Ֆրանսիական «Պատվո լեգեոնն»՝ ընդդեմ թյուրքական «Ոսկե արծվի». Փաշինյանի «սիրուն նամակը»՝ հարված Պապիկյանի՞ն
Մարտի 27-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայից տեղեկացրեց, որ նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով իրեն շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշան, որը հանձնել է վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ հաշվի առնելով Պապիկյանի ներդրումը Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում։
Նշենք, որ Սեբաստիան Լըկորնյուն Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում 2024 թվականի փետրվարին այցելել էր Հայաստան:
Ինչևէ, Պապիկյանի հրապարակած այս տեղեկությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը «սիրուն նամակների» շարքից հետևյալ գրառումն արեց ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով.
«Այսպիսի սիրուն նամակ:
Բարև Ձեզ պարոն Վարչապետ, խնդրում եմ Ձեր միջնորդությունը դիտարկելու ինձ հերթական կոչում (գեներալ-մայոր) շնորհելու խնդրանքը։ Կոչումով գնդապետ եմ։
Կանխավ շնորհակալ եմ»:
Բանակը մշտապես ատող, բանակից մշտապես վախեր և բարդույթներ ունեցող անձի այս գրառումը բազմաշերտ է, այն մի քանի տողատակ ունի:
Առաջին, սա, թերևս, սովորական՝ փաշինյանական խանդ է: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, ով 2025 թվականին Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից պարգևատրվել էր թյուրքական պետություն Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ», իսկ 2026 թվականին էլ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը կիսել էր Ալիևի հետ, շատ կցանկանար ունենալ նաև Ֆրանսիայի պես երկրի բարձր պարգև:
Բայց արի ու տես, որ մինչև Փաշինյանը Երևանում հայտարարում է, որ ինքն իրեն հաշիվ է տալիս, թե ինչ պետություն է Ֆրանսիան, և սովորաբար ինքն է հանդիպում խնդրում Ֆրանսիայի ղեկավարից, իր կուսակից Պաշտպանության նախարարը Մակրոնի հրամանագրով «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանի է արժանանում: Այն նույն Մակրոնի, որը թեև Նիկոլ Փաշինյանին 2025 թվականին փոխանցել էր Ֆրանսիայի համերաշխությունը՝ ընդդեմ հայկական ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի, սակայն Հայաստան խոստացված և չկայացած այցեր ունի, միշտ Փաշինյանն է այցելել Ֆրանսիա և խնդրել հանդիպում Մակրոնի հետ:
Նշենք, որ մենք բազմիցս գրել ենք Սուրեն Պապիկյանի՝ Փաշինյանի և յուրայինների կողմից թիրախավորվելու մասին, թերևս, այդ շարքից էր նաև գնդերեցների դեմ պարտադրված պայքարը:
Եթե Սուրեն Պապիկյանին թվում էր, կամ թվում է, որ Փաշինյանն իրեն խնայելու է կամ անվերապահ վստահելու է, որովհետև կուսակիցն է, իսկ իրեն նախորդած նախարարները, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետերը թիրախավորվել են, որովհետև քաղաքական կամ կուսակցական թիմի անդամ չեն եղել կամ ընկալվել, կամ էլ ի սկզբանե Փաշինյանը չի վստահել նրանց, սխալվում է:
Փաշինյանն ինքն է ընտրել պաշտպանության նախկին բոլոր նախարարներին էլ, ԳՇ պետերին էլ, և սկզբում առնվազն հրապարակավ բարձր է գնահատել, վստահել է, բայց ինչ-որ պահի այդ վերաբերմունքն ու վստահությունըհօդս է ցնդել: Այլ հարց է, որ Փաշինյանի կողմից նախարարական այդ ընտրությունները եղել են կոնկրետ ժամկետով և առաքելության համար:
Երկրորդ, վերը նշվածի տրամաբանության մեջ շարունակենք, որ Փաշինյանի այս գրառումը վտանգավոր է, որովհետև եթե անգամ իրականում նման նամակ չկա էլ, ապա սա վատ նախադեպ և ազդակ է, որ կարելի է շրջանցել Պաշտպանության նախարարին, նրա լիազորությունները, կոպիտ ասած՝ «թռնել գլխի վրայով»:
Ի դեպ, Փաշինյանից առաջ նման մի փորձ արել էր ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը, երբ հարցազրույցներից մեկում ասել էր, թե կարող են իրեն դիմել քաղաքացիները և ինքը կկազմակերպի, որ նրանք տեսնեն ձեռք բերված սպառազինության նմուշները (դեռ հրապարակային ցուցադրության մասին տեղեկություն չկար), և ոչ մի խոսք Սուրեն Պապիկյանից թույլտվություն ստանալ-չստանալու մասին: Այսինքն, ընդդիմադիր շրջանակներին դասեր տվող ՔՊ-ականները, իշխանության ղեկավարը հենց իրենք չեն հարգում իրենց նախարարի պաշտոնական կարգավիճակը:
Իսկ ինչ է սահմանում օրենքը զինվորական կոչումների շնորհման հետ կապված, առհասարակ:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հերթական զինվորական կոչման մասին 15-րդ հոդվածը սահմանում է՝ «զինվորական կոչում շնորհելու կարգը, ներկայացման և զինվորական կոչում շնորհելու հրամանների ձևերը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը»: Իսկ նույն օրենքի «Զինվորական կոչում շնորհող մարմինները» վերտառությամբ 16-րդ հոդվածում նշվում է.
«1. Զինվորական կոչում շնորհում են`
1) Հայաստանի Հանրապետության նախագահը` բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումները` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ.
2) պետական լիազոր մարմնի ղեկավարը` ավագ սպայական և «լեյտենանտ» զինվորական կոչումները.
3) պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք` սույն մասի 2-րդ կետում չնշված մյուս սպայական, ենթասպայական, շարքային կազմերի զինվորական կոչումները, ինչպես նաև վաղաժամկետ կամ զբաղեցրած զինվորական պաշտոնով նախատեսված զինվորական կոչումից մեկ աստիճան բարձր զինվորական կոչումները` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական իրավունքի սահմաններում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությանը կցվում են բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը և պետական լիազոր մարմնի ղեկավարի (պետական լիազոր մարմին է համարվում ոլորտը ղեկավարող կառույցը՝ նախարարությունը և ոչ միայն.- Մ.Պ.) համապատասխան միջնորդությունը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին»:
ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի 11-րդ հոդվածում էլ հստակ նշվում է՝
– «Վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում» խրախուսանքը կիրառվում է հրամանով և զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետի ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում` օրենքով սահմանված կարգով,
– «հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում» խրախուսանքը կիրառվում է հրամանով և զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետն ու դրա ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում` օրենքով սահմանված կարգով,
– խրախուսանքների հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով»:
Իհարկե, պետք է նաև հասկանալ, որ ոչ բոլոր գնդապետներն է, որ պարտադիր պետք է դառնան գեներալ, նամակը գրել է բանակից հեռու մարդ:
Ամեն դեպքում, բացի նշվածներից, գործ ունենք բանակային սուբորդինացիայի խախտման, դրան մղելու և պետական ինստիտուտների նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքի հետ, եթե չասենք՝ սա բանակի, զինվորականության նսեմացման և հեղինակազրկման հերթական փորձն է:
Սա արտահայտվել է նաև նրանով, որ քանի տարի է՝ Նիկոլ Փաշինյանը Նոր տարվա նախօրեին չի գնում մարտական հենակետեր՝ զինվորներին և սպաներին շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու: Իսկ բանակի օրը նա ՀՀ պաշտպանության նախարարություն այցելում է զուտ գեներալներին դասեր տալու, սեփական օրակարգը թելադրելու նպատակով, ինչը նաև այս տարի է եղել, որի համատեքստում դարձյալ Սուրեն Պապիկյանին մեսիջ կար:
Իսկ բանակի և զինվորականության թիրախավորումը Փաշինյանի կողմից սկսվել է անմիջապես 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այս մասին մի շարք դրվագներ է հիշում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ «Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գրքում:
Չմոռանանք, որ 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերն իրենց հայտարարության մեջ խոստովանել էին, որ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»: Այլ հարց է, որ այդ պահանջի տակ ստորագրածներից որոշները պաշտոնական առաջխաղացում ունեցան բանակում:
Բայց այս դեպքից հետո է, որ Փաշինյանը բանակի կառավարման մոդել փոխեց հակասահմանադրական քայլով և ԳՇ պետին դարձրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ինչը հուշում է նրա ունեցած վախերի մասին: Հետաքրքիր է (այս մասին բազմիցս գրել ենք), որ Փաշինյանը նույնիսկ Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակից է ժամանակ առ ժամանակ վտանգներ տեսել: Մասնավորապես, 2024 թվականի գարնանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր.
«2021 թվականի փետրվարին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման տապալված փորձը: Մենք տեղի ունեցածից դասեր ենք քաղել և պետք է լրացուցիչ մեխանիզմներ որդեգրենք Զինված ուժերի քաղաքականացման հետագա բոլոր փորձերը բացառելու համար»:
Վերադառնանք գեներալի կոչում ստանալ ցանկացող առնվազն հրապարակավ անանուն «սիրուն նամակին», և հավելենք, որ մի առիթով գրել ենք նաև Փաշինյանի՝ «ավանսով հերոսներ» ճանաչելու և համապատասխան կոչումներ շնորհելու քաղաքականության մասին:
Իսկ նամակի իրական լինել-չլինելը դեռ պետք է պարզել, ի դեպ, Փաշինյանի համապատասխան գրառման տակ մենք առաջարկել ենք հանրայնացնել նամակը և այն գրողի ինքնությունը, նույն հարցով հրապարակավ դիմել ենք ՀՀ պաշտպանության նախարարին, ու հետամուտ ենք լինելու ճշմարտությունը հանրայնացնելու հարցում: Իսկ ինչ վերաբերում է Սուրեն Պապիկյանին, ապա նրան դեռ շատ բարդ օրեր են սպասվում:






