Բաժիններ՝

Տերը չի բնակվի մեր մեջ, եթե սրտում տեղ չունենանք. Ծաղկազարդ

Նրա գալուստը ոչ թե երկրավոր կյանքի, այլ հավիտենականի մասին է

«Տերը եկավ ավանակի վրա նստած, և մարդիկ ընդառաջ գնացին Նրան՝ դիմավորելով իբրև թագավորի, Մեսիայի, որը պետք է նրանց ազատեր հռոմեական լծից:

Օրեր անց այդ մարդիկ պահանջեցին խաչել Նրան, որովհետև հուսախաբ եղան: Քրիստոս չէր եկել մարդկանց ազատելու հռոմեական լծից, և ժողովուրդը որոշեց ազատել Բարաբբային՝ կարծելով, որ գուցե նա սկսի ազատագրական պայքարը: Քրիստոսի գալուստը ոչ թե երկրավոր, այլ երկնավոր կյանքի, հավիտենականի մասին էր:

Մենք ևս սպասելով Տիրոջ գալստյանը, հաճախ մտածում ենք, թե պետք է լուծում ստանան մեր խնդիրները, պետք է լավ ապրենք, բայց հիշենք՝ նյութեղենն անցողիկ է: Աստված ցանկանում է, որպեսզի մարդը դառնա դեպի երկինք, ժառանգի հավիտենականությունը, և Հիսուս խաչը բարձրացավ մեր բոլորի մեղքերի համար»:

Կարդացեք նաև

Դիմավորե՛նք Քրիստոսին՝ իբրև Երկնային Թագավորի

«Օրվա պատգամը՝ դիմավորել Քրիստոսին իբրև Երկնային Թագավորի, ոչ թե երկրային։ Մենք պետք է հավատքի մեջ ամուր լինենք և ընդառաջ գնանք, դիմավորենք Նրան ուրախությամբ, ցնծությամբ՝ «Օվսաննա՜» բացականչելով։ Երբևիցե պետք չէ վախենալ՝ հետևելու Տիրոջը, որքան էլ ծանր լինի ճանապարհը, հիշենք Հոբի օրինակը, հիշենք առաքյալներին, որոնց մեծ մասը սկզբում փախավ, բայց Տիրոջ Հրաշափառ Հարությունից հետո ամրապնդվեց հավատի մեջ։ Անձը, որը կնվիրվի Աստծուն, Նրա հետ կշարունակի իր ճանապարհը, կարժանանա փրկության»:

Տերը չի բնակվի մեր մեջ, եթե մեր սրտում տեղ չունենանք

«Մենք Տիրոջը դիմավորում ենք պահեցողությամբ, մեր անձը քննելով, մտածելով՝ ի՞նչ ենք արել այս ընթացքում կամ ի՞նչ սխալներ են գործել: Պահեցողությունը մարդու հոգու, մտքի մաքրության համար է:

Եթե շարունակ բամբասենք ու դիմացինին դատապարտենք, մեր սրտում տեղ չունենանք, Տերը չի բնակվի մեր մեջ: Մարդիկ կարող են հպարտանալ, թե պահք են պահում, բայց դատապարտեն դիմացինին, ըմբոստանան, չարանան, չարախոսեն, դա պահք չէ: Չես կարող չսիրել քո եղբորը, բայց ասել, թե պահք ես պահում:

Պետք է խոնարհ լինենք, սիրենք ու ծառայենք մեր դիմացինին: Մեր Տերը խոնարհվեց, որպեսզի մենք բարձրանանք դեպի երկինք։ Այսօր թվում է, թե բոլորը շարունակ շտապում են, սակայն ոչինչ չեն հասցնում: Կարծես բոլորը կորցրել են իրենց անդորրը, շարունակ բարկանում են, չեն հասցնում ընկալել, թե ինչ է տեղի ունենում: Երբ մենք սկսում ենք ապրել հոգևոր կյանքով, ընթերցում ենք Սուրբ Գիրք, կարողանում ենք շատ բան ընկալել և շատ բան փոխել մեր կյանքում»:

Ի՞նչ ենք փոխել մեր կյանքում, ո՞ւմ ենք օգնել, ո՞ւմ հետ ենք հաշտվել

«Մենք սպասում ենք մեր Տիրոջը, որպեսզի դիմավորենք Նրան, չդավաճանենք ու չփախչենք։ Երբ Ծաղկազարդի օրը եկեղեցիներում բացվում է վարագույրը, և մենք մոտենում ենք Սուրբ Հաղորդությանը, մտածենք՝ ի՞նչ տվեցին մեզ այս քառասուն օրերը, ի՞նչ ենք փոխել մեր կյանքում, ո՞ւմ ենք օգնել, ո՞ւմ հետ ենք հաշտվել, ո՞ւմ ենք ներել: Զղջմամբ, հավատով ու երկյուղով մոտենանք Սուրբ Հաղորդությանը»։

Յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր քայլերի համար

«Կարևորը Ծաղկազարդին ճյուղ տուն հասցնելը չէ, որովհետև ոչ թե ճյուղը կփրկի մարդուն, այլ ճշմարիտ գիտակցությունը: Պետք է գիտակցենք, որ ունենք հնարավորություն դեպի երկինք բարձրանալու, և յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր քայլերի համար: Պետք է հասկանանք՝ ո՞վ է Տերը մեր կյանքում»:

Պատրաստեց Անի Ավագյանը

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031