:

«Առանց թեժ ռազմական գործողությունների, սակայն, պատերազմական իրավիճակը, մթնոլորտը պահպանվում է՝ իր բոլոր ռիսկերով: Բնականաբար, եթե այս դադարի ընթացքում հնարավոր չլինի գտնել գործարքի ինչ-որ հնարավոր բանաձև, իրավիճակը կդառնա շատ ավելի վտանգավոր: Այնուամենայնիվ, Իրանում, հաշվի առնելով բանակցելու նախկին փորձերը, հասկանում են, որ պարզապես բանակցության մասնակցելով՝ որևէ հարց չի լուծվում, բանակցությունն ագրեսիայից չի ապահովագրում, ուստի կա ճանապարհ, որը պետք է անցնել և գալ հարաբերությունների նոր իրավիճակի»,- ասաց նա:

Հարավային Կովկասի և այլ ռեգիոնների համար, նրա խոսքով, այս ամենը նշանակում է այն, որ լարվածությունը հարևանությամբ պահպանվում է նույն ծավալով, որը ենթադրում է պատասխանատու արտաքին քաղաքականություն և ճիշտ հավասարակշռման քաղաքականություն Արևելքի ու Արևմուտքի միջև:

«Իրանի շուրջ լարվածությունն ուղղակիորեն պրոյեկտվում է Հարավային Կովկասի վրա, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվում են բարդ ընտրության առջև՝ ունենալով հարևան Իրան, որը կարծր դիրքորոշումներ ունի, և գործընկեր ԱՄՆ հարաբերությունների մի փուլում, երբ ԱՄՆ-ը միջնորդ է ռեգիոնում և մեծ պրոյեկտներ է փորձում իրականացնել:

Հարավային Կովկասի համար սա նշանակում է բարձր զգոնության շրջան։ Մինչ գերպետությունները սպասում են միմյանց առաջարկներին, տարածաշրջանային փոքր խաղացողները ևս պետք է իրենց համապատասխան հետևություններն անեն, դիրքավորվեն ու պատրաստ լինեն հնարավոր բոլոր սցենարներին:

Բնականաբար, այս ռեգիոնում Իրանի համար խնդրահարույց հիմնական թեման ամերիկյան ակտիվությունն է Հարավային Կովկասում, խոսքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ուղղությամբ ակտիվության, քաղաքական ու լոգիստիկ պրոյեկտներում մասնակցելու մասին է, որոնք, բոլորին հայտնի է, որ մտահոգում են Թեհրանին: Այսօր այդ մտահոգությունն ավելին է լինելու, հետևաբար՝ այդ մասով խնդիրներն Իրանի հետ ավելին են լինելու: Եվ, թե ինչպես են ռեգիոնում համադրվելու Իրանի ու ԱՄՆ-ի շահերը»,- նշեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930