«Նախկինների թալանը» որպես քաղաքական վահան՝ այլևս չի աշխատում

Ինչո՞ւ է իշխանությունը փորձում նորից վախեցնել նախկիններով

Ընտրությունների մոտենալուն զուգընթաց՝ կրկին ակտիվացրել են խոսակցությունները նախկինների թալանի վերաբերյալ։ Ժամանակին նախկինների թալանը շահարկելով՝ եկան իշխանության։ Ուզում են այս անգամ էլ դրանով խաբել ժողովրդին։ Մոռացել են, որ այն ժամանակները, երբ ինչ ուզում՝ ասում էին, ժողովուրդն էլ հալած յուղի տեղ էր ընդունում, վաղուց արդեն անցել են։

8 տարի է՝ նույն սկավառակն են պտտում նախկինների թալանի վերաբերյալ, բայց թալանը հետ չի գալիս։ Փոխարենը՝ իրենց թալանն է ջրի երես ելնում։ Ութ տարի բյուջեն թալանելով են զբաղված։ Նախկիններն անգամ կերազեին այդպիսի պրոֆեսիոնալ ձևերով բյուջեն դատարկելու մասին։ Այդքանից հետո հույս ունեն, թե մարդիկ կհավատան նախկինների թալանի վերաբերյալ հյուսած հեքիաթներին։ Հատկապես որ, այդ թալանի վերադարձն այդպես էլ չեն տեսնում, առավել ևս՝ չեն զգում արդյունքը։

Մինչդեռ՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանն այնքան ստեր էր հորինել նախկինների աստղաբաշխական թալանի մասին, որ մարդիկ հավատացել էին ու նրան իշխանության բերելուց հույս ունեին, թե գալու է վերադարձնի նախկինների թալանածն ու բաժանի իրենց։ Ութ տարում ոչ միայն թալանից փայ չստացան, այլև չտեսան, թե որտեղ է թալանի վերադարձը։

Կարդացեք նաև

Տարիներ շարունակ ինչ-որ միլիարդների մասին են խոսում, իսկ վերադարձրածը չնչին գումարներ են։

Հինգ տարում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից, ապօրինի գույքի բռնագանձումների շրջանակներում, ընդամենը 14.5 մլն դոլարին համարժեք գույք ու գումար է հետ բերել։

«Վարչության՝ 2020-2025 թվականների աշխատանքներն ամփոփելով՝ նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով և հաշտության 9 համաձայնություններով՝ այս պահի դրությամբ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 միլիարդ 411 միլիոն 112 հազար 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 միլիոն 100 հազար դրամ և 1 միլիարդ 13 միլիոն 281 հազար դրամ:

Այսպիսով, միայն  Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք և դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի»,- մարտի սկզբին տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստում արձանագրել է Գլխավոր դատախազությունը:

Սա է ամբողջը։ Ու քանի որ ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը, քարոզական փուչիկից դուրս, ձախողել են, ինչի մասին իրենց հրապարակած տվյալներն են խոսում, որոշեցին իրավիճակն այլ կերպ փրկել՝ հետ գնացին մինչև 2018թ.։

Բայց դա էլ փրկություն չէր։ Հերթական մանիպուլյացիան էր, որով փորձեցին խաբել քաղաքացիներին։

«Դատախազությունում վերլուծվել են 2018-2025 թվականների՝ քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում, Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները:

Ըստ այդ ցուցանիշների՝ 2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի (շուրջ 773 միլիոն դոլարի) գույք և դրամական միջոց, որից 65.8 տոկոսը կամ շուրջ 193 միլիարդ դրամի (շուրջ 504 միլիոն դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023-2025 թվականներին»,- ապօրինի ծագում ունեցող գույքի «մեծածավալ» վերադարձի տխուր տրամադրությունները ցրելու համար, մի քանի օր անց էլ այսպիսի հայտարարություն տարածեցին։

Համատարած ու աստղաբաշխական «թալանի» վերաբերյալ պարբերաբար շրջանառվող հայտարարությունների ֆոնին, 8 տարում 773 միլիոնի վերադարձը, ընդունեք՝ չնչին գումար է։ Հատկապես որ, դրա մեծ մասը գույք է, որն իրենց հայտնի մեթոդներով՝ հաշվարկել են դրամով ու ստացել նման թիվ։

Բայց դա էլ ամբողջը զավեշտը չէ։ Այն, ինչի մասին ասվում է՝ պետությանը, համայնքներին հասցված վնասների վերականգնման վերաբերյալ, միշտ էլ եղել է։ Մինչև ՔՊ-ականների իշխանության գալն էլ, տարեկան այդպիսի միլիարդավոր դրամների հասնող վնասների վերականգնումներ էին արվում։ Թող տպավորություն չստեղծվի, թե միայն հիմա է այդպես։

Դա պրոցես է, որը դատախազության աշխատանքի մի մասն է կազմում, ու այս առումով արտառոց ոչինչ տեղի չի ունեցել։ Հայտարարվող 773 մլն դոլարի հասնող գույքային ու դրամային վնասի վերականգնումը սովորական երևույթ է։ Խոսքն ընդամենը օրինախախտումների հետևանքով պետությանը պատճառված վնասի վերականգնման մասին է։ Այլ բան, որ հիմա միայն նախկինների «անօրինականություններն ու թալանն» են տեսնում, իրենցը չեն տեսնում կամ չտեսնելու են տալիս։

Իրենք որ չտեսնելու են տալիս, կարծում են՝ ժողովուրդն էլ չի տեսնում։

Օրը ցերեկով կողոպտում են պետական բյուջեն։ Իրենք որոշում են, որ բյուջեի հաշվին իրենց պիտի 20-25 հազար, երբեմն էլ՝ մինչև 30 հազար դոլարի հասնող պարգևավճարներ տան։

Միայն լրացուցիչ պարգևավճարներով կամ խրախուսումներով, 3 ամսվա ընթացքում ավելի քան 21 մլն դոլար են բաժանել պետական պաշտոնյաներին։ Առանձին պաշտոնյաներ այդ 3 ամսվա ընթացքում 2 փուլով ընդհուպ մինչև 45-50 հազար դոլարի հասնող գումարներ են ստացել։

Սա պետական միջոցների թալան չէ՝ ի՞նչ է, ինչ անուն էլ սրան դնեն։ Ոչ մի տարբերություն չկա, թե ինչպես են թալանում պետական միջոցները։

Վաղուց արդեն կորել է այսօրվա կառավարիչների օրոք բաժանված պարգևավճարի հաշվարկը։ Բայց խոսքը հաստատ հարյուրավոր միլիոն դոլարների մասին է։

Իրենց համար հարմար օրենքներ են ստեղծել, որպեսզի թալանեն պետական միջոցները։

Նախկինների թալանից են խոսում. 8 տարում գրեթե 1.2 մլրդ դոլար են հանել պետական բյուջեից՝ իրենց բնակարանների հարցերը ուծելու համար։ Մեկի տեղը՝ երբեմն մի քանի բնակարան են գնել պետության հաշվին։

Մի՞թե թալան չէ այն, երբ պետական բյուջեի միջոցներն աջ ու ձախ շռայլում են, ու ոչ մեկը, այդ թվում՝ իրավապահ մարմինները, չեն փորձում ձեռքները բռնել։ Միլիարդների չարաշահումների ու վատնումների մասին է խոսքը։ Իրենց թալանը չեն տեսնում, ընտրություններից առաջ նախկինների թալանի վերաբերյալ հազար անգամ կրկնված սկավառակը կրկին սկսել են պտտել, նախկին «թալանչիների» վերադարձով են փորձում վախեցնել։ Չեն հասկանում, որ դրանով այլևս չեն կարող խաբել ժողովրդին։ Իրենք վաղուց անցել են նախկիններին ու, եթե ժողովուրդը զգուշանալու առիթ ունի, պիտի առաջին հերթին իրենցից զգուշանա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031