Կենտրոնական բանկի ու կառավարության ջրերը մի առվով չեն գնում. հակասությունները սրվել են

Կենտրոնական բանկի ու կառավարության միջև նոր հակամարտություն է սկսվել։ Հակասություններն այնքան են սրվել, որ այլևս դուրս են եկել ջրի երես։ Հնչում են փոխադարձ մեղադրանքներ։ Կառավարությունում համաձայն չեն իրականացվող ֆինանսական քաղաքականության հետ, կարծում են, որ Կենտրոնական բանկը խոչընդոտում է տնտեսական գործունեությանը, խնդիրներ է ստեղծում տնտեսվարողների համար։

Կենտրոնական բանկը համաձայն չէ այդ մեղադրանքների հետ։ Համարում է, որ իրենց առաջնային խնդիրը գների կայունությունն է, ինչին ուղղված է իրականացվող ֆինանսական քաղաքականությունը։ Իսկ եթե դրանից տուժում է տնտեսությունը կամ առանձին տնտեսվարողներ, թող կառավարությունը բարի լինի այլ օժանդակության միջոցներ կիրառել։ Բայց կառավարությունը չի ուզում գնալ այդ ճանապարհով ու սլաքներն ուղղում է Կենտրոնական բանկի դեմ։

Այնտեղ են հասել, որ էկոնոմիկայի նախարարը բացահայտ մեղադրանք է հնչեցնում Կենտրոնական բանկի հասցեին։ Հասկանալի է, որ էկոնոմիկայի նախարարն ինքնագլուխ նման բան չէր անի։ Նրա բերանով խոսում է կառավարությունը։

Ամեն բան սկսվեց նրանից, որ դրամն արժևորվեց։ Արժևորումը խնդիրներ է ստեղծել տնտեսության արտահանելի հատվածի համար։ Հատկապես նրանց համար, ովքեր արտաքին շուկաներում աշխատում են դոլարով։ Դոլարի արժեզրկման հետևանքով նվազել են նրանց եկամուտները, որոնք ստանում էին դոլարով։

Որպեսզի արտահանողները չտուժեն՝ էկոնոմիկայի նախարարն ուզում է, որ Կենտրոնական բանկը արժեզրկի դրամը և արհեստականորեն բարձրացնի դոլարի գինը։ Իսկ գնաճը զսպելու համար թող այլ գործիքներ կիրառի։

«Մենք Կենտրոնական բանկի վրա որևէ ազդեցություն չունենք, բայց տեսնում են, որ կա լայն դժգոհություն տնտեսական տարբեր սեկտորներից՝ նման քաղաքականության նկատմամբ։ Մենք սրա միջով մեկ անգամ անցել ենք 2004-2007թթ., և դա ոչ մի լավ բանի չի բերել։ Մշակող արդյունաբերությունը, կարելի է ասել, ոչնչացել է այդ տարիներին։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ չկրկնվի այդ սցենարը։ Մենք քննարկումների մեջ ենք, փորձում ենք գտնել լուծումներ, համոզել գործընկերներին, որ պետք է գտնել գնաճը կանխելու այլ գործիքակազմ, ոչ թե արհեստանականորեն արժևորել դրամը»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Մինչ Վահան Քերոբյանն ուզում է արժեզրկել դրամը, Կենտրոնական բանկը դեմ է դոլարի արհեստական թանկացմանը։ Հայաստանում փոխարժեքները լողացող են, և դրանք ձևավորվում են շուկայում առաջարկ-պահանջարկի հիման վրա։ ԿԲ-ում համարում են, որ տարադրամի այսօրվա փոխարժեքները ձևավորվել են այդ սկզբունքի հիման վրա։ Ավելացել է տարադրամի զանգվածը, ինչն էլ բերել է դոլարի էժանացման ու դրամի ամրապնդման։

Դա բնավ չի նշանակում, թե պետք է արհեստականորեն արժեզրկել դրամը և թանկացնել դոլարը, որպեսզի որոշ տնտեսվարողներ վնասներ չկրեն։ Հակառակ պարագայում՝ բոլորն են տուժելու գների բարձրացման հետևանքով։

Կենտրոնական բանկի նախագահի կարծիքով՝ դրամի թուլացումը կավելացնի գնաճային ճնշումը։ Առանց այդ էլ գնաճը բարձր է ու առաջիկայում շարունակելու է բարձրանալ։ Ուստի նպատակահարմար չի համարվում արհեստականորեն արժեզրկել դրամը։

Կենտրոնական բանկը, իհարկե, դա կարող է անել, բայց առայժմ դիմադրում է։ Դժվար է ասել, թե ինչքան կդիմանա կառավարության ճնշմանը։

Չնայած էկոնոմիկայի նախարարը խոսում է տնտեսվարողների լայն դժգոհությունների մասին, ԿԲ-ում դա չափազանցություն են համարում։ Ազգային արժույթի հետ կապված իրավիճակը խնդիրներ է ստեղծում միայն առանձին վերցրած արտահանման ոլորտներում։

«Ոչ բոլոր հայ արտահանողներն են տուժում դրամի արժևորումից,- ասում է ԿԲ նախագահը։ -Ռուսական ռուբլու նկատմամբ հայկական դրամն արժեզրկվել է։ Ընդ որում, արժեզրկվել է ոչ միայն անվանական փոխարժեքով։ Արժեզրկում է տեղի ունեցել նաև այն պատճառով, որ Ռուսաստանում գնաճը շատ ավելի բարձր է։ Այսինքն՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանող ընկերությունները, որոնց պայմանագրերը կնքվում են ռուբլով, այսօր միայն շահում են ստեղծված իրավիճակից, քանի որ հայկական դրամը շատ ավելի թույլ է, քան ռուսական ռուբլին»։

Հակադարձելով էկոնոմիկայի նախարարին՝ Կենտրոնական բանկի նախագահը խորհուրդ է տալիս խնդիրներն այլ տեղ փնտրել։ Տնտեսվարողները տուժում են ոչ այնքան դրամի ուժեղացումից, որքան բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներից, որոնք պարտավոր է լուծել կառավարությունը, բայց չի կարողանում։ Փոխարենը՝ փորձում է մեղավորներ փնտրել Կենտրոնական բանկում։

Նման իրավիճակներում կառավարության խնդիրն է՝ լուծումներ գտնել այն ոլորտների համար, որոնք տուժում են դրամի ամրապնդումից։ Դա կարող է լինել տարբեր միջոցներով՝ սկսած սուբսիդավորումից, վերջացրած հարկային բեռի ժամանակավոր թուլացումներով։

Հեծանիվ հորինելու կարիք չկա։ Գործ անելու փոխարեն ուրիշներին մեղադրելը հեշտ է։

Էկոնոմիկայի նախարարը 2004-2007 թվականներն է վերհիշել, բայց մոռացել է ասել, որ այդ տարիներին Հայաստանը գտնվում էր տնտեսական զարգացման շատ ավելի լավ վիճակում, քան հիմա է, երկնիշ աճեր էին արձանագրվում։ Այնինչ՝ վերջին չորս տարվա միջին տնտեսական աճը կազմել է հազիվ 2,8 տոկոս։

Կառավարության ու Կենտրոնական բանկի ջրերը մեկ առվով չեն գնում նաև տնտեսական աճի գնահատականների հետ կապված։ Մինչև վերջերս ԿԲ-ն տնտեսական աճի սպասում սահմանել էր 1,6 տոկոսը։ Օրերս բարձրացրեց 4,9 տոկոսի։ Բայց նույնիսկ դա չի գոհացնում կառավարությանը։

«Ես համաձայն չեմ Կենտրոնական բանկի կանխատեսումների հետ, մասնավորապես՝ ՀՆԱ աճի վերջին կանխատեսման հետ, ըստ որի, տնտեսական աճն այս տարի լինելու է 4,9 տոկոս։ Տնտեսական տարվա սկիզբը շատ առույգ էր, հունվարին և փետրվարին 12 տոկոս տնտեսական աճ է տեղի ունեցել։ Բնականաբար, վերջին իրադարձություններն իրենց դրական, թեև նաև մեծ բացասական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսական գործունեության մեջ։ Այնպես որ, այստեղ ասել, որ տնտեսությունը վերականգնվել է Կենտրոնական բանկի նշած պատճառներով, սխալ է։ Տնտեսությունը վատ չի եղել, և մենք բնավ համաձայն չէինք ԿԲ նախորդ կանխատեսման հետ։ Հիմա էլ տարակարծիք ենք։ Կարծում եմ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բյուջեով նախատեսված տնտեսական աճն ամենաքիչը ապահովենք և դրանից ավել, ինչ հնարավոր է»,- սա էկոնոմիկայի նախարարի հերթական խայթոցն է՝ ուղղված Կենտրոնական բանկին։ Թեև միշտ չէ, որ այս մարդու ասածների մեջ տրամաբանություն կարելի է գտնել։ Անցած տարի էլ խելքից դուրս աճերից էր խոսում, հետո պարզվեց՝ դրանք տնտեսությանն օպտիմիզմ հաղորդելու նպատակ են ունեցել։

Տարեսկզբին տնտեսության ի՞նչ առույգության մասին է խոսում էկոնոմիկայի նախարարը։ Այն, որ ամանորյա տոները կրճատելու և աշխատանքային օրերն ավելացնելու արդյունքում տնտեսական աճ է եղել, դա ոչ մի կապ չունի տնտեսության առույգության հետ։ Հայտարարություններ անելուց առաջ լավ կլիներ, որպեսզի էկոնոմիկայի նախարարը նայեր մեր տնտեսության աճի կառուցվածքը, նոր հայտարարություններ աներ։ Արդյունաբերության չնչին աճն ու գյուղատնտեսության անկո՞ւմն է տնտեսության առույգության արտահայտությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս